Ակնհայտ է, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Այդ մասին Sputnik Արմենիային ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ՝ Քոչարյանը հասկանում է թուրք-ադրբեջանական տանդեմի իրական ռազմա-քաղաքական սպառնալիքները, որոնք ուղղված են Հայաստանին ու Արցախին: Ադրբեջան-Թուրքիա տանդեմում առաջին պլան է մղվում պանթուրքիզմը, որպես թուրքական միասնականության ամրապնդման գաղափար ու այդ ռազմավարությունն ուղղված է նաև Ռուսաստանի, Իրանի և բազմաթիվ այլ երկրների դեմ, որոնք ունեն թյուրքախոս բնակչությունը: Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Իրանի հյուսիսում պանթուրքիստական պրոյեկտը կյանքը կոչելու համար Թուրքիան հենվում է իր կովկասյան պլացդարմ Ադրբեջանի վրա:
«Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը»,- նշում է ՀՀ նախկին նախագահը:
Թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքների պարագայում Քոչարյանը Հայաստանի անվտանգության երաշխավոր է համարում ՌԴ-ին ու կոչ է անում ամրապնդել կապերը Մոսկվայի հետ՝ այդ կերպ նաև ռևերանս անելով դեպի ՌԴ, ու շարունակում է իրեն դիրքավորել որպես ռուսամետ քաղաքական գործիչ, ով հայ-ռուսական հարաբերությունները համարում է ՀՀ անվտանգության անկյունաքար:
Իսկ ՀՀ-ՌԴ հարաբերությունների դեմ արտահայտվողներին խիստ քննադատության է ենթարկում: Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունները խաթարող գործիչներին Քոչարյանն անվանում է անպատասխանատու և անգամ հավաքագրված՝ դրանով ակնակրելով, որ նրանք գտնվում են ԱՄՆ-ի, Արևմուտքի ազդեցության տակ:
Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին Քոչարյանը նշել է, որ բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:
«Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է»,- նշել է Քոչարյանը:
Քոչարյանը թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած գործիչներին համարում է Արևմուտքի պրոյեկտը և շեշտում արևմտյան, սորոսական ֆինանսավորմամբ ՀԿ-ների հակահայկական գործունեությունը, որոնց սլաքն ուղղված է նաև ՌԴ-ի և ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներկայության դեմ:
Քոչարյանի մեսիջը ՌԴ-ին այն է, որ թավշյա հեղափոխությունն ոչ թե թավշյա էր, այլ արևմտյան ֆինանսավորմամբ իրականացված գունավոր հեղափոխություն, իսկ հեղափոխության արդյունքում իշխանության են եկել արևմտամետ ուժեր, որոնց մեծամասնությունը նախկինում ունեցել է հակառուսական դիրքորոշում: Այդ կերպ Քոչարյանը կոչ է անում հենվել ռուսամետ գործիչների վրա, որոնք տարիներ շարունակել ամրապնդել են Մոսկվա-Երևան կապերը:
Քոչարյանը հատուկ անդրադառնում է նաև ղարաբաղյան հարցին:
«Մեր բանակցային դիրքերը թուլացել են հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն: Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
1988թ.-ից կանգնած լինելով ղարաբաղյան հարցի ակունքներում և ակտիվ մասնակցություն ունենալով ղարաբաղյան պատերազմում՝ Քոչարյանը լավ է պատկերացնում ղարաբաղյան հարցի նրբություններն ու բարձրաձայնում է այսօր բանակցային գրեթե կաթվածահար գործընթացում առկա վտանգները:
Քոչարյանը քննադատության է ենթարկում Փաշինյանին, ով ղարաբաղյան հարցում անում է այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են կազուս բելլի դառնան Ադրբեջանի համար, իսկ «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը զրոյացնում է հայկական դիվանագիտության տասնամյակների ջանքերը՝ ներկայացնելու համար ղարաբաղյան հարցը, որպես ազգերի ինքնորոշման, այլ ոչ թե տարածքային խնդիր Բաքվի հետ:
Այսպիսիով, Քոչարյանի մեսիջներն ուղղված են երկու լսարանի՝ Մոսկվային՝ առ այն, որ ՀՀ-ում իշխանության են եկել արևմտամետ գործիչներ, որոնք ի վերջո խաթարելու են հայ-ռուսական հարաբերություններն, ու ներքին լսարանին՝ հասարակությանը, քաղաքական դաշտի հիմնական խաղացողներին, որոնց նա այսպիսով հասկացնում է, որ Փաշինյանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականությունը մեծացնում է Արցախում նոր պատերազմի վերսկսման հավանականությունը:
Չնայած Քոչարյանը մեկուսացված է քաղաքական գործընթացներից, սակայն նրա գնահատականները կարող են արագացնել հակափաշինյանական ճամբարի կամ բևեռի ստեղծման գործընթացը, որտեղ Նիկոլ Փաշինյանի դեմ են համախմբվելու նախկին իշխանություններն ու արտախորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող բազմաթիվ կուսակցություններ, շարժումներ և անհատներ: