Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված 2019թ.-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի կանխատեսումներին:
Կենտրոնից VERELQ-ին հայտնում են,որ ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վրա ազդում են հետևյալ գործոնները՝ տնտեսական աճի տեմպը, որը 2019թ.-ի համար, ըստ կանխատեսումների, կազմելու է շուրջ 7-7.5%; մշտական բնակչության թվաքանակի փոփոխությունը, որն ըստ ՀՀ ՎԿ-ի հրապարակած տվյալների 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018թ.-ի նույն ամսվա համեմատ կրճատվել է շուրջ 11,700 բնակչով; ՀՀ դրամի արժևորումն ԱՄՆ դոլարի համեմատ: 2018թ.-ի միջին տարեկան ցուցանիշի համեմատ 2019թ.-ի ամիսների միջինը փաստում է այն մասին, որ ՀՀ դրամն արժևորվել է:
«Հետևաբար, քանի որ ՀՀ դրամն արժևորվել է, բնակչության թիվը կրճատվել, այն, բնականաբար, հանգեցրել է ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 2019թ.-ի ցուցանիշի բարձրացմանը՝ չազդելով բնակչության կենսամակարդակի բարելավման վրա»,- նշում են կենտրոնից:
Ինչ վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կանխատեսվող Հայաստանի, Ադրբերջանի և Վրաստանի ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներին, ապա նշվում է, որ 2019թ.-ին Հայաստանը զիջել է Ադրբեջանի ցուցանիշին: ԱՄՀ կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 4,530 ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ 4,690 ԱՄՆ դոլար, Վրաստանինը՝ 4,290 ԱՄՆ դոլար:
«Հետաքրքրական է դիտարկել 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի (PPP), որը Հայաստանում կազմել է 11,083` հետ մնալով Վրաստանից՝ 12,227և Ադրբեջանից՝ 18,615:
Այսպիսով՝ Հայաստանը զիջում է նույն Ադրբեջանին և Վրաստանին, ինչն էլ նշանակում է, որ նույն մեկ դոլարով Ադրբեջանում և Վրաստանում նույն ապրանքից ավելի շատ կարելի գնել, քան ՀՀ-ում: Հետևաբար, ՀՀ-ում կյանքն ավելի թանկ է, քան հարավկովկասյան մնացած երկու երկրներում, ինչն էլ հենց գնողունակության պարիտետի ցուցիչն է»,- նշում են հեղինակները:
Հիշեցնենք, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը րապարակել էր Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, համաձայն որի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) Հայաստանը 2020 թվականին առաջ է անցնելու Վրաստանից ու Ադրբեջանից։ Հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակված թվերի համաձայն՝ 2020-ին Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4 հազար 760 դոլար, այն պարագայում, երբ հարևան Ադրբեջանում այն կկազմի 4 հազար 720, իսկ Վրաստանում՝ է՛լ ավելի քիչ՝ 4 հազար 630 դոլար։
«2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»,- գրել էր վարչապետը։