VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 105 մլն դոլարի գումար: Սա պաշտոնական տեղեկություն է։ Իսկ ո՞վ եւ որքա՞ն գումար է վերադարձրել պետական բյուջե. Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու իր կինը պետական բյուջե են վերականգնել 2,8 մլրդ դրամ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վերականգնել է շուրջ 1 մլրդ դրամ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխհատուցել է 18,5 մլն դոլար. Ալեքսանդր Սարգսյանը նաեւ վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի եւ այլ անձանց կողմից պետությանը պատճառված վնասը՝ 54 մլն դրամ: ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերել է Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.084 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը պետությանը փոխհատուցել է 102 մլն դրամ, իսկ, օրինակ, մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը հարուցված քրեական գործից հետո պետությանը տարածք է նվիրաբերել. «Գոլդեն փելիս» հյուրանոցի համար մինչեւ հիմա, սակայն, գնորդ չի գտնվել: Հավելենք, որ սա վերջնական պատկերը չէ, եւ առաջիկայում նոր հատկացումներ կրկին կարող են լինել»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենսագրությանը ծանոթանալուց ուշագրավ դրվագ հայտնաբերեցինք։ Մասնավորապես, «Վիքիպեդիայի» հայերեն էջում Ռոբերտ Քոչարյանի կենսագրության մեջ դավանանք բաժնում գրված է՝ Հայ առաքելական եկեղեցի, իսկ այս նույն էջի ռուսերեն տարբերակում պարզվում է՝ Քոչարյանը աթեիստ է։ Вероисповедание-Атеист է գրված։ Հիմա հասկանալի չէ՝ Քոչարյանը հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, քրիստոնյա՞ է, թե՞ աթեիստ։ Կամ գուցե իսկապես ալբանացի է, ինչպես հենց ինքը՝ Քոչարյանը հումորով հակադարձում է Տեր-Պետրոսյանին հայտնի տեսանյութում»։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարի ընդամենը 4 ամսում ՊԵԿ գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դարձած Սերժ Սարգսյանի օգնականի թոռը, ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ավելի ցածր օղակում որպես տեսուչ։ Դեռևս անցած տարի մենք գրել էինք, որ ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում, և նշել էինք, թե ինչպես էր Նարեկ Զաքարյանն այդ ճանապարհով նշանակվել ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ: Թե ինչն է եղել նրա զբաղեցրած պաշտոնի իջեցման պատճառը, մեզ չհաջողվեց պարզել։ Իսկ այն, որ Տիգրան Զաքարյանի ու ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի բոլոր չափահաս բարեկամները նրանց շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում, բազմիցս ենք գրել»։
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում իրավիճակը կրկին լարվել է: Վարչություններում և թաղապետարանում համատարած դժգոհության ալիք է հասունանում, բոլորին հոգնեցրել է ահ ու դողով աշխատելը: Այն, որ միմյանց դեմ գործ տալը խրախուսվում է բարձր մակարդակով, այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ շատ զգույշ և օրինական աշխատելու դեպքում՝ որևէ մեկն ապահովագրված չէ, որ «գլխին չեն սարքի», որ գործից հանեն՝ սկզբում քրգործ հարուցելով, ապա արդարացնելով: Բայց այդ ժամանակ արդեն նախկին պաշտոնյան կլինի վարկաբեկված ու դատարկ տաշտակի առաջ: Հենց սրանով էլ պայմանավորված՝ հարմար առիթի դեպքում շատերը պատրաստվում են լքել տաքուկ պաշտոնները: Այնպես որ, առաջիկայում դեռ կլինեն նոր, տհաճ անակնկալներ»:
«Փաստ» թերթը գրում է. «Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային եւ հիասթափվել: Տեղեկություններ ունենք այն մասին, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել First Industrial Zone միջազգային ընկերությունը: 2 փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել առաջին փուլով Հայաստանում կատարել 30 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել 200 աշխատատեղ եւ զբաղվել զրահապատ մեքենաների արտադրությամբ, մեքենաների զրահապատմամբ՝ 5 տարվա հարկերից ազատման թույլտվության պարագայում: Մեքենաների 10 տոկոսը, ըստ առաջարկի, պետք է բարեգործական հիմունքներով տրամադրվեր Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, ԱԻՆ-ին եւ ՊՆ-ին: Սեփականատերերը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ հանդիպումից հետո Փաշինյանը հստակ հրահանգել է կազմել հանձնաժողով եւ աջակցել ծրագրին: Սակայն 2 տարի է արդեն, ինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաեւ այլ հարակից կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը չի կարողանում եզրակացություն տալ, այսինքն, ստացվում է, որ, պատկերավոր ասած, կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի առաջադրանքները: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ թերի աշխատանքից հիասթափված ինվեստորը ծրագիրը որոշել է փակել եւ հեռանալ Հայաստանից: Ստացվում է, այս իշխանությունները մտածում են միայն այսրոպեական ձեռքբերումների մասին, չեն գծում հեռահար պլաններ եւ չունեն հստակ ռազմավարություն, թե ինչ ենք ունենալու մի քանի տարի հետո»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն 2 օր է՝ մեկնարկել է, սակայն «ԱՅՈ»-ի ճակատում անհասկանալի լռություն է։ Պաշտոնապես հայտարարվում է, թե ձևավորվում են տարածքային շտաբներ, տարածքներ են վարձակալվում, քանի որ ՔՊ-ն մարզերում գրասենյակներ գրեթե չունի։ Այսինքն՝ տեխնիկական հարցերը կավարտեն, նոր ակտիվ քարոզարշավ կսկսեն, ըստ ամենայնի՝ փետրվարի վերջերից։ Տեղեկություններ կան, որ իշխանությունը որոշել է հրապարակավ զգուշավոր և հավասարակշռված հայտարարություններ անել, փոխարենը աշխատել «տակից»։ Սպասում են նաև միջազգային կառույցների արձագանքին, ինչը նույնպես որոշակի կդարձնի, թե ինչ տոնայնությամբ կընթանա քարոզարշավը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, սակայն մինչև այսօր քարոզչության կողմերից ոչ ոք որևէ գործողություն չի իրականացրել և չի հայտնել իր ծրագրերի մասին: Եվ ուշագրավն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այս պահի դրությամբ անգամ ծրագիր չունեն, թե ինչ են անելու, որտեղ են իրականացնելու քարոզչություն կամ, առհասարակ, ինչպես են իրականացնելու՝ ինչ լոզունգով, ինչ ասելիքով։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դեռևս տարածքներ են փնտրում, որ շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն, ու ցանկանում են ակտիվ լինել հատկապես մարզերում, քանի որ Երևանի դեպքում քարոզչություն իրականացնելը տեխնիկապես ավելի հեշտ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները փնտրտուքի մեջ են բոլոր առումներով՝ ծրագրի, մարդկային ռեսուրսի, շտաբների ու այն ամենի, ինչը կապված է ընտրական գործընթացի հետ: Մեր տեղեկություններով՝ անգամ «ԱՅՈ» քարոզչության կողմ հանդիսացող պատգամավորներն այս պահի դրությամբ չեն հասկանում՝ կոնկրետ ինչպես են քարոզարշավ իրականացնելու, և ինչ են ասելու քաղաքացիներին: Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Երբ որ սկսի քարոզարշավը, դուք բոլորդ կտեսնեք: Մենք հիմա պատրաստվում ենք քարոզարշավին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով եւ մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների եւ Արտակ Դավթյանի հետ դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված եւ ծանր: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, Դավթյանը կատարվածն իրենց բացթողումը չի համարել: Եվ այս հանգամանքը ներկա պատգամավորների մոտ տարակուսանք է առաջացրել. ի վերջո, դեռեւս 2019 թվականի հուլիսի 4-ին հաստատված կանոնադրության համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է պատասխանատու զորքի հետ կապված ցանկացած հարցի համար: Եվ ավելին, կանոնադրության մեջ սահմանված Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն էլ Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության եւ հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումն է:
Այսինքն՝ Գլխավոր շտաբը եւ անձամբ շտաբի պետը պետք է զբաղվեն նաեւ զորքի հետ տարվող աշխատանքներով, այնինչ երեկվա հանդիպման ժամանակ վերջինս ներկայացրել է այնպես, թե իրենք չեն պատասխանատուն, եւ իրենց մեղավորությունը չէ այս իրավիճակը: Մենք տեղեկացանք նաեւ, որ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դիմել է նաեւ պատգամավորներին, ասել, որ վերջիններս օգնեն իրենց եւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան առկա բացերը լրացնելու համար: Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաեւ հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը եւ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց։ Հավելենք, որ, մեր տեղեկություններով, կառավարությունից Դավթյանին հասկացրել են՝ եթե առաջիկայում կրկին թերություններ արձանագրվեն, ապա վերջինս պետք է ինքնակամ դիմում ներկայացնի եւ հեռանա առանց բացատրության։ Ըստ էության, պատգամավորները հստակ հասկացրել են, որ դժգոհ են Դավթյանից, եւ նրա օրերը հաշված են: Հավելենք, որ Արտակ Դավթյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ եւ նույնիսկ հարցաքննվել է այդ դեպքերի մասով՝ որպես մարտի 1-ի դեպքերի ժամանակ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ենթակա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետի մոտ բանակում խաղաղ պայմաններում մահացությունների աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ քաղաքական որոշում է կայացվել՝ մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ անել։ Հանրաքվեի նախօրյակին քայլեր չձեռնարկելը կարող է խանգարել «այո»-ի հաղթանակին։ Որոշվել է, որ պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ երեկ նա արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը, սակայն «տեխնիկական» պատճառներով չի հայտարարվում այդ մասին։ Հայտնի է նաեւ փոխարինողի անունը՝ Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյան: Քննարկվում էր նաեւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի անունը, սակայն երեկոյան Ջալալ Հարությունյանի թեկնածությունն ավելի իրատեսական էր դարձել։ Սպասվում է նաեւ ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանի պաշտոնանկությունը։ Ինչպես նաեւ՝ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանն անցած տարիների ընթացքում 6 ամիսը մեկ ռեժիմով ԵԽ նախարարական կոմիտեին բանաձեւ է ներկայացրել` ադրբեջանցի փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու անհապաղ պահանջով։ Հայկական կողմի ջանքերով դրանք մերժվել կամ հետաձգվել են։ Տակտիկան հետեւյալն էր․ հայտարարել՝ թող գան, ապրեն, բայց քանի որ Ղարաբաղն իշխանություն ունի, կա մի ճանապարհ` պետք է նրանք եւս մասնակցեն այս քննարկումներին։ Ինչ-որ պահի համաձայնությունը կայացել էր՝ Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը պաշտոնապես մասնակցել էր նախարարական խորհրդի քննարկումներին։ Ավելին` արցախյան կողմը պնդել էր, որ չի կարող ադրբեջանցիների անվտանգությունն ապահովել, որովհետեւ ադրբեջանական դիպուկահարները կանգնած են սահմանին, պետք է նրանց հետ քաշել, ինչն էլ հարցի հետաձգման պատճառ էր դարձել: Հեղափոխությունից հետո Ադրբեջանն այս հարցով որեւէ անգամ չէր դիմել ԵԽԽՎ նախարարական խորհրդին, սակայն 2019-ի դեկտեմբերին կրկին դիմել է, բայց ժամանակ անց պաշտոնապես հրաժարվել եւ հետ կանչել բանաձեւը: Ինչո՞ւ. հնարավո՞ր է հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվածություն ունեն այս հարցով՝ հարցրինք այն օրերին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին։ «Իսկապես տարօրինակ է այն, որ այս փուլում Ադրբեջանն է հրաժարվում․ չեմ կարող հստակ պատճառն ասել, բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը վերաբերում է քաղաքական այնպիսի պայմանավորվածությունների, որոնց պայմաններում Ադրբեջանին ձեռնտու չէր եւս մեկ անգամ ունենալ նախարարների կոմիտեի մերժումը, քանզի չմոռանանք, որ կոմիտեն շատ հեղինակավոր կազմակերպություն է։ Պատմական փաստարկները երբեք չեն կարող հիմք դառնալ, իսկ իրավական մերժումը թույլ չէր տա պայմանավորվածություններն աշխատեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական արգելքների պատճառով Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն չստացած Սամվել Բաբայանը որոշել է Արցախի իշխանությունը վերցնել ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի միջոցով՝ նրան վերցնելով իր անձնական հովանավորության տակ: Բաբայանը հաշվարկել է, որ եղած թեկնածուների մեջ քիչ թե շատ լուրջը Մայիլյանն է: Չի բացառվում, որ այս պլանի մեջ փայատիրական հիմունքներով մասնաբաժին ունի նաև ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանը՝ հաշվի առնելով Քոչարյան-Բաբայան հին կապերը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունը տուրք տալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խարդավանքներին՝ դադարեցրեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները, քրեական գործ հարուցեց նրա դեմ ու ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց կասկածելի պայմաններում շատ երիտասարդ տարիքում հարստացած Արգիշտի Քարամյանին։ «Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, Քարամյանը այդ համակարգում չի փայլում իր պրոֆեսիոնալիզմով։ Ավելին՝ ժամանակի ընթացքում ազատվելով Սանասարյանի կադրերից և համակարգ բերելով իր կադրերին՝ հաջողությամբ «ջրում» է տարբեր կառույցներում հայտնաբերված ստուգումների արդյունքները, կամ հանկարծակի պարզվում է, որ ստուգված կառույցներում ոչ մի խնդիր չկա։ Ասում են, որ նա կարողանում է հատկապես լեզու գտնել նախկինների հետ»։
«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆեյք էջերը հիմնականում օգտագործվում են իշխանություններին քննադատելու համար: Իրականում առաջին հերթին հենց իշխանությունները, ըստ օդում կախված լուրերի, մի ամբողջ «ֆեյքային կայսրություն» ունեն։ Թերթին այս առումով ուշագրավ տեղեկություններ են հասել։ Ըստ այդմ, իշխանության վերնախավը բավականին լուրջ է վերաբերվում սեփական ֆեյքային «բանակն» ունենալու եւ մեծացնելու հանգամանքին, եւ զգալի լուրջ գումարներ են «ներդրվում» այս ուղղությամբ։ Ըստ «ֆեյքային բուրգի» կանոնների, ֆեյքերն ունենում են տարբեր գործառույթներ՝ հայհոյող ֆեյքեր, քաղաքական գիծը պահող ֆեյքեր, լուրջ վերլուծություններ գրող ֆեյքեր, իշխանության տարբեր ներկայացուցիչների գրառումներն ու հայտարարությունները խմբերում տարածողներ ու կիսվողներ եւ այլն։ Թերթին տեղեկություններ են հասել նաեւ, որ ֆեյքերի հետ աշխատանքները կազմակերպելու համար իշխանության համապատասխան ներկայացուցիչները որոշակի պարբերականությամբ հանդիպումներ են ունենում թիմակիցների հետ եւ համապատասխան ցուցումներ տալիս։ Իսկ ընդհանուր առմամբ, «ֆեյքային ֆաբրիկայի» գործունեության հիմնական պատասխանատուն ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը պահելու համար հսկայական գումարներ են ծախսվում: Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ այս ՊՈԱԿ-ի միայն պարգեւավճարները Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում (21 ամիս) կազմել են 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար)»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ հրավիրած նիստում քննարկեց ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ: Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանի՝ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 և 2018 թվականները, որի նպատակն է եղել որոշել, թե ՀՀ պետական պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորո՞ւմ է պետական պարտքի արդյունավետ կառավարում: Սակայն, պարզվում է՝ 8 հիմնական ուղղություններով իրականացված հաշ- վեքննությունը ցույց է տվել, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 37 փաստ, որոնք վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ստուգումներ է իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը մասնավորապես ուսումնասիրել է Երեւանում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, գնահատել է ծախսային եւ նպատակային արդյունավետության ապահովման հարցերը: Արդյունքում արձանագրվել են խմբերի օպտիմալ բաշխվածության եւ ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ: Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոսպիտալացման ենթակա պացիենտներին շտապ բուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել՝ ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ: Եվ ամենակարեւորը՝ որոշ դեպքերում ավելի քան 3 բուժկենտրոնից մերժում ստանալուց հետո սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ ՀՀ մարզերի բջջային ցանցից 1-03 ծառայության ստացված զանգերն ուղղորդվում են Երեւան, այնուհետեւ Երեւանից՝ մարզերի սպասարկող շտապ բուժօգնության միավոր: Հաշվեքննիչ պալատի բացահայտումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ: «Այս խնդիրը առկա է, աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ: Հիմա նոր հրաման կա, ըստ որի՝ հիվանդները կարող են առանց հոսպիտալացվելու հիվանդանոցների անհետաձգելի բաժանմունքներում ստանալ օգնություն»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նախորդ տարի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում խորքային ուսումնասիրություններ է արել: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարցրեցինք. «Բենզինի» և «դիզելային վառելիքի» շուկայում ուսումնասիրությունները նոր բան բացահայտեցի՞ն, թե՞, «սադրենք» Ձեզ, ուսումնասիրություն եղավ... ուսումնասիրության համար»: «Առաջին անգամ մեր կառույցը խոսեց այն մեխանիզմների մասին, որոնք գործում են, խնդիր բացահայտեցինք, որի մասին կարծես չէր խոսվել: Այսինքն՝ Հայաստան բենզին ներկրում է մեծամասամբ 1 տնտեսվարող սուբյեկտ՝ «Ռոսնեֆտ Արմենիան», որը պայմանագիր է կնքում «Ֆլեշի», «Սի Փի Էս-ի» և «Մաքսօյլի» հետ, բայց, այ, «Ռոսնեֆտ Արմենիայի» կամ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերության բեռնափոխադրման պայմանագիրը մենք օբյեկտիվորեն չենք կարղ տեսնել, որովհետև դրանք մեր ռեզիդենտ ընկերությունները չեն: Բայց հիմա աշխատում ենք մեր ռուսաստանցի ու վրացի գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմներն ավելի պարզեցվեն, հստակեցվեն: Այս շուկայի ուսումնասիրությունից հետո խոսեցինք նաև այն մասին, որ մեր բենզալցակայաններից շատերը չեն համապատասխանում օրենսդրական որոշակի պահանջների: Եվ կառավարությունն արդեն հանձնարարել է իր տեսչական մարմիններին, որպեսզի գույքագրեն խնդիրները, ներկայացնեն մեզ…»: