ՀՀ պատվիրակությունը տապալել է Ադրբեջանի՝ ՀԱԷԿ-ը փակելու նախաձեռնությունը Եվրանեսթում
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական պատվիրակության՝ Հայկական ատոմակայանի փակման հարց դնելու փորձերը: Դժվար էր, բայց մեզ դա հաջողվեց: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը շեշտում էր, որ ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում իրականացվեն ատոմակայանի փակման գործընթացները: Սակայն հենց քվեարկությունից առաջ հանձնաժողովում երկար փաստարկներով ներկայացրել է, թե ինչու է այս առաջարկությունն անընդունելի.
«Ներկայացրեցինք ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից հատված, որտեղ հստակ շեշտադրվում է, որ Մեծամորի ատոմակայանն իր անվտանգության մակարդակում բավականին առաջընթաց է ապահովել վերջին 2-3 տարիների ընթացքում: Այս փաստարկներն ազդեցություն ունեցան ներկաների վրա, և բոլոր պատգամավորները՝ բացառությամբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի, դեմ քվեարկեցին հայկական ատոմակայանի փակման առաջարկին», - ասաց Աբրահամյանը:
Նա նաև նշեց, որ Թբիլիսիում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքներում հայկական պատվիրակությունը իր առջեւ դրված նպատակներից ու խնդիրներից շատ ավելի մեծ հաջողություններ է արձանագրել։
Ի դեպ, Եվրանեսթ ԽՎ-ի հաջորդ տարվա հանձնաժողովների նիստերը կանցկացվեն Հայաստանում: Գայանե Աբրահամյանի խոսքով՝ ապրիլին ծանր, գերլարված օրեր են սպասվում, բայց չափազանց կարեւոր է, որ հինգ տարվա ընդմիջումից հետո Հայաստանը նորից կհյուրընկալի Եվրանեսթ ԽՎ-ի պատգամավորներին։
«Սա եւս մեկ հաջողություն էր, որ գրացել էի դեռեւս մեկ ամիս առաջ Կիեւում կայացած ԽՎ-ի բյուրոյի նիստին»,- նշեց նա։