Տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7.5 տոկոս է: Սա մեր տարածաշրջանում, Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում, հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է: Այս մասին ԱԺ-ում 2020թ. պետական բյուջեի քննարկմանը եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, արդյունաբերությունն աճել է 8.8 տոկոսով, մշակող արդյունաբերության աճը կազմել է 9.3 տոկոս, շինարարությունն աճել է 4.5 տոկոսով, ծառայությունների աճը կազմել է 15.1 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 8.9 տոկոս, արտահանման աճը կազմել է 7.2 տոկոս, աշխաավարձերի աճը կազմել է 5.9 տոկոս:
Այս ամենի ֆոնին նա արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր կրկին համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճերից մեկը:
«Պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են շուրջ 6 տոկոսով, ՀՀ-ում սննդամթերքն աճել է ընդամենը 0.1 տոկոսով: Ի՞նչ կապ ունի այս ամեն ինչի հետ կառավարությունը: Կապը շատ ուղիղ է. մենաշնորհների հաղթահարման առումով այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և աննախադեպ ցածր մակարդակի վրա: Ընդ որում, Հայաստան աշխարհը, եթե ոչ միակը, այն քիչ երկրներից է, որտեղ օրինակ այս սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնանկում է արձանագրվել: Ես չգիտեմ աշխարհում երկրորդ երկիրը դուք կարող եք գտնել, թե՝ ոչ: Ես ուզում եմ արձանագրել, որ սրանք ոչ թե լավ, սրանք շատ լավ ցուցանիշներ են, որոնք հասկանալիորեն փորձ է արվում կասկածի տակ դրնել մեր որոշ ընդդիմախոսների կողմից: Ընդ որում, պաշտոնապես հրապարակված այն թվերը, որոնք անկումներ են արձանագրում, շատ ոգևորությամբ հիշատակվում են մեր ընդդիմախոսների կողմից: Օրինակ, հունիս ամսին, երբ մենք ընդամենը 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք, այդ 3 տոկոսը, 3.3 տոկոսը դարձել էր հակահեղափոխական դրոշ մեզ ու ձեզ հայտնի անձանց ձեռքին: Իսկ երբ խոսքը գնում է այդ նույն գործիքով, նույն տվյալներով արդեն աճ է արձանագրում, ասում են չէ, ընդ որում, հղում են անում այդ նույն վիճակագրության ուրիշ տողի վրա, հերքելու համար այն մյուս տողը: Սա հասկանալի տրամաբանություն չէ»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայատանի միջազգային պահուստները 2019թ. հոկտեմբերի դրությամբ գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա են, ընդ որում 2018թ. նույն ամսվա համեմատ աճել են 386 մլն դոլարով կամ 19 տոկոսով: Ընդ որում, սա, ասաց նա, վիճակագրական ցուցանիշ չէ, սա փող է, որ այնտեղ դրված է, կարող եք հանձնաժողով կազմել, գնալ, ստուգել:
Հաջորդիվ անդրադարձավ ՀՀ կենտրոնական բանկին, որը մեկ այլ աննախադեպ ցուցանիշ է արձանագրել:
«Այս տարի 521 մլն դոլար գնվել է ՀՀ-ում: Սա առանց այսպիսի տնտեսական ցուցանիշների ուղիղ վկայություն է, որովհետև 521 մլն դոլար ՀՀ-ում դարձվել է դրամ: Ի՞նչ են արել այդ փողը: Եթե բարձի տակ պիտի պահեին՝ դոլար կպահեին, ինչի են դրամ պահում, դրսից եկած կամ չէին գա ընդհանրապես: Այդ 521 մլն դոլարը ծախսվել է, օգտագործվել է, շրջանառվել է ՀՀ-ում: Դա տնտեսական արդյունք չի՞ ունեցել: Լավ, տնտեսական արդյունք չի ունեցել: ՀՀ-ի 2019թ. պետական բյուջեն գերակատարվում է 89 մլրդ դրամով: Եթե այս վիճակագրության տվյալները կեղծ են, սուտ են, այդ դեպքում այս թվերը որտեղի՞ց, սա էլ կոնկրետ փող է: Էլ չեմ խոսում այլ աննախադեպ ցուցանիշների մասին»,- թվարկեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունն այսօր փակում է 30 ամյա ավելացված արժեքի հարկի գործարար հանրության ունեցած պարտքը. «56 մլրդ դրամ մենք հատկացնում ենք, ընդ որում՝ հուսահատ պարտքին: Ասում են ներդրումային միջավայր, մարդը, որը հույս չի ունեցել, որ այդ փողը վաղուց գրել են սառույցին, մենք իրեն գտնում ենք, ասում ենք ՝ եղբայր կարո՞ղ է փող է պետք ձեզ կամ մենք պարտք ենք ձեզ, մենք չենք այդ պարտքը կուտակել՝ նախկին, նախկին, նախկին կառավարությունները, բայց մենք փակում ենք այդ պարտքը: Սա վիճակագրության տող չէ, սա կոնկրետ փող է, որ գնում է կոնկրետ մարդկանց: Աննախադեպ ծավալի՝ 330 կմ ասֆալտ է արվել, բա սա տնտեսական արդյունք չի՞ ունենում: Գնացեք շինարարության ոլորտի մարդիկ թող ասեն, այսօր բոլոր կազմակերպությունները ծանրաբեռնված են: Երբ ակնարկում ես, որ կարող է նոր պատվեր լինի, նոր տենդեր լինի, եկեք մասնակցեք՝ գույները գցում են, ճնշումները բարձրանում է, որովհետև այնքան գործ ունեն չգիտեն արդեն իսկ վերցրած գործերի տակից ոնց դուրս գան»,- ասաց վարչապետը
Ինչ վերաբերում է նեգատիվ ցուցանիշներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում, ապա Փաշինյանը գտնում է, որ գյուղատնտեսության ոլորտում, թեև այո, վիճակագրորեն ունենք անկում, բայց պետք է հասկանանք՝ ինչքանով այդ անկումը կապ ունի, օրինակ՝ նախկինում արձանագրված կեղծ մթերումների և արտահանումների հետ:
«Չգիտե՞ք դուք դրա մասին, որ կեղծ՝ իբր Հայաստանից խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձևակերպեն հայկական կոնյակ և այլն: Մենք փակել ենք դրա ճանապարհը: Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ, չգիտեմ ինչ են բերել հայկականի տակ ձևակերպել են, փակել ենք այդ ճանապարհը ու ճիշտ ենք արել: Բայց դրա արդյունքում մենք ի՞նչ ունենք: Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք արտահանման աճ: Պատրաստի սննդի արտահանման աճը կազմում է 14,9 տոկոս, բուսական ծագման արտադրանքի արտահանման աճը կազմում է 15,2 տոկոս: Ու ճիշտ ենք արել, որովհետև ներսի տնտեսությունը սկսել է աշխատել: Վարունգի արտահանման ցուցանիշն այս տարի աճել է 489 տոկոսով: Սրանք պրոցեսներ են, որոնք տեղի են ունենում մեր երկրում, և դրանք առողջացման պրոցեսներ են»:
Նա անդրադարձավ նաև ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ելույթին, ով խոսել էր օտարերկրա ներդրումների մասին:
«Իրականում, օտարերկրյա ներդրումներն ընդամենը կազմել են 2,2 մլրդ դոլար, աճը նախորդ շրջանի համեմատ 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս: Հիմա, բավարարո՞ւմ է արդյոք մեզ 456 մլն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումները՝ ո՛չ, չի բավավարում: Բայց կա՞ սրա հետ պրոցես կապված՝ իհարկե կա: Օտարերկրյա ներդրողը որ պետք է գա Հայաստան ի՞նչ է նայում՝ նայում է առաջինը «Մուդիսի» վարկանիշը, «Ֆիթչի» վարկանիշը, եվրաբոնդերի վարկանիշը: Բոլոր առումներով Հայաստանի վարկանիշն աճում է: Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա և երեկոյան ճամպրուկներով փողը բերի՞ Հայաստան: Հետևում են պրոցեսներին, և սա է, որ բերելու է օտարերկրյա ուղղակի ներդրում: Հիմա նաև այն մասին, որ այո՛, լավ է, բայց մենք ավելի լավ ենք ուզում: Իհարկե, ասվեց, որ մենք ավելի լավ ենք ուզում, բայց պետք է հասկանանք տրամաբանությունը»,- նշեց վարչապետը:
«Մենք հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացրել ենք. 2018 թ. համեմատ 353 մլրդ դրամ եկամուտ ենք ունեցել, 353 մլրդ դրամ 1,5 տարվա ընթացքում, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մասին ենք մենք խոսում: Մենք էլ գոհ չենք սրանից: Բայց կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք սանդուխք, որն ունի 100 աստիճան, որպեսզի մենք 100-րդ աստիճանին հասնենք պետք է անպայման անցնենք 1,2,3, 4,5,6, 7… լավ կարող ենք լոնքերով երկու-երկու, երեք- երեք թռնենք, հիմա մենք չորս ենք թռնում: Մեր ընդդիմադիրներն ասում են՝ չէ, ոնց եք չորս թռնում 12 թռեք միանգամից: Չի կարող լինել այդպիսի բան: Ընդհանրապես որևէ մեկը չի կարող այդպիսի բան անել: Չնայած, անկեղծ ասեմ, մեզ դուր է գալիս, որ դուք մեզ ասում եք՝ 12 թռեք, 24 թռեք, մեզ դա դուր է գալիս: Տենց դուխ տվեք մեզ, և մենք կթռնենք անպայման:
Հիմա այս ամեն ինչն ինչի՞ համար եմ ասում: Այս ամեն ինչն ասում եմ վերադառնալու համար այս տարվա սկզբին և նախորդ տարվա վերջին այս դահլիճում տեղի ունեցած քննարկումներին: Ինչի՞ մասին են խոսում այս ցուցանիշները: Այս ցուցանիշները խոսում են մի շատ կարևոր բանի մասին՝ այն գաղափարախոսությունը, որ մենք դրել ենք Հայաստանի տնտեսական ռազմավարության հիմքում, հիշո՞ւմ եք խոսում էինք անհատական ջանի մասին: Այդ գաղափարախոսությունն աշխատում է, սա ուրիշ բանի մասին չի կարող վկայել: Այդ գաղափարախոսությունն աշխատում է: Եվ այո՛, այսօր Հայաստանում տնտեսական հաջողությունների հիմքում ընկած է այդ քաղաքական գաղափարախոսությունը՝ ներառական տնտեսության, որը պետք է զարգանա անհատական ջանքի միջոցով: Ես ուզում եմ ասել, որ այս ցուցանիշները չեմ ասում, չեմ բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը գործով գովելու համար: Ես այս ցուցանիշները բարձրաձայնում եմ ՀՀ քաղաքացուն գովերգելու համար, որ այս թվերը մենակ մի բան են նշանակում, որ նրանք անսացել են մեր կոչին, հավատացել են իրենց անհատական ջանքին: Նրանք ընդունել են այդ պատասխանատվությունը երկրի տնտեսական վիճակի համար: Նրանք հավատացել են կառավարությանը, ով ասել է, որ մենք չենք եկել այս կաբինետներում նստել, որ մենք հարստանանք, մենք եկել ենք այս կաբինետներում նստել, որ դուք հարստանաք, Հայաստանի Հանրապետությունը հարստանա, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հարստանա: Նրանք հավատացել են, որ ասել ենք՝ հարստացեք և հարստացրեք, նրանք հավատացել են, որ ասել ենք՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, միայն աշխատանքով, ուրիշ տարբերակ չկա: Մնացած բոլոր մեթոդներն աղքատությունը միայն խորացնելու են: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր 2019 թ.-ի ընթացքում տնտեսական գործունեություն են սկսել, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քարը քարի վրա են դրել, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հսկիչ դրամարկղային կտրոն են տվել և հսկիչ դրամարկղային կտրոն են պահանջել, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հաշիվ ապրանքագիր են գրել և հաշիվ ապրանքագիր են պահանջել:
Այդ նոր փուլի մեկնարկին այդ ՀԴՄ-ների թեման շատ արծարծվեց, դա ընկալվում է հանրության կողմից որոշակիորեն, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հիմա էլ կենտրոնացնենք հաշիվ ապրանքագրերի վրա, որովհետև առևտրի հիմնական ծավալը տեղի է ունենում հենց հաշիվ ապրանքագրերով, ապրանքների բացթողնմանը և ընդունմանը: Ես կոչ եմ անում բոլորին՝ և՛ ապրանքներն ընդունողներին, և՛ բացթողողներին, չաշխատել առանց հաշիվ ապրանքագրերի, որովհետև էլի ուզում եմ ասել, որ պետությունից հարկ թաքցնող և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից: Գողանում է այն զինվորից, որն այսօր սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է մեզ բոլորիս այս դահլիճում բանավիճելու իրավունքը, որովհետև եթե նրանք այնտեղ կանգնած չլինեն՝ ընդդիմադիր, իշխանություն, ընդդիմություն, իշխանություն, քննադատություն, ամեն ինչ կդառնա անիմաստ: Հետևաբար, մի գողացեք մեր զինվորներից: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահում սա ասել, որովհետև կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ չենք գողանում մենք պետական բյուջեից, ես չեմ գողանում ոչ մի լումա: Եվ ընդհակառակը, ասում եմ, այո, կկտրենք բոլոր այն ձեռքերն, ովքեր մեր երկրից, մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, մեր թոշակառուից, մեր ուսուցչից»,- հավելեց իր ելույթը Նիկոլ Փաշինյանը: