Ամոթ է, երբեք այսքան ցածր չի եղել բանավեճերի մակարդակն Ազգային ժողովում, Ազգային ժողովի ամբիոնից դեկտեմբերի 4-ին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Ազգային ժողովում բուռն քննարկումներ են ընթանում նախօրեին՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների վերաբերյալ: Նա մասնավորապես պատասխանել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքերին առ այն, որ քաղաքապետ Մարությանն օրեր առաջ ընդունել է արաբ ներդրողների, որոնք հանդիպումից հեռացել են հիասթափված:
Ծառուկյանն ասել էր, որ ներդրողները ցանկացել են Երևանում կառուցել երկու հյուրանոց, անվճար մեկ հիվանդանոց և ներդրումներ անել նաև քաղաքի մետրոյի զարգացման մեջ: Երևանի քաղաքապետը մանրամասն պատմել էր այդ հանդիպման մասին՝ նշելով, որ Ծառուկյանին սխալ տեղեկատվություն են տրամադրել:
Ազգային ժողովում պատգամավորները թեև միմյանց հանդուրժողոկանության կոչ էին անում, սակայն ելույթից ելույթ ավելի բարձր տոնայնությամբ ու առավել սուր ձևակերպումներով են արտահայտվում միմայնց հասցեին:
«Ուշադիր լսում ենք պարոն Ծառուկյանի հարցազրույցները, բայց ահագին բաներ չենք հասկանում: Հիմնական խոսքն ուղեկցվում է տարբեր բառերով, և ընդհանուր միտքը հասկանալի չէ: Երկու օր է՝ փորձում ենք վերծանել, թե երեկ այդ մարդն ինչ էր ասում և ինչի մասին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսելով Ծառուկյանի՝ արաբ ներդրողների մասին հայտարարության վերաբերյալ:
«Դրա համար դպրոց կա,- տեղից արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորերից մեկը, որին ի պատասխան Դավոյանն ասաց։- Ես գնացել եմ դպրոց և շատ լավ եմ սովորել, կարող եք ծանոթանալ»:
Դավոյանի ելույթն անրաձագանք չմնաց: Ամբիոնին մոտեցավ Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ բեղոքեց, որ 12 տարվա խորհրդարանական է, սակայն երբևէ «խոհրդարանն այսքան ցածրակարգ բանավեճերի հարթակ չի եղել»:
«Մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասաց նա ու անդրադարձավ Արփի Դավոյանի խոսքերին։- Դուք իրավունք չունեք վիրավորել պարոն Ծառուկյանին, որևէ մեկը որևէ մեկին վիրավորելու իրավունք չունի»: «Եթե չեք հասկացել իր որևէ հարցազրույցը, խնդիրը փնտրեք ձեր մեջ», - վրդովվեց Զոհրաբյանը:
Այնուհետև նա ներկայացրեց «ինչ է իրականում տեղի ունեցել»: «Շատ պարզ բան: Ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է… չի հասկանում, չի հասկացել, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղն Ազիզյաններն են, իր տեղը Գառնիկն է: Նա չի կարողանում բարենպաստ պայմաններ ապահովել, որպեսզի միլիարդավոր ներդրումները գան Հայաստան», - ասաց Նարիա Զոհրաբյանը: