24.11.2024
Գործադիրում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Մորգանի խնամին». Խնամի Վալոդը ակտիվացել է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «1998-2008թթ. ՀՀ նախագահի աթոռը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հավաքի կազմակերպմանը ակտիվորեն մասնակցել է Քոչարյանի խնամին՝ Վոլոդյա Բադալյանը՝ Խնամի Վալոդը: Նա է մի քանի ԱԺ նախկին պատգամավորների համոզել, որ նրանք ներկայանան հավաքին՝ վստահեցնելով, որ լավ ժամանակները դեռ առջևում են: Հիշեցնենք, որ Վոլոդյա Բադալյանը ԱԺ-ում է հայտնվել Կարեն Դեմիրճյանի հետ մտերմության շնորհիվ և ի սկզբանե «Միասնություն» դաշինքում էր: Բայց նա այն ՀԺԿ-ականներից էր, որոնք հանուն սեփական շահի և իշխանության դավաճանեցին Կարեն Դեմիրճյանի հիշատակը և անցան Քոչարյանի թրի տակով: Մինչև այժմ էլ շարունակում են նույն ոգով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու եւ դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կա՛մ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կա՛մ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան: «Բացի խնդրի բարոյական կողմից, դատախազները հասկանում են, որ անօրինական, թերի ապացույցներով ցանկացած գործ վաղ թե ուշ իրենց համար առաջացնելու է լուրջ խնդիրներ, ղեկավարությունը հանգիստ խուսափելու է պատասխանատվությունից՝ մեղքը գցելով իրենց վրա: Նրանք հասկանում են, որ մի օր նույն այդ վկաները՝ «սերգոկարապետյանները», պատմելու են, թե ինչի դիմաց են տվել ցուցմունքները»,- ասաց մեր աղբյուրը: Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի գործը հսկող դատախազ Հակոբ Թադեւոսյանը հրաժարվել է այդ գործից, իսկ դեկտեմբերի 20-ին ընդհանրապես ազատվել է աշխատանքից: Դատախազության մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանն ասաց․ «Սեփական դիմումի համաձայն»։ Այժմ Սերժ Սարգսյանի գործով դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանին առնչվող ԼՀ քննարկումներն ընթացել են 2 փուլով. առաջինը բուռն՝ «Holiday Inn» հյուրանոցում` ԼՀ դպրոցի միջոցառման ժամանակ, ուր պահանջվել-առաջարկվել է վայր դնել ավագանու մանդատը: Հիմնական պահանջողները եղել են Մանե Թանդիլյանը եւ Տարոն Սիմոնյանը, Մարուքյանը չի ցանկացել «վատամարդ» լինել՝ արբիտրի դերում է եղել: Կուսակցությունում եւս եղել են պնդողներ, որ ճիշտը մանդատը դնելն է, սակայն առարկողներն ավելի պինդ են գտնվել եւ արձանագրել են, որ Էդմոնի եւ Մանեի ասուլիսներն էին պատճառը, որ թեման տիրաժավորվեց` խորացնելով վարկածը, որ Նիկոլի պահանջն են իրականացնում։ «Մանեն ասուլիսում անհաջող էր ձեւակերպել, ինչից տպավորություն էր ստեղծվել, թե փորձում ենք փակել Խաժակյանի բերանը»,- ասաց ԼՀ խորհրդի անդամը: «Մանեին առավել հետաքրքրում էր հարցադրումը` ինչպես է Խաժակյանը հետայսու շարունակելու իր միսիան»: Ինչպե՞ս։ «Եկանք ընդհանուր եզրակացության, որ Խաժակյանը շարունակում է` պատասխանատվություն չկրելով «Լույս» դաշինքի մյուս անդամների համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, հօդս են ցնդում, երբ ուսումնասիրում ես ՊԵԿ-ի գնումները: ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիան անմահ է: Մասնավորապես՝ պարզեցինք, որ ՊԵԿ-ը 4 մլն դրամի ծառայությունների գնում է իրականացրել ՊԵԿ գնումների բաժնի պատասխանատու Միհրան Սարդարյանի որդուց՝ Վլադիմիր Սարդարյանից: Միհրան Սարդարյանը հարկայինի հնաբնակներից է: Հասցրել է ժամանակին ձերբակալվել կեղծ ակցիզներ տրամադրելու համար: Այն ժամանակ երկարատև կալանքից նրան փրկեց կաշառքը՝ 25 հազար դոլարի չափով, որը հավաքել էին տեսչությունների պետերը: Ուշագրավը նաև այն է, որ Միհրան Սարդարյանի անհատ ձեռնարկատեր որդին՝ Վլադիմիրը, նաև ՊԵԿ աշխատակից է ձևակերպված վարչատնտեսական հատվածում: Ինչպես ասում են՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում»:


«Հրապարակ» թերթը գրում է . «Անգամ այս նախատոնական օրերին բարությունն ու հանդուրժողականությունը չեն համակում մեր հասարակությանը՝ ատելության, չարության, միմյանց հայհոյելու և վիրավորելու չափաքանակն այլևս անտանելի է դարձել: Բայց հատկապես անտանելի է այն, որ ատելությունից բողոքում են հենց իրենք՝ ատելություն ու չարություն տարածողները: Գուցե մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է նշանակում ատելության խոսքը: Առավել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի ղեկավարը՝ վարչապետը: Երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիա­լական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և ես՝ անձամբ, գտնվում եմ ճշգրիտ նույն իրավի­ճակում, ինչ լրատվամիջոցները»: Ի վերջո, ո՞վ է մեղավոր այս իրավիճա­կի համար: Միթե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ դեմքի չարացած արտահայտությամբ բղավում է՝ «կկտրենք թաթիկները, կպառկըցնենք ասֆալտին, կծեփենք պատերին», երբ խոսում է «վնգստացող ու տեր փնտրող դատավորնե­րի» մասին, նպաստում է հանրային համերաշխության մթնոլորտին: Երբ ատելությունից աղավաղված դեմքով խոսում է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ականների մասին, ոչ թե ատելություն է տարածում, այլ՝ բարություն: Երբ դատարանով չդա­տապարտված մարդկանց հասցեին «հանցագործներ» տերմինն է կիրա­ռում և կառավարության նիստում քննարկում չապացուցված մե­ղադրանքը, անմեղության կանխա­վարկածի դեմ չի գնում: Երբ իրեն քննադատողներին թշնամի, հա­կահեղափոխական ու սև է անվա­նում, համազգային միասնությունն է ամրապնդում: Երբ հրահանգում է բանտերը լցնել իր հա­կառակորդներով, ամա­նորյա նվեր է մատուցում հանրությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներին հրավիրել էր տոնական ընդունելության, որ փաստի՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ։ Թեև խոստովանեց նաև, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար, և այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին, բայց չխոստովանեց, որ այսօր՝ իր վարչապետության օրոք, մամուլն ամենաշատն է քարկոծվում ու ճնշումների ենթարկվում իշխանությունների կողմից։ Մեկուկես տարվա ընթացքում այնքան շատ հարձակումներ են եղել լրագրողների նկատմամբ, այնքան դատական գործ կա լրատվամիջոցների դեմ, որքան նախորդ 10 տարում չի եղել»:


«Առավոտ» թերթը գրում է. «Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ գազի սակագնի համար բանակցություններն ի՞նչ փուլում են, ի՞նչ միտումներ են կանխատեսում, ապրիլին գազի ի՞նչ սակագին կունենանք: Նա պատասխանեց. «Կարծում եմ, այս փուլում դեռեւս վաղ է կանխատեսել, որ ապրիլից փոփոխություն կունենանք: Բայց թե ինչ տեսքով եւ ոնց, չեմ կարող որեւէ նոր բան ասել, ինչ գիտեք: Բանակցություններն ընթանում են եւ ավելի ակտիվ փուլ կմտնեն հունվար-փետրվար ամիսներին»: Հարցին՝ միջազգային շուկայի զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս՝ թանկացման միտում կա՞, թե՞ միգուցե էժանանա՝ Բաղրամյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցը թողնենք: Մեծապես կախված է, թե սահմանին ինչ կունենանք գինը, որը մոտակա ժամանակները՝ հունվար ամսվա մեջ պարզ կլինի»: ՌԴ Օրենբուրգի մարզի հետ էր առաջ կապված ՀՀ-ում գազի սակագնի փոփոխությունը, սակայն հիմա այդ համաձայնագիրն այլեւս ուժի մեջ չէ ու չնայած Օրենբուրգում սակագինը բարձրացել է, դժվար է ասել՝ ՀՀ-ում կբարձրանա՞, թե՞ ոչ: Պարոն Բաղրամյանը նաեւ ասաց, որ Իրանի հետ գազի բանակցությունները բավականին ակտիվ ընթանում են. «Իհարկե, իրանական կողմը բարդ բանակցող ընկերություն է: Այդ բանակցություններն այսօր ակտիվ ընթանում են ե՛ւ տարանցման մասով, ե՛ւ էլեկտրաէներգիայի, գազի փոխանակման պայմանագրով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անսպասելի չէ՞ր նման ընդլայնված կազմով հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների նիստը. ինչ-որ խնդի՞ր կար՝ հարցրինք նիստին մասնակցած մեր աղբյուրին։ «Անվտանգության ապահովման խնդիրներ միշտ կան, նիստը վաղուց էր պլանավորված, ընդ որում՝ ընդլայնված էլ չէր, որովհետեւ երկու երկրների ԱԱԽ ընդհանուր կազմերն էին մասնակցում։ Քննարկման ենթակա ռազմավարական, ստրատեգիական հարցեր եւս կային, մասնավորապես՝ հարավային ուղղություն ճանապարհի խնդիրը, որի մեկնարկն առաջիկայում է` Խնձորեսկով Ջաբրաիլ-Հադրութ ուղղությամբ։ Կային նաեւ հարցեր՝ զինված ուժերի հետ կապված, ինչպես նաեւ` բանակցային գործընթացին առնչվող, ինչի մասին հրապարակային խոսեց Փաշինյանը»: Տեսակետ կա, որ ՏՕՌ-երը Հայաստան բերելուց եւ առաջիկա ամսում սպասվող ՍՈՒ-երի ֆոնին այդ համատեղ նիստն ուժի ցուցադրման, այսպես ասած` միասնականության դրսեւորման ուրույն ակցիա էր` դիրքորոշումն ահավոր կոշտացրած, Ռուսաստանից արդեն 5-րդ սերնդի Սու-57 կործանիչներ գնող Ադրբեջանի դեմ։ Ծառայե՞ց այն իր նպատակին։ «Ոչ միայն»: Սառույցը ջարդվե՞ց Արցախի ու Հայաստանի էլիտաների միջեւ, մանավանդ որ մասնակիցների թվում էին Արմեն Սարգսյանը, Օգանովսկին։ Ի դեպ, նախորդ անգամ Ղարաբաղում՝ համատեղ նիստի ժամանակ, մեր տեղեկություններով` Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի, ղարաբաղյան կողմն ընդվզել էր, այս անգամ նույնիսկ Արմեն Սարգսյանն էր սեղանի գլխին․ պատասխանատվության բաշխման շրջան ենք թեւակոխել։ «Նախ` որեւէ սառույց Արցախի հետ չկար, հարցի երկրորդ մասի առնչությամբ` no comment»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ երկու պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը ներկայացրել են Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծ: Նրանք առաջարկում են 20 հազար դրամ տուգանել այն վարորդներին, որոնք դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը կերթևեկեն առանց ձմեռային անիվների: Սա, իհարկե, լավ առաջարկ է, և ուղղված է վարորդների ու նրանց ուղևորների անվտանգության ապահովմանը: Բայց այդ նույն տրամաբանությամբ կարելի է պահանջել, որ արգելվի առանց անվտանգության բարձիկների կամ արգելակման ABS համակարգ չունեցող մեքենաների շահագործումը: ԲՀԿ-ականները կարող են առաջարկել նաև արգելել առանց ուղեկցող թիկնազորի մեքենաների շահագործումը, իհարկե՝ ուղևորի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ չեղյալ կճանաչի ՀՀ ոստիկանության դրոշը հաստատելու ՀՀ նախագահի հրամանագիրը և ՀՀ ոստիկանության զինանշանը հաստատելու կառավարության որոշումը: Իր մեկ այլ որոշմամբ վարչապետը կհաստատի ոստիկանության դրոշն ու զինանշանը: Դրոշը և զինանշանը ամենևին չեն փոխվի. ուղղակի ոստիկանության դրոշը հաստատվել է 2002թ. նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, իսկ զինանշանը հաստատելու կառավարության որոշման տակ դրված է այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությունը: Հիմա այդ որոշումների տակ կլինի Փաշինյանի ստորագրությունը»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Իրաքում ներքաղաքական ճգնաժամը դեռեւս շարունակվում է: Դեկտեմբերի 24-ին ցուցարարները տարբեր քաղաքներում հրկիզել էին քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների գրասենյակներ, փակել կամուրջներ ու ճանապարհներ: Բայց եւ այնպես նույն օրը խորհրդարանում ընտրությունների նոր օրենսգրքի հաստատումը եւ խոսնակի պատասխանը երկրի նախագահ Բրահամ Սալիհին՝ մեծամասնության հստակեցման հարցի վերաբերյալ, թվում է, թունելի խորքում լույսի նշույլ են նշմարում: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին Բաղդադում տեղի ունեցած բողոքի ցույցերով՝ ընդդեմ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության անարդյունավետության, գործազրկության աճի, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլն, երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս առնչությամբ նշենք, որ «Տրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության ցանկում Իրաքը 12-րդ տեղում է: Բացի այդ, որոշ ուսումնասիրությունների արյունքում պարզվել է, որ 2003-ից առայսօր 450 միլիարդ դոլարի յուրացում, թալան է տեղի ունեցել, ինչը, բնականաբար, բնակչության շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել: Սակայն սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ ցուցարարների պահանջներին շատ շուտ ավելացան նաեւ քաղաքականները, ինչի հետեւանքով դեկտեմբերի 1-ին երկրի վարչապետ Ադել Աբդուլմեհդին հրաժարական տվեց: Առաջացած բարդ խնդիրները լուծելու նպատակով պետք է դեկտեմբերի 23-ին խորհրդարանը նիստ գումարեր, բայց քվորում չլինելու պատճառով հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 24-ը, որը տեղի ունեցավ, եւ բավական երկար քննարկումներից հետո հաջողվեց 50 կետից կազմված ընտրությունների նոր օրենսգիրքը հաստատել»: