ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Ռիսկային է տնտեսության համար
Մինչ նախագծի ընդումուն Ազգային ժողովում փետրվարի 13-ին, հետաքրքիր բանավեճ ծավալվեց առողջապահական ու տնտեսական խնդիրների մասին:
Տնտեսական ռիսկերի մասին խոսեց «Իմ քայլը» խմբակցությունից Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը. - «Ես ինչպես նախկին դեպքերում, այնպես էլ այս օրինագծի ժամանակ ինքս իմ խղճի, իմ համոզմունքների, իմ սկզբունքների հետ ազնիվ եմ, ու ես գտնում եմ, որ այս տեսքով այս նախագիծը բիզնեսի, տնտեսության համար էական ռիսկեր է պարունակում: Կոշտ լինեինք, հավատացած լինեք, որ մենք այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ բացասական եզրակացության կարժանանար այս նախագիծը Տնտեսական հարցերի հանձնաժողովում:
Բայց խնդիրը հետևյալն է, որ մենք դրական եզրակացություն տվել ենք այն բանի համար, որովհետև չենք ուզում, որ այս նախագիծը տապալվի, մենք չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին, բայց շտկելու բաներ այդտեղ միանշանակ կան»:
Ինչպե՞ս կարելի է խոսել տնտեսության զարգացման մասին՝ ունենալով հիվանդ քաղաքացի, քննարկումների եզրափակիչ ելույթում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը. - «Հիմա մենք այսօր տարեկան 10 տոկոս, բոլոր մահերի մեջ 10 տոկոսը պայմանավորված է ծխախոտի հետ: Այդ 10 տոկոսը թվեր են, հարգելի՛ պատգամավորներ, 3000 մարդ մահանում է տարեկան միայն ծխախոտի հետ կապված, 3000-ը թիվ չի միայն, մարդիկ են», - նկատեց նա:
Նույնիսկ եթե այդ միջոցառումների արդյունքում Հայաստանում կրճատվեն ակցիզային հարկի մուտքերը, միաժամանակ կկրճատվեն նաև առողջապահության ծախսերը, ավելի վաղ հայտարարել էր Արսեն Թորոսյանը։
Այսպես, 2018 թվականին ծխախոտ արտադրողներն ու ներմուծողները բյուջե են վճարել 97 մլրդ դրամ, իսկ ծխելով պայմանավորված առողջապահության ընդհանուր բյուջետային ծախսերը առողջապահության նախարարությունը տարեկան շուրջ 80 մլրդ դրամ է գնահատում։ Սրա մեջ մտնում է պայքարը քաղցկեղային հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդությունների, ինֆարկտի, շաքարային դիաբետի, շնչուղիների հիվանդությունների դեմ և այլն։
Փետրվարի 13-ը պատմական օր է
ԱԺ-ում օրենքի ընդունմանն անդրադարձել է նաև ՀՀ առողձապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ 2020թ. փետրվարի 13-ը պատմական օր է մեր երկրի առողջապահության համար, առողջապահության՝ բառի ուղիղ իմաստով։
«ՀՀ ազգային ժողովը ընդունեց երկար և մանրակրկիտ մշակված, ինչպես նաև բազմաթիվ անգամ քննարկված, ժամանակակից «հակածխախոտային» օրինագիծը, որն իր մեջ պարունակում է բոլոր այն աշխատող գործիքները, որոնք ապացուցված իջեցնում են ծխախոտի օգտագործումը։ Վստահ եմ այս օրենքը դառնալու է օրինակելի աշխարհի շատ երկրների համար, ինչի համար շնորհակալ եմ դրա վրա աշխատած բոլոր անձանց։
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի իմ բոլոր գործընկերներին այս հնարավորությունը մեր երկրին ընձեռելու համար՝ վնասակար այս սովորույթից զերծ և առողջ ապագայի քաղաքացի ունենալու համար։ Ձեր կամարտահայտությունը վճռական էր, որպեսզի մենք բոլորս կերտենք առողջ հանրությամբ և ուժեղ տնտեսությամբ երկիր։
Վստահ եմ, որ այս օրենքի ապագա փոփոխությունները կրելու են միմիայն դրա տառը ավելի ճշգրիտ, իսկ ոգին ավելի ամուր դարձնելու նպատակ», - ասված է գրառման մեջ։
Ինչ է պահանջում օրենքը
Արդեն ընդունված օրենքով արգելվում է ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը հանրային վայրերում, սակայն օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ առայժմ չեն մտնի, հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։
Օրինագծի համաձայն` 2021 թվականի հունվարի 1-ից ծխախոտի տուփերի վրա կսահմանափակվի ապրանքանիշի և տարբերանշանի համար հատկացվող տարածքը, իսկ 2022 թվականից՝ ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող գրությունները պետք է զբաղեցնեն տուփի ոչ պակաս, քան 50%–ը։
Դրանից բացի, 2021 թվականից կարգելվի խանութներում ծխախոտը բաց ցուցադրելը։ Դրանց անվանումներով գնացուցակը վաճառողը կներկայացնի միայն չափահաս սպառողների պահանջով։
Իսկ օրենքն ընդունելուց երեք ամիս անց արդեն ծխախոտ վաճառելու արգելքն ուժի մեջ կմտնի մշակութային վայրերում (թատրոն, կինոթատրոն, համերգասրահ, գրադարան), պետական և մունիցիպալ հաստատություններում, հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում և դրանց մոտակայքում (10 մ շառավղով)։
Որքան են ծխում Հայաստանում
Ըստ առողջապահության նախարարության` օրինագծից կշահեն ոչ միայն ռեստորանները, այլև մենք բոլորը։
Ավելի ճիշտ, նրանք, ովքեր ծխում են։ Առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնասիրմամբ` Հայաստանում ծխում է մեծահասակ տղամարդկանց 60% և կանանց 2,2%–ը։ 70-ն անց տարեց տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշն ընկնում է մինչև 26%, բայց ոչ նրանից, որ նրանք թողնում են ծխելը, այլ նրանից, որ նրանք պարզապես չեն հասնում ծերության տարիքի։
Ինչ վերաբերում է ֆինանսական օգուտին, ապա միջին ծխողը տարեկան ծխախոտի վրա 141 հազար դրամ է ծախսում, ինչը գրեթե հավասար է մեկ միջին աշխատավարձին։ Այդպիսով, նրանք, ովքեր կթողնեն ծխելը, իրենց և իրենց ընտանիքներին «13-րդ աշխատավարձ» կնվիրեն։ Իսկ ծխողների մեծ մասը հենց ոչ բարձր եկամուտ ունեցող մարդիկ են։ Այդ պատճառով տնտեսած գումարով նրանք կկարողանան ավելի շատ գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ։