ԲՀԿ-ի թեկնածուն խոստանում է քննել կոռուպցիոն գործեր նաև ԲՀԿ-ականների դեմ
Հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է ընդգրկի ոչ միայն անձեր և կառույցներ, այլև կրի համակարգային բնույթ ու բացառի կոռուպցիայի ցանկացած դրսևորում։ Եվ այս գործընթացում կարևորում եմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը, պետական մարմինների, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Նարեկ Համբարձումյանը:
Նա նշեց, որ այդ կառույցի գործունեության, նրա մշակած հիմնաքարային սկզբունքներից կարևորում է ոլորտի մոնիթորինգային և հետազոտական ծրագրերի արդյունքների, ինչպես նաև միջազգային փորձի հաջողված օրինակների և մոդելների կիրառումը:
«Որպես իմ պետությանը մշտապես ծառայած քաղաքացի պատրաստակամություն եմ հայտնում իմ ամենօրյա աշխատանքով նպաստել ՀՀ-ում ցանկացած կոռուպցիոն դրսևորման կանխարգելող քաղաքականության մշակմանն ու միջոցառումների իրականացմանը»,- ասաց թեկնածուն։
Ի դեպ, նա նաև խոստացավ, որ ԲՀԿ-ի կողմից առաջադրված լինելը չի խոչընդոտի իրականացնել իր գործունեությունն ըստ պատշաճի և ինքը պատրաստ է քննել գործեր, որոնք կվերաբերեն նաև ԲՀԿ-ականներին:
«Հանձնաժողովը ապաքաղաքական կառույց է և հենց այդ պատճառով դրա բոլոր անդամները պետք է լինեն քաղաքականապես չեզոք»,- վստահություն հայտնեց Համբարձումյանը: