23.11.2024
Տիգրան Հակոբյանի հայտարարությունը ՌԴ դեսպանատան տարակուսանքն է առաջացրել
prev Նախորդ նորություն

Կարևոր է վերացնել ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող խոչընդոտներն ու սահմանափակումները. Փաշինյան

Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Այս մասին Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:


Այսօրվա նիստի օրակարգի հարցերի մասին կցանկանայի նշել հետևյալը. այսօր հերթական անգամ քննարկվեց ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել: Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը:


Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա:


Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով»,- նշել է Հայաստանի վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև ԵՏՀ-ին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:


Նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստակամ է այս տարի հյուրընկալել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը. «Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եվ մեր կողմից ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով»,- շեշտել է նա:


Նիստի ընթացքում վարչապետները քննարկել են ԵԱՏՄ ֆունկցիոնալության հետագա բարձրացմանը, կազմակերպության իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորումների ոլորտում համագործակցությանը և միության ընդհանուր շուկաների ձևավորմանը: Քննարկվել են նաև մի շարք նախաձեռնություններ՝ եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու և պաշտպանական միջոցառումները բարելավելու հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային փորձը: