24.11.2024
Բիոլաբորատորիաները կադադարե՞ն խնդիր լինել. Երևանն ու Մոսկվան հուշագիր են ստորագրում
prev Նախորդ նորություն

Համոզեցին. ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել

Բարձրագույն դատական խորհրդի նիստում նոյեմբերի 11-ին քննարկվել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Խորհրդի անդամների հորդորով՝ նիստին մասնակցել է նաև Հայկ Հովհաննիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը:


Բարձրագույն դատական խորհրդի նիստին շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։


«Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի:


Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում ԲԴԽ-ի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։


Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին:


Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը՝ ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ:


Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից:


Վերջինս 2018 թվականի փետրվարի 28-ին է ընտրվել ՀՀ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ: