Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է համարում Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ արաբ գործարարների հետ հանդիպման շուրջ պտտվող լուրերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պատասխանը:
Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին բուռն քննարկումներ էին ընթանում նախօրեին՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների վերաբերյալ: Նա մասնավորապես պատասխանել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքերին առ այն, որ քաղաքապետ Մարությանն օրեր առաջ ընդունել է արաբ ներդրողների, որոնք հանդիպումից հեռացել են հիասթափված:
Ծառուկյանն ասել էր, որ ներդրողները ցանկացել են Երևանում կառուցել երկու հյուրանոց, անվճար մեկ հիվանդանոց և ներդրումներ անել նաև քաղաքի մետրոյի զարգացման մեջ: Երևանի քաղաքապետը մանրամասն պատմել էր այդ հանդիպման մասին՝ նշելով, որ Ծառուկյանին սխալ տեղեկատվություն են տրամադրել:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նախ չհամաձայնեց, որ արաբ ներդրողները եղել են «շեյխերի ներկայացուցիչներ»:
«Եթե լինեին Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնական ներկայացուցիչ, ապա կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրել, որպեսզի նա զանգի ինձ և խնդրի, որ ես միջնորդեմ Երևանի քաղաքապետին նրանց ընդունելու հարցում: Եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, ապա դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ», - կասկած հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով է զանգել քաղաքապետ Հայկ Մարությանին այդ գործարարներին ընդունելու համար․ «Երևանի քաղաքապետը նրանց ընդունել է կիրակի օրով: Ընդ որում, պարոն Ծառուկյանն ինձ ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչներ: Ես, հարգանքով վերաբերվելով… նրանց Երևանի քաղաքապետն ընդունել է արարողակարգի բոլոր կանոններով»:
Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ տարօրինակ է եղել այն, որ քաղաքապետի հետ հանդիպմանը այդ կարգի մարդիկ եկել են ջինսերով, բոթասներով և մայկաներով: Սա վերաբերմունք է պետական ինստիտուտին: Նրանք ասել են, որ Երևանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար: Երևանի քաղաքապետն ասել է, որ ցավոք ձեր նշած տարծքներում քաղաքապետարանի տիրապետության տակ հող չկա: Մասնավորը գուցե ունենա, պետք է գնել, այդպիսին է իրավիճակը: Հընթացս երեք հյուրերն էլ պարզվում է՝ հեռախոս են ունեցել մոտները և զանգեր են ստացել, որոնց պատասխանել են»:
Փաշինյանի խոսքով՝ երբ քաղաքապետը նրանց ներկայացրել է առկա հնարավորությունները, սկզբից հյուրերից մեկն է խոսել հեռախոսով, հետո մյուսն է պատասխանել զանգին։ «Քաղաքապետն ընդհատել է իր խոսքը, հետո երկրորդին է եկել զանգ, կրկին ընդհատել է իր խոսքը: Հետո, երբ երրորդին է եկել զանգ, քաղաքապետն ասել, որ կարծում եմ՝ այս խոսակցությունը հետաքրքիր չէ ձեզ, քանի որ անընդհատ հեռախոսով եք խոսում և, ըստ էության, ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն»,- պատմեց եղելությունը Փաշինյանը՝ նշելով, որ քաղաքապետը ճիշտ է վարվել:
«Եթե ժամանակին եղել են քաղաքապետեր, որոնց հետ խոսել են նման կերպ, ապա այդ ժամանակներն ավարտվել են»,- ասաց Փաշինյանը: