ՌԴ-ն ամեն կերպ կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը. Զախարովա
Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ամեն կերպ կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը՝ հանուն հակամարտության կարգավորման: Այս մասին ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անդրադառնալով Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը նա նշել է, որ չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել.
«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ գրանցել ենք կողմերի հետագա երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են՝ ակնհայտ է, այլապես բանակցային գործընթաց չէր լինի: Բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի երկխոսությունը կառուցողական շարունակություն ունենա և կողմերը կարողանան գտնել փոխընդունելի որոշումներ»,- ասել է Զախարովան:
Իսկ այն, որ դա հնարավոր է չնայած դիրքորոշումների տարբերությանը և առկա կարմիր գծերին, Զախարովան չի կասկածում: Որպես օրինակ նա հիշեցրել է հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի վերջին փոխանակման փորձը և շեշտել, որ միջնորդների դերն այս հարցում կառուցողական էր: