26.11.2024
Սա հերթական քաղաքական ռեյդն է. Մինասյան
prev Նախորդ նորություն

Ապահովագրություն և՛ աշխատողի, և՛ չաշխատողի համար. Թորոսյանը ներկայացրել է մանրամասներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրել է առողջապահության համապարփակ ապահովագրության շուրջ իր տեսակետը և հակադարձել ընդդիմախոսներին։ Ըստ նախարարության ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Նախարարի խոսքը կրճատումներով ներկայացված է ստորև։


«Նկատում եմ, որ կա՛մ միտումնավոր, կա՛մ առանց միտումի քննարկումները սխալ ուղղությամբ են գնում։ Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, սակայն էլի հիմնական որոշ թեզերին կուզեմ անդրադառնալ։ Ես կարծում եմ, որ առողջության համապարփակ ապահովագրության դեմ հիմա արտահայտվում են հիմնականում այն մարդիկ, որոնք արդեն ունեն կամավոր բժշկական ապահովագրություն կամ այն մարդիկ, որոնք ունեն բարձր եկամուտներ։ Ես, մինչև այս մարդկանց հիմնական թեզերին անդրադառնալը, ուզում եմ հիշեցնել, որ մենք ամեն դեպքում մեր առողջության վրա ծախսում ենք շատ ավելին ազգովի, քան առաջարկում ենք նոր մեխանիզմով հավաքագրել՝ անունը կլինի հարկ կամ այլ կերպ։



Ես երեկ նշեցի, որ մեզ համար բացարձակ էական չէ այդ ֆինանսների աղբյուրը, կարևորը նպատակն է։ Եվ եթե նպատակին մենք բոլորս համաձայն ենք, ապա աղբյուրների մասին կարող ենք բանավիճել։ Մեր նպատակը՝ որպես առողջապահության նախարարություն և սոցիալական պետություն, հետևյալն է՝ ունենալ համապարփակ ծածկույթ ՀՀ ամբողջ ազգաբնակչության համար, այն բոլոր ծառայությունների համար, որոնք առաջացնում են աղետալի ծախսեր և կյանք են փրկում։ Դա այնքան մեծ ծածկույթ է, որ գրեթե, կոպիտ ասած, տակը ոչինչ չի մնում։ Եվ եթե նպատակի շուրջ մենք բոլորս համաձայնում ենք, ապա այդ նպատակին հասնելու ֆինանսական միջոցների շուրջ մենք կարող ենք բանավիճել։ Երեկ նշեցի, որ այդ բանավեճը բավական երկար կտևի, որովհետև սա մեր կողմից, ճիշտ է հիմնավորված, բայց ընդամենը առաջին առաջարկն է։


Չեմ ուզում նսեմացնել մեր առաջարկը, որովհետև այն մեր կառավարության ժամանակ առնվազն մեկուկես տարի և շատ ավելի երկար նաև նախկինում բազմիցս քննարկվել է։ Այն բավական լավ է անդրադառնում առկա բոլոր խնդիրներին։ Եվ նորից շեշտելով, որ մենք ամեն դեպքում այդ գումարները ծախսում ենք մեր առողջության վրա՝ մեր, մեր հարազատների, մեր ընկերների, մեր մյուս համաքաղաքացիների՝ մենք ընդամնեը առաջարկում ենք այդ գումարների հավաքման և բաշխման նոր մեխանիզմ, որը ավելի էֆեկտիվ է, որը ավելի արդար է, որը ավելի լավ արդյունքներ է բերելու պետության համար։


Հիմա անդրադառնամ այն խմբի փաստարկին, որ ասում է՝ մենք արդեն ունենք ապահովագրություն։ Դրանք մեր մոտավորապես մի քանի տասնյակ հազար քաղաքացիներն են, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում՝ հիմնականում այնպիսի ընկերություններում, որոնք, ունեն շատ աշխատողներ, բարձր աշխատավարձ են վճարում, ունեն արևմտյան կորպորատիվ մշակույթ իրենց ներքին կանոնակարգերում և համարում են, որ աշխատակիցները պետք է ունենան հավելյալ խրախուսանքներ իրենց աշխատավայրում, որպեսզի լավ աշխատեն և լավ աշխատակիցներ գտնեն։ Այսպիսի փաստարկ է բերվում, թե ինչու մենք պետք է կրկին վճարենք առողջության ապահովագրության համար, եթե մենք այն ունենք։ Դրա պատասխանը հետևյալն է։ Դուք չպետք է վճարեք, և գործատուն չպետք է վճարի առողջության այդ ապահովագրության համար, քանի որ պետությունը, նոր մեխանիզմ ներդնելով, լուծում է այդ հարցը։ Եվ քանի որ գործատուն, լինելով կորպորատիվ պատասխանատու գործատու, ուզում է հավելյալ օգուտ ապահովել իր աշխատակցի համար, նա կարող է հավելյալ այդ խրախուսանքները այլ միջոցներով երաշխավորել։ Առնվազն նա կարիք չի ունենա այդ գումարները կրկին ծախսելու, ոչ ոք երկու անգամ չի վճարելու առողջության ապահովագրության համար, քանի որ մեր նկարագրած համակարգը, որը դրված է հանրային քննարկման, այնքան լավն էր, որ հավելյալ ծախսի կարիք պրակտիկորեն չի առաջանալու։ Միգուցե առաջանա ծախսի կարիք ատամնաբուժության համար, որը կրկին գործատուն կարող է առանձին փոքրիկ փաթեթով ապահովել, կամ ինչ-որ հարմարավետ պայմանների համար։ Հետևաբար ֆիքսենք, որ հավելյալ վճարելու կարիք առնվազն չի լինի։ Դա կարող է լինել հավելյալ խրախուսանք գործատուի կողմից, որ ինքը կորոշի՝ իր աշխատողներին ոնց է խրախուսում։ Նա կարող է աշխատավարձ բարձրացնել այդ հավելյալ գումարների հաշվին կամ տալ հավելյալ այլ խրախուսանքի միջոցներ և այլն։


Հաջորդ փաստարկը։ Շատ լսում եմ, որ ինչու աշխատողները պետք է վճարեն չաշխատողների համար։ Հիշեցնեմ նորից, որ այդ չաշխատողների մեջ են մտնում մեր իսկ ծնողները, որոնք արդեն աշխատանքային տարիքից անցել են կենսաթոշակային տարիքի, մեր հարազատները, մեր ուսանող երեխաները, մեր դեռ չաշխատող երեխաները, որոնք մեծ են 18-ից, բայց դեռ չեն աշխատում։ Դրա մեջ ենք մտնում հենց մենք․․․ երբ որ մենք որևէ հիվանդության պատճառով կարող ենք պարզապես զրկվել աշխատունակությունից, հասկանո՞ւմ եք։


Ես օրինակ որևէ հիվանդության պատճառով կարող եմ էլ չկարողանալ աշխատել, և ես նորից կմնամ ապահովագրված, այսինքն՝ դուք բոլորդ, ովքեր որ հիմա աշխատում եք, վաղը նույնպես լինելու եք ապահովագրված և ծածկույթի մեջ՝ անկախ նրանից՝ վաղը կաշխատեք, թե չէ։ Լինել այդքան համոզված, որ դուք ամբողջ կյանքում աշխատելու եք և ունենալու եք այդ եկամուտը և ապահովագրությունը, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։


Մենք հիմա էլ ենք վճարում հարկեր։ Բոլորս վճարում ենք տոկոսով, մեր աշխատավարձից։ Կար պրոգրեսիվ հարկ, հիմա կլինի համահարթ։ Ամեն դեպքում շատ աշխատողը վճարում է շատ՝ նույնիսկ համահարթ եկամտային հարկի դեպքում։ Եվ այդ հարկերից գոյացած բյուջեով կատարվում են բազմաթիվ պետական ծախսեր։ Մի պարզ օրինակ բերեմ, որը հետո վստահ եմ՝ էլի շահարկելու եք, բայց շատ լավ օրինակ է։ Հիմա նույն տրամաբանությամբ, որ ասում ենք՝ ինչու պետք է իմ վճարած հարկերից բուժվի մի ծույլ, չաշխատող մարդ, նույն տրամադրությամբ կարող եմ ասել՝ ինչո՞ւ պետք է այն ճանապարհով, որը վերանորոգվում է իմ վճարած հարկերով,- կրկնում եմ, այն մարդկանց, որոնք աշխատում են,- պետք է երթևեկեն նաև այնպիսի մարդիկ, որոնք հարկեր չեն վճարել։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է։ Երկիրը մեկն է, հանրային բարիքը բոլորինն է՝ անկախ նրանից, թե մենք այդ բարիքի որ տոկոսն ենք կարողանում մեզ վերցնել մեր աշխատանքի արդյունքում, որովհետև մնացած մարդկանց չլինելու դեպքում մենք այդ հանրային բարիքի մեր մասնաբաժինը չէինք կարողանա վերցնել։


Այդ խտրական վերաբերմունքը, որ հաճախ լսում ենք, չի կարող մեր երկիրը տանել զարգացման։ Այդ այսպես կոչված վայրի կապիտալիստական մոտեցումը, որ չաշխատողները «ինչ ուզում են, թող անեն», մենք չենք հոգում մեր չաշխատող համաքաղաքացիների համար, մեզ տանում է շատ վատ տեղ։ Հետևաբար ես կոչ եմ անում առնվազն քննարկումները բերել կառուցողական դաշտ և մտածել մեր հիմնական նպատակի շուրջ՝ մենք ոնց ենք համախմբվում և հասնում այդ հիմնական նպատակին։


Այսինքն՝ ունենալ նպատակ համապարփակ ծածկույթ ապահովել ամբողջ ազգաբնակչության համար, ունենալ ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք դրան հասնելու։ Ես երեկ նորից նշեցի՝ հարկատեսակը, որ մենք առաջարկել ենք, կարող է լինել ուղիղ զրո դրամ, եթե մենք այդ աղբյուրը գտնենք ուրիշ տեղից։ Եվ եթե մենք գտնենք այդ աղբյուրը, ոչ մի մտադրություն չունենք որևէ մեկի վրա հավելյալ հարկատեսակ դնելու։ Ընդամենը աղբյուր է, որը առաջարկվում է, և որը գործում է աշխարհի շատ երկրներում։


Զարմանալին նաև այն էր այս բանավեճերի մեջ, որ մենք հաճախ հակառակ մեղադրանքներն ենք լսում՝ երբ է լինելու բժշկական ապահովագրություն, որ մենք կարողանանք մեր առողջական ծախսերը հոգալ՝ առանց մեր գրպանից կատարվող աղետալի ծախսերի։ Մենք առաջարկում ենք այդ «երբ»-ի և «ինչպես»-ի մոդելը, որի շուրջ հանրային քննարկումը կգնա, և մենք, ձևափոխելով մեր առաջարկը, կունենանք մեր երկրի համար ամենահարմար մոդելը՝ լսելով բոլոր կողմերին՝ թե՛ ապահովագրված, թե՛ չապահովագրված, թե՛ այսօր աշխատող, վաղը՝ միգուցե չաշխատող, թե՛ այսօր աշխատող, բայց վաղը՝ աշխատող մեր քաղաքացիներին», - ասել է Թորոսյանը։