Շուտով կարող է ավիաշուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն: Այս մասին դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ներկայացնելով «ՀՀ պետական տուրքի մասին» օրեքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրիանգիծը:
Ռևազյանի խոսքով, ավիաշուկայի զարգացման նպատակով բանակցությունները շարունակվում են արտասահմանյան ավիաընկերությունների հետ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն Ազգային ժողով էր եկել «լավ լուրով».
«Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն: Արդեն իսկ հայտը ներկայացված է: Տեղական փոխադրողի հայտ ներկայացրած ընկերության հետ քննարկվել է այս օրենսդրական նախաձեռնությունը, և իրենք ողջունում են շուկայում մրցակցության խթանմանն ուղղված մեր քայլերը, քանի որ այն ստիպելու է իրենց ավելի լավ աշխատել»,- ասաց նա՝ հավելելով, որ նպատակ ունեն առաջկայում հանել նաև օդի տուրքը բոլոր ավիաընկերությունների համար:
«Մեզ ժամանակ է պետք, որ ապացուցենք՝ օդի տուրքը հանելով մենք իրոք խթանում ենք նոր ուղղություններ և իսկապես շուկան զարգանում է: Այս պարագայում մեր պետական բյուջեն չի վնասվում, բայց միաժամանակ հնարավորություն ենք ունենում ապացուցել, որ սա աշխատող տարբերակ է»,- ասաց Ռևազյանը:
2018-ին «օդի տուրքից» պետբյուջեն ստացել է 12 մլրդ դրամ:
Ռևազայանն օրենսդիրներին առաջարկում է «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր կետով. «Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից պահանջում է արտնություն ստանալիս իրականացնել իրենց չվերթները ողջ տարվա ընթացքում:
«Եթե ավիաընկերույթունը ցանկանում է մուտք գործել ավիաշուկա այն ժամանակ, երբ իր համար առավել արդյունավետ է, և փակել այդ ուղղության սպասարկումը ձմեռվա ընթացքում, ապա ինքն արտոնություն չի ստանա»,- պարազաբանեց Ռևազյանը:
Արտոնությունը տրվում է երեք տարի ժամկետով՝ ևս երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ: «Սա հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Այսինքն, եթե ավիաընկերությունը որոշի սպասարկել, օրինակ Երևան-Ամստերդամ ուղղությունը, որն այժմ չի սպասարկվում, ապա այն կարող է օգտվել տվյալ արտոնությունից: Եթե վեց ամսից էլ մեկ այլ ավիաընկերություն որոշի սպասարկել տվայալ ուղղությունը, այն ևս կարող է օգտվել այդ արտոնությունից, բայց երկուսուկես տարվա համար», - ասաց նա:
Այս նոր կարգավորումների նապատակն է վերացնել շուկայում նոր ուղղությունների սպասարկման համար մենաշնորհային արտոնություններ ստանալու ռիսկը․ «Մենք այսպես վերացնում ենք այն ռիսկը, որ մի ընկերություն կարող է մտնել շուկա, բացել տաս նոր ուղղություններ և դառնալ միակ ավիաընկերությունը, որ տվյալ ուղղություններով ստանում է արտոնություն»։
Ըստ բանակցությունների հաստատված արդյունքների՝ առաջին տարում Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կաճի շուրջ 300 000 ուղևորով: Նոր կարգավորումները միայն նպաստելու են այս ցուցանիշի բարելավմանը, , վսահեցնում է Ռևազյանը․ «Հաշվի առնելով, որ մեր ընդհանուր ուղևորահոսքը «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում կազմում է մոտ 2,9 մլն ուղևոր, սա բավականին տպավորիչ թիվ է»:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաշվարկներով առաջիկա երեք տարվա ընթացքում միայն զբոսաշրջության զարգացումը կնպաստի Հայաստանում հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը: Միաժամանակ, միլիոնավոր դոլարներ կվաճարվեն պետական բյուջե հարկերի տեսքով, կզարգանան ենթակառուցվածքները, կբարելավվի ներդրումային միջավայրն ու կխթանվի հայաստանցի գործարարների մուտքը միջազգային շուկաներ:
Ավիաշուկայում արտոնությունների ստացման մասին առավել ակտիվ սկսեցին խոսել Ryanair լոուքոստեր ավիաընկերության մուտքի մասին հայտարարությունից հետո, որը տեղի կունենա 2020-ի սկզբին: Այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ: Փաշինյանը շեշտեց, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել տեղական և օտարերկրյա բոլոր ավիաընկերությունները: