Հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ վարչապետի որոշմամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 4-7-ը հայկական ևս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու: Վերջին 20 օրերի ընթացքում սա հայերից բաղկացած երկրորդ խումբ, որ մեկնում է Ադրբեջան:
Այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը:
Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:
Նշենք, որ նոյեմբերի 17-21-ը տեղի էր ունեցել հայ եւ ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխադարձ այց. Հայաստանի եւ Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան եւ Արցախ: