Նախկինում, երբ մենք ՏՄՊՊՀ-ին հորդորում էինք ներկայացնել վառելիքի շուկայի ընդհանուր պատկերը, շուկայի կառուցվածքը և գնագոյացման մեխանիզմը, ՏՄՊՊՀ-ն խոսում էր գրեթե ամեն ինչի մասին, բացի այդ օղակի մի կարևոր շղթայից, որը կոչվում է «Ռոսնեֆտ-Արմենիա»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ մանրամասնելով, թե այս անգամ ՏՄՊՊՀ-ն հստակ նշել է, որ Հայաստան մտնող բենզինի և դիզվառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում Ռուսաստանից, իսկ Ռուսաստանից եկող վառելիքն էլ ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ»-ի դուստր ընկերություն։ ՏՄՊՊՀ-ն սա ներկայացրել է որպես կոնկրետ խնդիր:
Այսինքն՝ ներմուծող ընկերությունները («Ֆլեշ», «CPS» և այլն) վառելիքը ձեռք են բերում ոչ թե անմիջապես արդյունահանող/վերամշակող ընկերությունից, այլ միջնորդ կազմակերպությունից։
«ՏՄՊՊՀ-ն սա ներկայացրել է որպես կոնկրետ խնդիր, որովհետև վառելիքի միջնորդավորված մատակարարումը էական ազդեցություն է թողնում ՀՀ ներքին շուկայում սպառվող վառելիքի վերջնական գնի վրա։ Այլ կերպ ասած՝ ինչ-որ մեկը մտել է այս շղթա և տանում է իր շահույթը՝ ազդելով գնի վրա (ՏՄՊՊՀ-ի ներկայացրած այս սխեմայում այդ միջնորդը երկրորդն է՝ դեղին գույնով)։
Թե կոնկրետ որքանո՞վ է միջնորդների առկայությունը ազդում գնագոյացման վրա, ՏՄՊՊՀ-ն չի կարողացել գնահատել, որովհետև համապատասխան պայմանագրերը և ինֆորմացիան բացակայում են։ Ընդ որում, ըստ ՏՄՊՊՀ-ի՝ միջնորդ կազմակերպությունների միջոցով արտոնյալ պայմաններով վառելիքի ձեռքբերումը կարող է առաջացնել մի շարք ռիսկեր, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։
Որպես խնդրի լուծման առաջարկ՝ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը ներմուծման գործընթացին։
Սա միակ խնդիրը չէ։ Զեկույցում նշված են նաև այլ խնդիրներ և առաջարկներ՝ սկսած բենզինի որակից և լաբորատորիաներից՝ մինչև շուկայի կենտրոնացվածություն և պահանջարկի էլաստիկություն։
Քանի որ թեման շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է հարյուր հազարավոր մարդկանց, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջիկայում կկազմակերպենք աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկենք այս զեկույցը, անպատասխան մնացած որոշ հարցեր և նշված խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները»,- եզրափակել է պատգամավորը։