25.11.2024
ԲՀԿ-ի թեկնածուն խոստանում է քննել կոռուպցիոն գործեր նաև ԲՀԿ-ականների դեմ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Կատարը կստեղծեն աշխատանքային խումբ՝ փոխգործակցության ուղիները հստակեցնելու համար

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։


Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ ներգրավվածություն ունի երկրի կրթական ու սոցիալական զարգացման գործընթացներում և նշանակալի դեր է ունեցել այդ ոլորտներում իրականացվող մի շարք ազգային և միջազգային նախագծերում։


Հայաստանի նախագահին ներկայացվել են Կատարի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու կառուցվածքը, իրականացվող ծրագրերը։ Տեղեկացվել է, որ Հիմնադրամը նպատակ է հռչակել աջակցելու երկրին՝ «մարդկային ներուժը բացահայտելու միջոցով վերածվելու գիտահեն տնտեսության»։ Այն ներառում է մի շարք հաստատություններ, այդ թվում՝ գիտատեխնոլոգիական պարկը, գրադարանը, Կրթական քաղաքը։ Կրթական քաղաքում տեղակայվել են միջազգային մի շարք հեղինակավոր՝ Ջորջթաունի, Կոռնելի և այլ հեղինակավոր համալսարանների, ինչպես նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնաճյուղերը՝ ստեղծելով ակադեմիական և գիտահետազոտական եզակի մոդել։ Հիմնադրամի հայտնի նախաձեռնություններից է 2009 թվականից անցկացվող Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը, որը հանդես է գալիս որպես կրթական ոլորտում նորարարությունների և նոր մոտեցումների ներկայացման գլոբալ հարթակ։


Հիմնադրամում շրջայցից հետո նախագահ Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավար և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ։ Վերջինս նախագահ Սարգսյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, գիտական ծրագրերը և շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին՝ հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի բացմանը մասնակցելու համար։


Շրջայցից իր տպավորությունները հայտնելով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ համագործակցության հնարավորությունները մեծ են, քանի որ ունեն ընդհանուր և համընկնող հետաքրքրություններ։ Նախագահը նշել է, որ իր ցանկությունն է Հայաստանը տեսնել կրթական, գիտական նորարարական հանգույց, ունենալ ինովացիայի վրա հիմնված նոր տիպի կրթական համակարգ, լինել ժամանակակից ու նորարար, քանի որ 21-րդ դարը արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, և հաջողության հասնելու համար պետք է կարողանալ արագ հարմարվել նոր իրողություններին։


Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը։ Նշելով, որ այն ունենալու է մի քանի բաղադրիչ՝ ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, ստեղծվելու է ապագայի թանգարան` նախագահն ասել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի նաև դառնալ հարթակ, որտեղ հայկական ու միջազգային ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու համալսարանները կհամագործակցեն ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր կիրականացնեն։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Կատարի հիմնադրամը ևս կարող է հետաքրքիր գործընկեր լինել այս ծրագրի շրջանակում։


Համաձայնելով, որ գործակցության ներուժն ու հնարավորություններն հսկայական են` զրուցակիցները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխգործակցության ուղղությունները հստակեցնելու համար։