Ադրբեջանն ու ՌԴ-ն կապում է տնտեսական վեց «ճանապարհային քարտեզ»
Բաքուն և Մոսկվան երկկողմ ապրանքաշրջանառության ավելացման նպատակով ակտիվորեն զարգացնում են տնտեսական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ-ի դեսպան Միխաիլ Բոչարնիկովը։
«2019 թվականը ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար շատ արդյունավետ էր։ Երկու երկրների միջև հարաբերություններում արձանագրվել է զգալի աճ։ Մեր համագործակցության զարգացմանը տոն են տալիս նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, նրանց բարեկամական կապերը և շփումները, որոնք հանդիսանում են նրա օրինակը, թե ինչպես պետք է զարգանան միջպետական հարաբերությունները։ Բարձր մակարդակով քաղաքական հարաբերությունների և հանդիպումների հետ մեկտեղ, ես կցանկանայի ընդգծել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության զարգացումը»,- «Մոսկվա-Բաքու» պորտալին տված հարցազրույցում ասել է Բոչարնիկովը:
Նրա խոսքով, տնտեսական կապերը, որոնք ուղղորդվում են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքով, զարգանում են բավականին ակտիվ, և գլխավորն այն է, որ դրանք ոչ թե ակնթարթային, այլ ապագային նպատակաուղղված հեռանկարային են։
«Մեր երկրների միջև գործում է տնտեսության առանցքային ոլորտներում համագործակցության գործողությունների պլան։ Դրանք արդեն բաղկացած են վեց «ճանապարհային քարտեզներից», և կարևոր է, որ այդ քարտեզներում գրված հարցերը ոչ թե մնում են թղթի վրա, այլ իրականացվում են։ Մենք ձգտում ենք ջանքեր ներդնել տնտեսական ոլորտում, որպեսզի աճի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, նպաստել նրան, որպեսզի ոչ նավթային հատվածը գնալով ավելի նշանակալից տեղ գրավի մեր երկկողմ հարաբերություններում, ձտգել Ադրբեջանի ՀՆԱ-ի աճին, այդ նպատակով արտադրական ոլորտում իրագործվում են որոշ նախագծեր»,- նշել է դեսպանը։