Սաունաներն ու կարաոկեները կտեղակայվեն կրթական հաստատություններից 100 մ հեռավորության վրա
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով 2019թ. սեպտեմբերի 26-ից սահմանափակվել է զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ խոսքը, մասնավորապես, դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային ակումբների, շոգեբաղնիքների ու մերսման սրահների գործունեության մասին է: Որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից՝ Երևանի ավագանին սահմանեց դրանց գործունեությունը թույլատրող հստակ չափորոշիչ:
Մասնավորապես, զվարճանքի և ժամանցի օբյեկտները ավագանու որոշմամբ Երևանում իրավունք կունենան գործունեություն ծավալել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: Որոշումն ուժի մեջ կմտնի 2021թ. հոկտեմբերի 1-ից:
Երևանի քաղաքապետն ու ավագանու անդամները նկատել են, որ օրենքը որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն ունի և համայնքն այդ առումով կարող է նախաձեռնել օրենսդրական նոր կարգավորումներ: