Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաեւ 2019-ի տարեկան ՏԱՑ ցուցանիշը:
Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով թվերն ըստ ոլորտների.
«-Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:
-Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:
Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»,- գրել է վարչապետը:
Ուշագրավ է, որ 2019-ի դեկտեմբերին նախորդ դեկտեմբերի նկատմամբ գրանցվել է 10,7% տնտեսական ակտիվության աճ:
ՏԱՑ-ի մասով անցյալ տարվան մոտ ցուցանիշ է գրանցվել 2017 թվականին – 7,7%՝ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ: Այդ ժամանակ սակայն ՀՆԱ-ի աճը կազմեց 7,5%:
Սովորաբար ՀՆԱ-ի աճը փոքր ինչ նվազ է լինում է տնտեսական ակտիվության ցուցանիշից: Սակայն այս պարագայում համաձայն տնտեսագետների, կարող է հակառակը լինել, քանի որ արտահանումը դեռ պիտի ճշգրտվի:
«Արտահանումը դեռ պիտի ճշգրտվի, ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, որն այս պահին չի արտացոլվում արտահանման մեջ, պիտի գնահատեն և ներառեն ընդհանուր ցուցանիշի մեջ։ Վստահ եմ, որ այդ դեպքում արտահանման աճը կգերազանցի ներմուծման աճը», - նշում է տնետեսագետ Հայկազ Ֆանյանը։