Կրակոցներ Դիլիջանում. կամ մեկ զոհ
Դեկտեմբերի 24-ի երեկոյան կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21-ի սահմանում «Դիլիջան» ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով՝ մահացել է։
shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբերը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազն ու մարզի դատախազության դատախազը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջանի բնակիչ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն է։ Ըստ աղբյուրի՝ սպանվածը մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս է հայտնվել ազատության մեջ: Ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջանի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ։ Սպանության վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության ծառայողները։