23.11.2024
Լուրջ խնդիրներ կան բենզինի ու դիզվառելիքի շուկաներում. դրանք քննարկվելու են ԱԺ-ում
prev Նախորդ նորություն

Տիգրան Հակոբյանի հայտարարությունը ՌԴ դեսպանատան տարակուսանքն է առաջացրել

Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելափակման մասին պնդումը տարակուսելի է և չի համապատասխանում Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություններին: Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ, որն անդրադառնում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի վերջին պնդումներին, թե ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»։


Հաղորդագրության մեջ նշվում է.


«Ուշադրություն դարձրեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, թե տեղական մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Զարմանքով նաև տեղեկացանք, որ, իբրև թե, ՌԴ դեսպանը համաձայն է Հակոբյանի այս պնդման հետ։


Ցանկանում ենք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ կայացած միակ, այն էլ՝ բավականին վաղուց տեղի ունեցաած հանդիպմանը Հակոբյանի՝ առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս ունենալու կարծիքն ընդունվել է ի գիտություն։ Միևնույն ժամանակ, դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք հանդիսանում են ռուսական ալիքներին հետևողների բավական կարևոր մաս։


Ընդհանուր առմամբ,  հայ-ռուսական հարաբերությունների մասին  ՀՀ իշխանությունների հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում»:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հակոբյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ նրա, որոշ արտասահմանյան հեռուստաալիքներ «կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ` Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի»: