Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին 14 օր կլինի կարանտինում
Փետրվարի 2-ին Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին, ինչպես և մյուս բոլոր տարհանվածները, 14 օր կլինի կարանտինում: Այդ մասին ասվում է Ղազախստանի վարչապետի պաշտոնական կայքում:
Ղազախստանը Չինաստանի Ուհան քաղաքից տարհանել է 83 քաղաքացու, այդ թվում՝ Հայաստանի, Ղրղզստանի և Բելառուսի:
Այդ երկրի տեղափոխված անձինք տեղավորվել են մայրաքաղաք Նուրսուլթանից 7 կմ հեռավորությամբ հատուկ հակավարակիչ հիվանդանոցում: Կլինիկան հագեցած է վարակիչ անվտանգության բոլոր տեխնոլոգիաներով, արդիական ախտորոշիչ, բուժիչ և վերակենդանացման սարքավորումներով, հատուկ պատրաստված բուժանձնակազմով:
Տարհանված քաղաքացիները կանցնեն լրացուցիչ բուժզննում, առաջին հերթին՝ կորոնավիրուսի թեստավորում:
Կարանտինի շրջանում տարհանվածները կշփվեն միայն բուժանձնակազմի հետ, որն առանձնակի վտանգավոր վարակների հետ աշխատանքի փորձ ունի:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն շնորհակալություն էր հայտել Ղազախստանին՝ Հայաստանի քաղաքացուն Ուհանից տարհանելու համար՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլե ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանին Ղազախստանի Հայաստան տեղափոխելու համար:
Փետրվարի 3-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի: Թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը 17,205-ն է: 2296 մարդ ծանր վիճակում է, 475-ը դուրս են գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են՝ չոր հազը, դժվարացած շնչառությունը, բարձր ջերմությունը, դողն ու թուլությունը: Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ