24.11.2024
Համոզեցին. ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև տարաձայնություններ չկա՞ն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին ժամանակներս իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե տարաձայնություններ կան ՀՀ երկու նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց թիմերի միջեւ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 168.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի պաշտոնաթող նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ու իրենց թիմերի միջեւ առկա տարաձայնությունների մասին օրերս որոշ շրջանակների կողմից հասարակական-հանրային օրակարգ մտցված թեզը: «Հասարակության ներսում խորացող հիասթափությունն ու ապատիան, ինչպես նաեւ ոլորտային եւ տեղային հանրային դժգոհությունները սասանում են Նիկոլ Փաշինյանի պատվանդանը եւ խորացնում իր վախերը: Նա, ավելի, քան երբեւէ, սարսափած է իր ապազգային եւ ապաշնորհ կառավարության դեմ հասունացող միասնական ճակատի գաղափարից որի կարեւորագույն դերակատարները կարող են լինել հենց Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը: Ուստի նրա քարոզչական ֆաբրիկան սկսել է արհեստական օրակարգ բուծել եւ տարածել»,- ասաց Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահը, սակայն, կարծում է, որ այդ ջանքերը նույնքան դատարկ են, որքան Զոհրաբ Մնացականյանին երեկ իրենց երիտասարդների փոխանցած ճամպրուկները: «Մենք շարունակելու ենք բարձրաձայնել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործընթացի հակասահմանադրական եւ բացառապես քաղաքական լինելու մասին: Արել ու անելու ենք դա՝ թե երկրի ներսում, թե երկրից դուրս»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ եւ ինչպես են նշելու տոները։ Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, եւ այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին։ Մենք տեղեկացանք, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում։ Դա վերաբերում է ե՛ւ պաշտոնյաներին, ե՛ւ պատգամավորներին։ Եվ քանի որ անցած տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա զրկվեցին պաշտոնից՝ միայն Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով, այս տարի վարչապետի հրահանգը չկատարել ոչ մեկը չի համարձակվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո իշխանությունների ամենավստահելի իրավապահ համակարգը դարձել է Հատուկ քննչական ծառայությունը: Դատախազությունում հարուցված քրեական գործերի ճնշող մեծամասնությունը ուղարկվում է ՀՔԾ, իսկ նվազ չափով՝ ոստիկանություն: ԱԱԾ-ն իշխանության համար կորցրել է իր նախկին նշանակությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով: Մինչեւ փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնք պետք է իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնեն, պատասխանեն պատգամավորների հարցերին: Իշխանություններին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը, որովհետեւ մինչեւ օրս ընդդիմադիրները դիրքորոշում չեն հայտնել, թե ինչպես են քվեարկելու փաստաթղթին: Նախատեսվում էր, որ ԱԺ-ում փաստաթղթի քննարկմանը ներկա կլինի նաեւ վարչապետ Փաշինյանը, բայց նա, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այդ օրերին աշխատանքային այցով Ֆրանսիայում կլինի»։


«Իրատես» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությանն ընդառաջ մրցակցությունը թեժանում է։ Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությամբ թեկնածու է առաջադրվում Արայիկ Հարությունյանը, որն այս մեկուկես տարվա ընթացքում բավական հետաքրքիր փոխակերպումներ է ունեցել: Արցախի երկարամյա նախկին վարչապետը չգիտես ինչու որոշել է նախկինների հետ այրել բոլոր կամուրջները, որպեսզի Հայաստանի այսօրվա ղեկավարությունից «ընտրվելու» հավանության արժանանա։ Սակայն, մեր տեղեկություններով, նրա այս վարքագիծն անընդունելի է ոչ միայն Արցախի իշխանական վերնախավում, այլեւ հանրության շրջանում։ Բոլորը հիշում են, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը սերտ կապերի մեջ եղել Հայաստանի նախկին իշխանությունների հետ, ինչպես է նրանց քաղաքականությանը դրական վերաբերվել, երբեք մի թթու, կծու խոսք նրանց հասցեին չի ասել։ Շատ կարեւոր նշանակություն է ունենալու այն, թե Արցախի (ոչ թե Հայաստանի) այսօրվա իշխանությունն ում կտեսնի Բակո Սահակյանին փոխարինողի դերում»:


«Իրատես» թերթը գրում է. «2020 թ. գարնանն Արցախում անցկացվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, քաղաքական ուժերի ակտիվ մասնակցության առումով, աննախադեպ են: Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին պաշտոնապես հայտարարել է Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ օրերս կայացած համագումարի ժամանակ: «Հայաստանյան քաղաքական վերադասավորումներից հետո արցախցիները խանդավառվել են ու որոշել փորձել ուժերը: Բավական շատ են նոր ուժերը, որ ինքնավստահությամբ հայտարարում են, թե հաջողություն են գրանցելու: Չեմ բացառում, որ կարող են նախընտրական դաշինքներ ձեւավորվել, այլապես, եթե բոլորը նվազագույն 5 տոկոսի շեմը հաղթահարեն ու անցնեն խորհրդարան, դա 110 տոկոս է կազմում: Հիմնական ֆավորիտները, ըստ երեւույթին, Հարությունյանն ու արտաքին գործերի նախկին նախարար Մայիլյանը կլինեն: Թեեւ առայժմ չի բարձրաձայնվում, բայց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես կարող է առաջադրվել նախագահի թեկնածու: Բայց նրա հավակնությունը, ըստ երեւույթին, խորհրդարանի ղեկավար պաշտոնը ստանձնելն է»,- ասաց «Իրատեսի» արցախյան աղբյուրը: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին եւ Վիտալի Բալասանյանին, ըստ մեր զրուցակցի, Բալասանյանը դժվար թե լուրջ մրցակից լինի Մայիլյանի կամ Հարությունյանի համար, իսկ Բաբայանը, չկարողանալով նախագահի թեկնածու առաջադրվել, որոշել է ակտիվորեն պայքարել խորհրդարանական ընտրություններում լրջագույն քվե ստանալու եւ գուցե մեծամասնություն կազմելու համար: «Դեռեւս հստակ չէ, թե Հայաստանի իշխանություններն արցախյան ինչ ուժերի են սատարելու: Արայիկ Հարությունյանի թիմն ու անձամբ Հարությունյանն ուղիղ տեքստով ասում են՝ համակրում են Փաշինյանին ու ողջունում նրա կառավարության որդեգրած քաղաքականությունը: Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, սակայն, լավ հարաբերություններ ունեն Արցախի նախկին նախարար Մասիս Մայիլյանի հետ: Չի բացառվում, որ ՀՀ էլիտան որեւէ թեւի չաջակցի ու չխառնվի ոչ մի բանի»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնները «քաղաքացիականացնելու» աղմկահարույց նախագիծը ներառված չէ այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Խոսքն այն նախագծի մասին է, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին: Այսինքն՝ այլեւս պարտադիր չի լինելու, որ այս պատասխանատու պաշտոններում նշանակվեն համակարգից համապատասխան փորձառությամբ՝ ստաժով ու կոչումով պաշտոնյաներ, այլ կարող են նշանակվել 25 տարին լրացած այն անձինք, որոնք 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք կներկայացնեն։ Հոկտեմբերի 22-ին իշխող խմբակցությունն անսպասելի մերժեց առաջին ընթերցում անցած նախագիծը՝ երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարվեց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն «վերադառնում» է առաջին ընթերցման դիրքերին, իսկ դա նշանակում է, որ պատգամավորները երկշաբաթյա ժամկետ են ունենալու՝ վերջնական որոշում կայացնելու համար՝ ընդունո՞ւմ են այն, թե՞ ոչ, եւ այդ ընթացքում կարող են առաջարկներ ներկայացնել։ Ժամկետը լրացել է, սակայն որոշում եւ առաջարկներ դեռեւս չկան։ Երեկ ԼՀԿ-ական պատգամավորները մեզ խոստացան այսօր ճշտել եւ ասել՝ արդյոք երկշաբաթյա ժամկետը պարտադի՞ր է, թե՞ հնարավոր է էլի հետաձգել։ Հիշեցնենք՝ օրինագծի հեղինակը «Լուսավոր Հայաստանն» է։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի դեմ դատական հայցերը չեն դադարում: Նոյեմբերի 7-ին դատարան է դիմել Գրետա Մելքոնյանը` պահաջելով, որ դատարանը պարտադրի վարչապետի աշխատակազմին վերականգնել իրեն նախկին աշխատանքում եւ ՀՀ վարչապետի աշխատակազմից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար` հայցվորի միջին աշխատավարձի չափով: Հոկտեմբերի 11-ին էլ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը եւ հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետեւանք իրեն զբաղեցրած պաշտոնում վերականգնել եւ, դեռ ավելին, հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել: Նկաատենք, որ սա միակ հայցը չէ` ընդդեմ վարչապետի աշխատակազմի: Ավելին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսվել: Հոկտեմբերի 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը եւ դարձյալ պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվա-կանի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն եւ, որպես անվավերության հետեւանք, զբաղեցրած պաշտոնին վերականգնեն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն էլ բռնագանձեն»: