Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը հարևան պետության իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հանցագործություն է մարդկության դեմ:
Այս մասին Ղուլյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:
«Այն, ինչ տեղի է ունեցել 1990թ. հունվարին Բաքվում՝ հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունն իրենց բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների և ջարդի, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, իսկ հազարավորները տեղահանվել և արտաքսվել»,- ասաց Ղուլյանը:
Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարևան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց ամենասկզբից:
«Այդ գործողությունները մաս էին կազմում 1988թ. ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որը դրսևորվել է 1988թ. փետրվարին՝ Սումգայիթում, նոյեմբերին` Գանձակ (Կիրովաբադում), 1990 թվականին՝ Բաքվում: Ցավալի է, որ երեսուն տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքներն այլ ուղղությամբ տանելու և իրեն, որպես զոհ ներկայացնելու միջոցով»,- նշեց նա:
Աշոտ Ղուլյանը հավելեց, որ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում, նշելով, որ վերջին օրերին ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ:
«Երեսուն տարի առաջ կատարված ոճիրի անցքերն ուսումնասիրելիս, մի պարզ և մարդկային հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերն իր ձեռքով է դրել: Պատասխանը մեկն է՝ ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը»,- ասաց Ղուլյանը: