Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսին ու դեմ է ծովում Թուրքիայի գործողություններին
Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսին ու դեմ է ծովում Թուրքիայի գործողություններին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին, տեղեկացնում է haber7.com կայքը:
«Ֆրանսիան Միջերկրական և Էգեյան ծովերում լարված իրավիճակը կայունացնելու համար ցանկանում է Հունաստանի կողմից լինել»,-հայտարարել է Փերլին, գրում է Թերթը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ կողմերը ընդգծել են իրենց վճռականությունը` երկու երկրների միրև պաշտպանական համագործակցությունը շարունակելու գործում:
Փարլին նշել է նաև, որ եվրոպացի գործընկերների հետ միաձայն դատապարտում են Թուրքիայի կողմից կատարված ապօրինությունները:
Անդրադառնալով Լիբիայի հարցին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված համաձայնագրի կապակցությամբ և նշել է, որ այդ համաձայնագիրը վտանգի տակ է դնում տարածաշրջանային անվտանգությունը: Փարլին հավելել է, որ այդ համաձայնագիրը անհամատեղելի է միջազգային իրավունքի նորմերի հետ:
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների պատճառով: Թուրքիան հորատման աշխատանքների համար Կիպրոս էր ուղարկել Yavuz նավը, իսկ նոյեմբերին Թուրքիայի փոխնախագահը հայտարարել էր, որ Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքներ կսկսի Fatih նավը:
Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: