22.11.2024
Գերմանացի քաղաքագետ. Ուկրաինան ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ առճակատման հարթակ է
prev Նախորդ նորություն

Սահակաշվիլի. Ուկրաինայի իշխանական ժանգոտած մեքենան ԽՍՀՄ-ի նման փլուզվում է

«Նրանք խորհրդակցություն են անցկացնում շաբաթական երկու անգամ՝ քննարկելով իրավիճակը յոթ ժամ շարունակ, քիչ ժամանակ է մնում իսկական աշխատանքի համար՝ դրա համար էլ քանդվեց ԽՍՀՄ-ը», - անդրադառնալով ուկրաինական կառավարության աշխատանքի որակին՝ բողոքել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Միխեիլ Սահակաշվիլին:

«Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում Սահակաշվիլին պատմել է Ուկրաինայում իր աշխատանքի մասին, որտեղ նա ստացել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնը: Բողոքելով երկրում կուտակված խնդիրներից՝ Սահակաշվիլին հասկացրել է, որ Ուկրաինան շատ դժվար կլինի բարեփոխել նույնիսկ իր մասնակցությամբ: Փոխանցում է «Կոմերսանտ» թերթը:

Սահակաշվիլիի հետ հարցազրույց ձայնագրելու համար հայտնի հեռուստահաղորդավարուհի Նանուկա Ժորժոլիանին նկարահանող խմբի հետ միասին մի քանի օրով մեկնել էր Կիև: Միխեիլ Սահակաշվիլին հրավիրել է նրան նախագահի աշխատակազմում գտնվող իր աշխատասենյակ և առաջին հերթին ցուցադրել է նախագահի աշխատակազմի աշխատակցի վկայականը: Վկայականը «քսիվա» անվանելով նախկին նախագահը նշել է. «Այդպիսի վկայականներ կային Վրաստանում մինչև 2003թ.-ը և դրանք ցույց էին տալիս ճանապարհային ոստիկանությանը»:

Սահակաշվիլին բողոքել է Ուկրաինայում առկա խնդիրներից. «Անգամ չգիտես, թե ինչից սկսել, այնքան խնդիրներ են թափվել գլխիս», - մեղադրելով ուկրաինական կառավարությանը շատ երկար խորհրդակցությունների համար նշել է Սահակաշվիլին: «Նրանք խորհրդակցություն են անցկացնում շաբաթական երկու անգամ՝ քննարկելով իրավիճակը յոթ ժամ շարունակ, դրա համար քիչ ժամանակ է մնում իսկական աշխատանքի համար՝դրա համար էլ քանդվեց ԽՍՀՄ-ը», - նշել է վրացի բարեփոխիչը:

Ուկրաինական իշխանական համակարգը Սահակաշվիլին անվանել է ժանգոտած մեքենա, որը շատ բարդ է տեղից շարժել: Նա բարձր է գնահատել Պյոտր Պորոշենկոյի ձեռնարկատիրական ընդունակությունները, ում հետ միասին նա սովորել է 30 տարի առաջ Կիևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: «Նա ուներ երկու վիդեոսրահ, այսինքն, նա սկսում էր բիզնեսը զրոյից, իսկ ես երբեք բիզնեսի նկատմամբ տաղանդ չեմ ունեցել», - նշել է Սահակաշվիլին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով է նա զբաղվելու, երբ նրա անձնագրում այլևս կնիքի տեղ չի լինելու, իսկ վրացական իշխանությունները հրաժարվեն նրան նոր անձնագիր տրամադրել, Սահակաշվիլին նշել է. «Նստելու եմ Դնեպրի ափին և ձուկ որսամ»: