24.11.2024
Կրակոցներ Դիլիջանում. կամ մեկ զոհ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հերթական փախուստը. Ո՞ւմ օգնությամբ է դա կատարվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում որոշում է կայացվել ձերբակալել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի գործարանի տնօրենին և ՀՖՖ տեխ.հսկիչին: Մեր տեղեկություններով՝ նշյալ անձինք այլևս Հայաստանում չեն, և նրանց երկրից փախչելուն ակտիվորեն նպաստել է Ռուբեն Հայրապետյանը: Խնդիրն այն է, որ Հայրապետյանին մեղսագրվող հանցագործությունների մեծ մասը կատարվել է այս անձանց միջոցով, և մտահոգություն կա, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար, նրանք կարող են ընդհանրապես ոչնչացվել: Այնպես որ, այս անձանց շուտափույթ հայտնաբերումը կարող է օգնել ոչ միայն հանցագործությունների բացահայտմանը, այլ նաև նրանց ֆիզիկական անվտանգության ապահովմանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ակտիվորեն համագործակցում է նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Վերջինս մշտապես հանդես է եկել որպես ապաքաղաքական գործիչ՝ զբաղվելով գիտավերլուծական գործունեությամբ: Հնարավոր է, որ քաղաքական նոր իրողության պայմաններում Քոթանջյանը որոշել է փոխել իր նախասիրությունները և ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լրագրողների պատվին Նիկոլ Փաշինյանն այսօր` պատկերասրահում, ամանորյա ընդունելություն է կազմակերպել: Հրավիրված են բոլոր հեղափոխական եւ հակահեղափոխական լրագրողները: Հարցին` ամանորյա էլ ինչ ընդունելություններ է ունենալու պարոն Փաշինյանը, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ավանդական ընդունելություններն են, նոր բան չի լինելու․․․ գործարարների հետ, ԱԳՆ, ԿԲ, պետական կառավարման համակարգ»: Նույն` «Սերժի վախտվա» ռեժիմն է, փաստորեն։ «Այո… կներեք, էլի, Սերժի ռեժիմին երեւի Դուք եք կարոտում։ Էդ հանցագործը, որի մի ախպերը 30 միլիոն ա վերադարձրել, մի ախպերը թռած ա, մի ախպոր տղեն փախած ա, էն մեկը 6 միլիոն հետ ա վերադարձրել… ձեր Սերժն էդ ա։ Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք»,- մեր կատակից խիստ վրդովվեց Կարապետյանը: Պարոն Կարապետյան, հումորի զգացողությունն է՞լ եք կորցրել, թե՞ ինձ շեղում եք, որ հարցս չտամ։ «Որ կողմից նայում ես` հանցագործ, գող-ավազակ, ու ես դա բարձրաձայն եմ ասում, կարող եք էս, ինչ ասել եմ, գրել»: Չեմ ուզում գրել, ես դրա համար չեմ զանգել, հարց ունեմ։ «Գիտեմ, որ չեք ուզում գրել»: Ես իմ հարցն եմ ուզում տալ, ինչո՞ւ եք ինձ Ձեր օրակարգը պարտադրում՝ կարեւոր հարց ունեմ տալու։ Բայց խոսքը բերանիս՝ խոսնակը հեռախոսն անջատեց: Իսկ հարցս վերաբերում էր Փաշինյանի` Անվտանգության խորհրդում հնչեցրած մտքին, թե 1986-ի կարգավիճակին վերադարձ չի լինելու։ Ուզում էի հարցնել՝ թիվը սխա՞լ է նշել՝ նկատի ունի, որ Արցախը մարզի կարգավիճակ չի՞ ունենալու, թե՞ ուրիշ բան։ Ասենք՝ ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի կազմում այլ կարգավիճա՞կ է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավարտին է մոտենում 2019 թվականը: Տարվա հենց սկզբից իշխանության ղեկն ամբողջովին գտնվում էր «Իմ քայլը» դաշինքի ձեռքում, որոնք 2018 թվականի վերջին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել էին ավելի քան 70 տոկոս վստահության քվե: Ըստ այդմ` 2019 թվականը հույսերի եւ հույզերի տարի էր, մեծ էին ակնկալիքները ու սպասումները նոր իշխանություններից։ Ի վերջո, 20 տարի շարունակ իշխանության ղեկին ուղղակի կամ անուղղակի գտնվում էր ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ համաժողովրդական շարժումից հետո ժողովուրդն արագ փոփոխություններ էր ուզում:  Ու թերեւս հենց դա էր պատճառը, որ 2019 թվականին տեղի ունեցած իրադարձություններն ու փոփոխություններն այնքան էլ չարդարացրին ժողովրդի սպասումները, եւ հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարած թիմի քաղաքականությունը շատերի սրտով չէր: Սակայն պետք է արդարացիորեն փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմն իշխանության է միայն մեկ տարի եւ չէր կարող բավարարել մեկ տարվա ընթացքում բոլորի սպասումները: Պարզապես պետք է զինվել համբերությամբ եւ սպասել 2020 թվականի փոփոխություններին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպումը բավական մարդաշատ է եղել: Հիմնական խոսողը նիստի ժամանակ եղել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ են ունեցել նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փակ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իշխանությունների վստահությունը գնալով Հայաստանում թուլանում է, ու իրենք 2020 թվակյանին պետք է ավելի ակտիվ գործունեություն սկսեն: Նիստի ժամանակ նաեւ անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սցենարին, որպեսզի ձեւավորեն նոր թիմ` ավելի երիտասարդ կազմով: ՀՀԿ-ականները նաեւ միմյանց Ամանորն են շնորհավորել եւ որոշել Հայաստանում նշել Ամանորը: Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը եւս Ամանորը կնշի Հայաստանում: Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի շրջանակներում խափանման միջոց է ընտրել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպումը նախաձեռնվել է պատգամավորների կողմից, որոնք անձամբ են խնդրել հանդիպել նախարարին: Պատգամավորները նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին: Տոնոյանի կողմից ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, եւ ներկայացվել են նաեւ մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որեւէ նորություն կամ գաղտնիք չհրապարակելով: Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը եւ ասել, որ ձեռքբերումների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջյան ավանդույթների համաձայն՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շնորհավորում նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Դեկտեմբերի 25-ին վարչապետը, իսկ 26-ին՝ ԱԺ նախագահը հրավիրել են լրագրողներին՝ բաժակ բարձրացնելու։ Նախագահ Արմեն Սարգսյանը, պարզվեց, լրագրողների հետ հանդիպման փոխարեն որոշել է տոնական ընդունելություն կազմակերպել սահմանամերձ համայնքների երեխաների համար։ Նախագահի լրատվականից ասացին, որ իրենք նախապատվություն են տվել բարեգործական ծրագրերին եւ նախագահականում ամանորյա տոնական միջոցառումը կազմակերպել են երեկ, որին մասնակցել են Տավուշի մարզի սահմանամերձ հինգ համայնքների եւ Գյումրիի «Շալե» կենտրոնի շուրջ 200 երեխաներ։ Նրանց շնորհավորել է անձամբ Արմեն Սարգսյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««ԿամԱԶ»-ների սկանդալը դեռ չմարսած՝ Երեւանի քաղաքապետարանը շարունակում է թանկարժեք «նվերներ» ընդունել։ Մեր տեղեկություններով՝ հերթական էլիտար նվիրատուն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, ով տասը ձնամաքրող տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին, իսկ դրա դիմաց «տրամվի պարկ» կոչվող հատվածում, որտեղ «Ջերմուկ գրուպի» ադմինիստրատիվ շենքն է, ստացել է բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն։ Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել Արսենյանի կամ նրա մերձավորների հետ, իսկ քաղաքապետարանից պարզաբանում ստանալու իմաստը պարզապես չկա, քանի որ այստեղ իրականությունը խեղաթյուրելու հարուստ փորձ ունեն։ Մենք լավ հիշում ենք, թե ինչպես էին հերքում «ԿամԱԶ»-ների նվիրատվության լուրը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել մասնակցելու 14 հոգի, բայց մասնակցել են 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին, որը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Սակայն այստեղ հետաքրքիր է, որ Վահե Գուլանյանն այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվեց, քանի որ անընդհատ նրան հիշեցնում էին ինչ-որ քրեական գործերում իր մասնակցության մասին: Եւ հիմա ստացվում է՝ փոխարենը նշանակեցին նրա իրավաբանին: Մրցույթի մասնակից եւ հաղթող յոթնյակից Կարեն Սարիբեկյանը աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպումից. «Մենք հաղթող թեկնածուների հետ եկել ենք նախարարություն… Առհասարակ, հանդիպում նախարարի հետ չպետք է լիներ, ընթացակարգ չկա: Հերթականությամբ մտնում էինք ներս: Տղերքից դուրս էին գալիս, ասում էին, որ հարցնում են, թե ով է քո երաշխավորը, հովանավորը: Մտածեցի` կատակում են: Բայց երբ ես ներս մտա, ինձ էլ հարցրեցին` երեք հոգու անուն նշեք, թե ով կերաշխավորի, կհովանավորի.. Ո՞նց: Հայաստանում պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն: Իմ երաշխավորը վարչապետն է…»: Մասնակիցները պնդում են, որ խորհրդի կայացրած որոշումը պետք է չեղարկվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «ամենասկանդալային», բայցեւ ամենահմայիչ անդամներից մեկին՝ Թեհմինա Վարդանյանին, երեկ գնացել էին «ուզելու»: Մեզ ասացին, որ մի երիտասարդ, որը, պարզվում է՝ հեռվից հմայված է եղել Թեհմինայով, օրեր շարունակ զանգահարել է ավագանու «Լույս» խմբակցություն եւ հանդիպում խնդրել ավագանու անդամի հետ: Վարդանյանը վերջապես երեկ ժամանակ է գտել ու ընդունել է նրան: Եվ պարզվել է, որ քաղաքացին նրա երկրպագուն է: Երիտասարդն առաջարկել է հանդիպել՝ խոստովանելով, որ հավանում է Թեհմինային: Բայց Թեհմինա Վարդանյանը, դատելով նաեւ նրա ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, երկրպագուների պակաս չունի, մեզ ասացին, որ նրան «ուզելու» են եկել նաեւ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, բայց նա որոշել է կենտնորանանալ ավելի շատ քաղաքապետերի եւ քաղաքային խնդիների վրա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ ամիսներ առաջ «Ժամանակ»-ն անդրադարձավ Երևանի Մետրոպոլիտենում առկա չարաշահումներին, մասնավորապես՝ պետգնումների գծով վիթխարի չարաշահումներին, այդ կառույցը շտապեց հերքել մեկ լումա անգամ շեղման փաստը։ Նրանց ինքնավստահությունը անհիմն չէր, քանզի իրենց պարբերաբար «ստուգողը» ՊԵԿ խոշոր հարկ վճարողների վարչությունն էր, որի փաստացի ղեկավարը՝ վարչության պետը, Էդիկ Գսպոյանն է, իսկ վերջինիս դուստրը՝ Անի Գսպոյանը, Մետրոպոլիտենի գնումների պատասխանատուն է։ Դժվար թե հայրը դստերը վատություն աներ և ջրի երես հաներ Մետրոպոլիտենի չարաշահումները: Մեր հրապարակումներից հետո, սակայն, ՊԵԿ-ը զրկվեց Մետրոպոլիտենը ստուգելու մենաշնորհից, որի արդյունքում, մեզ հասած տեղեկություններով, միայն մեկ փոքր դրվագով (շարժակազմեր) հայտնաբերվել է 1,2 միլիարդ դրամի չարաշահում գնումների գործընթացում։ ՊՎԾ-ն այլ դրվագներով ևս առաջիկայում չարաշահումների փաստեր կհրապարակի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 26-ին ԵՊՀ-ում հրավիրվելու է հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ուսանողների հետ հանդես է գալու կոշտ պահանջով` մրցույթ հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնի համար։ «Իշխանությունները փորձում են նախ «Կրթության մասին» օրենքն ընդունել, նոր մրցույթ հայտարարել, որ իրենց թեկնածուն անցնի։ Նոր խորհուրդը 12 անդամից է․ 6-ին նշանակում է նախարարը, 4-ին` ԵՊՀ-ն, 2-ը՝ գործարար աշխարհից։ Այսօրվա խորհրդի նկատմամբ իշխանությունը վստահություն չունի, եւ Արայիկ Հարությունյանի, Հովհաննես Հովհաննիսյանի պահանջով մրցույթն անվերջ հետաձգում են, ինչն էլ փորձում էր կանխել ուսխորհուրդը։ Ռեկտորի ԺՊ-ն կանչել էր Դավիթին, համոզել` չանել նման բան․ զրո արդյունք։ Ուստի երեկ թատերականացված միջոցառմամբ՝ ոստիկանների միջոցով բերման ենթարկեցին Ափոյանին` համալսարանի միջանցքներով քաշ-քաշ անելով, որ ուսանողները վախենան, եւ վաղվա նիստն անցնի ըստ իշխանական սցենարի»,- ասաց ԵՊՀ պաշտոնյան»:


«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Կենտրոնական բանկի մոտ կանգնած աղբյուրների փոխանցած տեղեկությունների, գլխավոր դրամատան ներսում սպասվում են մեծ տեղաշարժեր, որոնք անմիջական ազդեցություն կունենան բանկի ապագա գործունեության վրա։ Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բանկի ներսում ստեղծում է գործադիր կոմիտե։ Գործադիր կոմիտեի ստեղծումը միջազգային կառույցների, ինչպես նաեւ օրենքի պահանջ է եւ խրախուսվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Սա, իհարկե, պաշտոնական վարկածն է։ Բայց, ըստ ֆինանսական ոլորտում շրջանառվող խոսակցությունների, եկող տարի հուլիսին լրանում է Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, եւ հեռացող ԿԲ նախագահը, գործադիր կոմիտե ստեղծելով, «ուժեղացնում» է Կենտրոնական բանկում ներկա երիտասարդների թիմը, որը նրա նախագահության տարիներին աճել եւ բազմաթիվ փորձությունների միջով է անցել։ Այսօր շատերն են արձանագրում, որ ներկայիս ԿԲ-ն գտնվում է պատմականորեն ամենաուժեղ կարգավիճակում թե՛ ֆինանսական կայունության, թե՛ վերահսկողության եւ թե՛ դրամավարկային գործառույթների իրականացման գործում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի հոկտեմբերի 26-ին դեպքի վայր մեկնող ԱԻՆ աշխատակիցներին ճանապարհ չզիջած, ապա նաև զենքով սպառնացած վարչական դատարանի դատավոր Արթուր Այվազյանը անխափան կերպով շարունակում է արդարադատություն իրականացնել: Ավելին՝ նրան ևս 40 նոր գործ է մակագրվել: Հատուկ Քննչական ծառայությունից «Ժամանակ»-ին փոխանցեցին, որ դատավորի վերաբերյալ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ դատավորը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի սանիկը»: