ՀՀ-Հնդկաստան տանդեմն՝ ընդդեմ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռանկյունու

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք նա արել է վերջերս Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ:


Էրդողանն ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանի նիստում՝ քաշմիրցիների պայքարը համեմատել Է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օտարերկրյա տիրապետության դեմ իր երկրի պայքարի հետ:


Թուրքիա-Պակիստան հարաբերությունները տասնամյակներ շարունակ ակտիվորեն զարգանում են՝Անկարայի համար Իսլամաբադն իր ռազմավարական դաշնակիցն է ասիական տարածաշրջանում, միջուկային տերություն է, ինչպես նաև սուննիական կարևոր երկիր:


Պակիստանում թուրքական շահերը բազմազան են՝գեոպոլիտիկ, տնտեսական, կրոնական, ռազմա-տեխնիկական և այլն: Պակիստանում գործում է թուրք-պակիստանյան PakTurk դպրոցների և քոլեջների ցանց, որտեղ սովորում է ավելի քան 10.000 մարդ: Դա թուրքական soft power-ի մի մասն է Պակիստանում:Տարեկան միլիոնավոր պակիստանցիներ այցելում են Անկարա և Ստամբուլ:


Պակիստանը Թուրքիա է արտահանում հիմնականում բամբակ, կաշի, տեքստիլային տարբեր արտադրանք: Թուրքիան Պակիստան է արտահանում մեքենաշինական արտադրանք, մետաղներ և այլն:


Տնտեսական համագործակցությանը զուգահեռ ակտիվ են նաև ռազմական կապերը: Թուրքիայում պատրաստվում են պակիստանյան ռազմա-օդային ուժերի օդաչուներ: 2018թ.-ին Պակիստանն Անկարայի հետ պայմանագիր է ստորագրել MILGEM նավերի ձեռք բերման շուրջ՝ռազմա-ծովային ուժերի կարիքների համար:
Երկրները համագործակցում են անօդաչուների արտադրության ոլորտում: 2019թ.-ին կայացել են թուրք-պակիստանյան համատեղ զորավարժություններ:


Թուրքիա-Պակիստան տանդեմի հարաբերությունների խորացման հիմքում ընկած է նաև կրոնը՝երկրները սուննիական աշխարհի խոշոր երկրներն են: Պակիստանն ու Թուրքիան նաև Իսլամական ութնյակի(D-8 Organization for Economic Cooperation) անդամ են:


Թուրք-պակիստանյան տանդեմն ակտիվորեն համագործակցում է նաև Ադրբեջանի հետ: Ադրբեջանը Պակիստանի հետ խորացնում է կապերը ռազմա-քաղաքական և էներգետիկ հարթություններում: Բաքուն Իսլամաբադից գնում է զենքեր, իսկ Պակիստանի համար հետաքրքիր են ադրբեջանական նավթն ու գազը, ինչպես նաև աշխարհագրական դիրքը՝Կովկասում գեոպոլիտիկ էքսպանսիայի համար Պակիստանն օգտագործում է ադրբեջանական լոգիստիկան:


Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան կոալիցիան ունի նաև հակահայկական ուղղվածություն՝թուրք-ադրբեջանական տանդեմը շրջափակում է ՀՀ-ն ու Արցախը, իսկ Պակիստանը ղարաբաղյան հարցի պատճառով չի ճանաչել և չունի դիվանագիտական կապեր ՀՀ-ի հետ: Պակիստանը միջազգային բոլոր ատյաններում պաշտպանում է ադրբեջանական դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:


Ի հակադրություն այս կոալիցիայի կամ այս գեոպոլիտիկ եռանկյունու ազդեցությունը բալանսավորելու համար ՀՀ-ն պետք է խորացնի կապերը Հնդկաստանի հետ, որն ունի լարված հարաբերություններ Պակիստանի հետ և ինչպես երևում է Քաշմիրի հարցում Անկարայի դիրքորոշումից շուտով լարվելու են նաև Թուրքիա-Հնդկաստան հարաբերությունները:


Գեոպոլիտիկ մրցակցության առումով Պակիստանը հենվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վրա տարածաշրջանում և Հնդկաստանն այս կոնտեքստում կարող է հենվել ՀՀ-ի վրա՝հնդկական ներդրումները կարող են օգնել հայկական տնտեսությանը: Բացի այդ, հնարավոր է զարգացնել նաև ռազմական կապեր, ինչպես նաև ՀՀ-ն դառնա Հնդկաստանի դարպասը դեպի Կովկաս ու ԵԱՏՄ-ն:
Հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվացնի գեոպոլիտիկ կապերը Հնդկաստանի հետ՝բալանսավորելու համար Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռանկյունու հակահայկական ռազմավարությունը:


Վարդան Վարդանյան


 


 


 


 


 


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...