Աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը և Վաչագան Ներսիսյանը. որոշումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը: Այս որոշումները վարչապետը ստորագրել է այսօր:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Մովսես Հակոբյանը եւ Վաչագան Ներսիսյանը նույնպես նույն հիմքերով են ազատվել:
Հիշեցնենք, որ թե՛ Հակոբյանը, թե՛ Քոչունցը եւ թե՛ Ներսիսյանն այս պաշտոններում նշանակվել են հեղափոխությունից հետո:
Ամիսներ առաջ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում Հայաստանի իշխանության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն կարող է դառնալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը:
«Փաշինյանը հասկանում է, որ Վիտալի Բալասանյանին և նրա շուրջ համախմբված ուժային խմբավորմանը կարող է հաղթել մարդ, ով չի վախենա դուրս գալ այդ խմբավորման դեմ և տեղի չի տա խմբավորման կողմից հնարավոր սպառնալիքներին»,- գրել էր թերթը: