24.11.2024
Նոր նշանակումներ ու պաշտոնանկություններ. Փաշինյանը որոշումներ է ստորագրել
prev Նախորդ նորություն

Անառակաբարո գործողության փորձ Facebook-ում. տուժել է 9-ամյա երեխա. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցով 14 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:


ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվել են մի շարք հանգամանքներ:


Մասնավորապես՝ պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված երիտասարդը «facebook» սոցիալական ցանցում իր անվամբ գրանցել է անհատական էջ և նպատակով ունենալով վիրտուալ կերպով բավարարել սեփական սեռական պահանջմունքները, այլ օգտատերերի հետ իրականացրել անառակաբարո բնույթի շփումներ:


Այդ նպատակով նույն սոցիալական ցանցում գործող իր՝ վերը նշված անհատական էջի միջոցով տարբեր տարիքի անծանոթ չափահաս կանանց հետ սկսել է վարել նամակագրություններ, որոնց ընթացքում վերջիններիս է ուղարկել տղամարդու մերկ լուսանկարներ, ինչպես նաև՝ վարել անառակաբարո զրույցներ:


Բացի այդ՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի գարնանը երիտասարդն իր անհատական էջով «facebook» սոցիալական ցանցում նամակագրություն է վարել նաև անչափահաս՝ 2006 թվականի հուլիսի 5-ին ծնված աղջնակի հետ, որի ընթացքում տեղեկանալով, որ շփվում է 12-ամյա անչափահասի հետ՝ շարունակել է շփումը և անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու, աղջնակի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու նպատակով նրա հետ վարել է սեռական կյանքին վերաբերող, ցենզուրայից դուրս նամակագրություն և ուղարկել տղամարդու ու կնոջ մերկ լուսանկարներ:


Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ այլ անչափահասի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների փորձի վերաբերյալ ևս:


26-ամյա երիտասարդը, 2019 թվականի հունիսին նույն սոցիալական ցանցում գտնելով հերթական զոհին և կարծելով, որ նամակագրություն է վարում 9-ամյա՝ 2009 թվականի սեպտեմբերին ծնված երեխայի հետ, ցանկանալով նրա մոտ առաջացնել սեռական հետաքրքրություն, վերջինիս անհատական էջին ուղարկել է մերկ լուսանկար: Սակայն հետագայում շարունակելով նամակագրությունը՝ տեղեկացել է, որ երեխայի անհատական էջից իր հետ նամակագրություն է վարում նրա ծնողը, ինչպիսի պայմաններում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:


Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:


Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: