25.11.2024
Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Թավշյա հեղափոխությունը չի կարողանում կանխել արտագաղթի ալիքը

ՌԴ ՆԳ նախարարության ներկայացրած վիճակագրության համաձայն, այս տարի Հայաստանից ՌԴ քաղաքացիություն ստացել է 17 հազար մարդ։


Թավշյա հեղափոխությունից հետո անընդհատ խոսվում էր այն մասին, որ արտագաղթը ՀՀ-ից դադարելու է և սկսվելու է աննախադեպ ներգաղթ: Ներգաղթի մասին խոսելն ավելորդ է՝ այն այդպես էլ չի գրանցվել, իսկ արտագաղթի տեմպերը շարունակվում են պահպանվել և այն, որ 17.000 մարդ արդեն իսկ ստացել է ՌԴ-ի քաղաքացիություն, նույնպես ինդիկատոր է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ մեկ տարվա ընթացքում անել տնտեսական հեղափոխություն և ՀՀ-ում մնալու հույս արթնացնել քաղաքացիների մոտ:


Արտագաղթն իհարկե ունի բազմաթիվ պատճառներ, սակայն Հայաստանի պարագայում առանցքային պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներ են՝ աշխատատեղերի բացակայությունը հատկապես մարզերում կամ ցածր վարձատրվող աշխատանքը, որը գնաճի և կյանքի թանկության պատճառով ստիպում է մարդկանց լքել ՀՀ-ն: Եվ հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը:


Արտագաղթի շարունակվող տեմպերն ու ՀՀ քաղաքացիների կողմից իրենց քաղաքացիությունից հրաժարվելու և ՌԴ քաղաքացիություն ընդունելու հանգամանքը պետք է ահազանգ լինեն Փաշինյանի և նրա կառավարության համար, որ հասարակությունն այլևս չի ցանկանում բավարարվել գեղեցիկ ելույթներով ու լայվերով, այլ ցանկանում է տեսնել նոր աշխատատեղեր, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, ներդրումներ, որոնք կաշխուժացնեն տնտեսական կյանքը երկրում:


Տնտեսական հեղափոխությունն այդպես էլ մնաց, որպես բարի ցանկություն՝ տնտեսագետների գնահատականներով տնտեսական աճի տեմպերը ցածր են և բավականաչափ չեն թռիչքային զարգացում ապահովելու համար: Դրա փոխարեն հասարակությունը տեսնում է կառավարության շռայլ ծախսերը տարբեր գործուղումների վրա և ավելի շատ է հիասթափվում, ինչն էլ հանգեցնում է արտագաղթի տեմպերի աճին և այլ երկրների քաղաքացիություն ստանալու ցուցանիշների աճին: ՀՀ քաղաքացիներն արտագաղթում են ոչ միայն ՌԴ, այլ նաև Եվրոպա, ԱՄՆ, հազարների են հասնում դիմումները գրին քարտ ստանալու համար:


Բոլոր այդ ցուցանիշները պետք է սթափեցնող լինեն այսօրվա կառավարության համար. անհրաժեշտ են ներդրումներ, նոր աշխատատեղեր, քանի որ հասարակությունը չի ցանկանում տեսնել ձերբակալություններ և այլ շոուներ, որոնք չեն ազդում միջին վիճակագրական քաղաքացու գրպանի պարունակության վրա:


Իշխանությունները կարող են խոսել ինչ-որ մութ ուժերի, հակահեղափոխության մասին, սակայն ներքաղաքական մանր հարցերը չեն հետաքրքրում հանրության լայն շրջաններին, ովքեր այսօր, այժմ են ցանկանում լավ կյանքով ապրել: Օդում կախված է տնտեսական կյանքի կտրուկ բարելավման պահանջ, որը չիրականացնելու դեպքում ՀՀ-ին սպառնում են նոր իշխանափոխություններ կամ սոցիալական ցնցումներ, ինչը ղարաբաղյան հակամարտության առկայության պարագայում կրկնակի վտանգ է պետության անվտանգությանն ու ապագային: