22.11.2024
Փաշինյանը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել ՀՀ ներդրումային հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Փառք Աստծո, որ ինձ չեն համարել իշխող քաղաքական թիմի անդամ. Արթուր Վանեցյան

Անթույլատրելի է, որ ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանության պետի պաշտոնները դառնան քաղաքական: Այդ երկու կառույցների ղեկավարները ծառայում են պետությանն ու հանրությանը, այլ ոչ թե օրվա իշխանություններին: Այս մասին 168.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը նոյեմբերին 20-ին նաև հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:


Այսպես Վանեցյանը պատասխանել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ Արեն Մկրտչյանի հայտարարությանն առ այն, որ «Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, և երբևէ մեր թիմի անդամ չի եղել: ԱԱԾ տնօրենը երբևէ որևէ թիմի անդամ չի լինում»: Նա նաև հայտարարել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում բացահայտումներ անելը պարծենալու բան չէ, ԱԱԾ-ի տնօրենի պարտականությունն է: «Մի դեպքում գործ ունենք ԱԱԾ տնօրենի հետ, մի դեպքում՝ ՀՖՖ նախագահի, որը բոլորովին այլ գործառույթ է», - ասել էր նա՝ քննադատելով Վանեցյանին Իտալիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի ջախջախիչ պարտության համար:


ԱԱԾ նախկին տնօրենն այս հայտարարություններին պատասխանեց հերթով: Նախ նրան գոհացրեց այն, որ պատգամավոր Արեն Մկրչտյանը հասկացել է ԱԱԾ տնօրենի պարտականություններն ու գործառույթները: «Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ի պաշտոնե ուղղակի չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ: Առհասարակ ԱԱԾ տնօրենն ու աշխատակիցը ծառայում են պետությանը, այլ ոչ թե օրվա իշխանությանը: ԱԱԾ-ի ուղիղ պարտականությունն է ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը», - նշեց նա:


Ինչ վերաբերում են ԱԱԾ բացահայտումներին ու դրանցով պարծենալուն, ապա նա այդ արարքները ամենայն հավանականությամբ վերագրում է քաղաքական դեմքերին:


«Ես ի տարբերություն շատերի ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել: Պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել ԱԱԾ բացահայտումներով ինչ-ինչ մարդիկ (չի հստակեցնում՝ ով – խմբ.): Կարծում եմ, այսքանից հետո, պարոն Մկրտչյանը դեմ կքվեարկի այն օրենսդրական նախաձեռնությանը, որը բերվել է Ազգային ժողով, համաձայն որի ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները դառնում են քաղաքական: Քանի որ անթույլատրելի է այդ պաշտաննորի քաղաքականացումը: Եվ փառք Աստծո, որ ինձ չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ», - ասաց նա:


Հարցազրույցի վերջում նա նաև դրական պատասխանեց հարցին՝ արդյոք հանրությունը մոլորության մեջ է: "Կարծում եմ՝ այո", - ասաց Վանեցյանը՝ նշելով, որ ֆուտբոլի թեման օգտագործվում է իր դեմ հաշվեհարդարի համար:


Սեպտեմբերի 16-ին Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը, որի համաձայն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին:


Գործող օրենքով ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ԱԱԾ այն ծառայողը, որը մինչև նշանակումը այդ համակարգում զբաղեցրել է բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Իսկ առաջարկված փոփոխության համաձայն բոլոր այս պահանջներն այլևս պարտադիր չեն և ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:


Առաջարկվում է Ոստիկանության պետի և Ազգային անվտանգության տնօրենի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում: