Զոհրաբ Մնացականյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Փետրվարի 25-ի Ժնեւում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջեւ տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ երկխոսության եւ համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ։
Մտքեր փոխանակվեցին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու եւ ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերի շուրջ:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին եւ բացթողումներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց մարդու իրավունքների համընդհանուր բնույթը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ու խրախուսումը եվրոպական մայրցամաքի ողջ տարածքում, ներառյալ հակամարտության գոտիներում։
Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրեց նաեւ Հայաստանում կառավարության կողմից նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։