Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնատար անձին. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018թթ-ին զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում:
2019թ. փետրվարին Ա. Մ.-ն բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների համար նախատեսված հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել, որպեսզի Ս. Օ.-ն կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Ա. Մ.-ն հավաստիացրել է, որ այդ դեպքում Ս. Օ.-ի և Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, և արդյունքում բժշկական կենտրոնի տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ Ս. Օ.-ի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրեն Ա. Մ.-ի միջև:
Արդյունքում, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: