24.11.2024
Դրա անունն է «Ֆլեշ». ՆիկոլՓաշինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն քաղաքական հետապնդում է որակում Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված մեղադրանքը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել իր առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդել է Հատուկ քննչական ծառայությունը)։


ՀՀԿ հայտարարությունը՝ ստորև․


«Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին:


ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը, երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և սահմանադրականության պահպանմանը:


Գործող վարչակազմին ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեությունը, ինչը հատկապես տեսանելի դարձավ ՀՀԿ ղեկավարի հայտնի զագրեբյան ելույթից հետո, որում շոշափվեցին հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող խնդիրներ և տրվեցին հստակ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գնահատականներ:


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:


Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք.


1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում:


2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:


3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:


4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը:


5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա:


6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»: