Բոլոր այն արդյունքները, տնտեսական բոլոր ցուցանիշները, որոնք կառավարությունն այս տարի արձանագրել է, արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի և ի հեճուկս նախարարությունների։ Ցավոք, այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ունենք մեծ նախարարություններ՝ շատ պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը այն է, թե երբ ժամը երբ լրանա, որ գնան տուն: Վարչապետը նշեց, որ պետական համակարգին բրդում են, որ գնան խնդիրը լուծեն և նույն պայքարը կոռուպցիայի դեմ տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ.
«Պատճառ միշտ էլ կա, այն օրը ես ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին։ Որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառը միշտ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք։ Վարչապետի կաբինետում գիտե՞ք ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, ասում են՝ այդ «ատկատները», որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետև կապիտալ ծախսերն ավելի լավ է գնան ինչ-որ տեղ, որ փողը պտտվի, որ գոնե մի արդյունք ունենանք»,- հայտարարեց Փաշինյանը։
Բայց, արձանագրեց վարչապետը, եթե հայտարարվի, որ այդ պետական կառավարման համակարգը դրվում է մի կողմ ու նորն է ստեղծվում՝ թափուր հաստիքների համար համապատասխան մասնագետներ չեն գտնվի։ Եվ սա այն պատճառով, որ մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ, ասում, են՝ արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական, տասը անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետն ու նախագահը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես.
«Եվ այդ համակարգը ստեղծածներն են, որ այսօր ասում են՝ ո՞նց է, ինչո՞ւ եք ուզում բուհական համակարգից՝ օրինակ, կիբեռնետիկայի ֆակուլտետից հանել «Հայոց լեզու», «Պատմություն» առարկաները: Ոչ ոք չի ասում, որ Հայաստանի շատ թե քիչ հնարավորություն ունեցող դիմորդների 90 տոկոսն ուզում են գնալ, օրինակ, Անգլիայում սովորել։ Այս կեղծիքի միջավայրում ինչքա՞ն ենք մենք շարունակելու ապրել»,- վրդովված հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։