ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հետաքրքրվելով գազի սակագնի հնարավոր թանկացումից, որի մասին օրերս ասել էր ՀԾԿՀ նախագահը:
«Մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը գազի գնի հարցը միշտ օգտագործում է որպես գործիք ՀՀ հետ հարաբերություններում»,- հայտարարեց նա՝ նշելով, որ գազի գինը այն գործիքն է, որի ազդեցության տակ Հայաստանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկեց:
«Ի՞նչ է տեղի ունենում իրականում, եթե հայտարարվում է, որ գազի գինը սահմանին չի թանկանում, բայց չի բացառվում, որ սպառողի համար կփոխվի սակագինը: Արդյոք սա քաղաքական գործիքի գործադրում չէ»,- հետաքրքրվեց Բաբաջանյանը:
Հարցին, սակայն, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա, նախ, նշեց, որ Սիրիայում հայկական առաքելություն ուղարկելու հարցը որևէ կերպ կապ չունի գազի հետ՝ դա Հայաստանի որոշումն է: Հաջորդիվ անդրադարձավ բուն գազի գնային հնարավոր փոփոխություններին:
«Կան պայմանավորվածություններ և սահմանին 2020-ին գազի գինը չի փոխվելու: Ինչ վերաբերում է սակագնին, ապա բազմաթիվ քննարկումներ եղել են ու դեռ կլինեն: Կան պնդումներ, որ գազի անխափան մատակարարման համար անհրաժեշտ են ներդրումներ… իհարկե կան տարաձայնություններ. Մենք չենք ասել, որ համաձայն ենք ու հայտ կներկայացվի, բայց հայտարարել ենք, որ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո նման հայտ կներկայացվի: Մեր բոլոր հարցերի պատասխանները մենք կստանանք այն ժամանակ, երբ հայտը ներկայացվի ու մեր առարկությունները, հիմնավորումները կներկայացնենք այդ ժամանակ»,- հավելեց փոխվարչապետը:
Փոխվարչապետին գազի սակագների հնարավոր բարձրացման մասին հարց ուղղած Արման Բաբաջանյանն արձագանքեց՝ նշելով, որ ապրիլի 1-ից գազի գնի բարձրացման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացվելիք հայտի մասին հայտարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Գրիգորյանը նկատեց, որ եթե ապացուցվի՝ վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագնի և սահմանի գնի միջև առկա մարժան ուռճացված է կամ հիմնավորված չէ, հայտը չի հաստատվի:
«Ի՞նչ հիմնավորում կարող է տալ հանձնաժողովը: Չկա այդպիսի խնդիր ընդհանրապես: Նման մտահոգություն չունենք, բայց պետք է հաշվի առնենք, որ ունենք ժառանգված համաձայնագիր, որը նախ և առաջ վերաբերում է եկամտաբերության հանգամանքներին և ունենք (Հրազդան ՋԷԿ) հինգերորդ էներգաբլոկ: Եթե հայտ ներկայացվի ու հիմնավորումները բխեն այս հանգամանքներից, ապա որոշումները կլինեն արդար և պարզ: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում», - հավելեց նա:
Օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն այլևս չի կարող խնայողությունների ու ներքին ռեսուրսների հաշվին փոխհատուցել Հայաստանի սահմանին գազի գնի 15 դոլարով թանկացումը, որը տեղի ունեցավ 2019-ի սկզբին։
2019-ի սկզբից սահմանին Հայաստանի համար մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացավ 15 դոլարով՝ դառնալով 165 դոլար 1000 խմ համար: Դա, այդուհանդերձ, չանդրադարձավ ներքին սպառողների վրա, քանի որ որոշվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է իր մարժայի հաշվին փոխհատուցի թանկացումը:
Ներկայում «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին գազը մատակարարում է 1 խմ 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին՝ 80 դրամով մինչև 600 խմ ծավալը։ Փաստացի «Գազպրոմ Արմենիա»-ն բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 285 դոլարով։ Ընկերությունը, հնարավոր է, ապրիլի 1-ից դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագինը բարձրացնելու հայտով։ 2019-ի տարեվերջին հայտարարվեց, որ «Գազպրոմը» 2020-ին չի թանկացնի Հայաստանին մատակարարվող գազը։
Օրերս «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկում էր տեղի ունեցել։