VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Արարատի կոկորդիլոսասեր, կոկորդիլոսաբույծ մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է լրատվամիջոցների հետ չշփվել: Նորաշենի գյուղապետին մեծ աղմուկով հեռացնելուց հետո այս մարզպետին, ըստ տեղեկությունների, հրահանգել են քիչ երեւալ ու քիչ խոսել, այլապես լուրջ սխալներն անպակաս են: Իսկ Արարատի մարզում Գարիկ Սարգսյանից բողոքողների թիվը գնալով ավելանում է: Նա անարգել կարողանում է ամեն տեղ խցկել իր մերձավորներին, իսկ ԽԾԲ-ն միշտ քննադատող այս իշխանության վերնախավն այդ ամենին շատ հանգիստ է վերաբերվում: Մարզի բնակիչների պնդմամբ, տպավորություն է, թե Գարիկ Սարգսյանի բոլոր գործողությունների առաջ կանաչ լույս են վառել, ու նա, ինչ խելքին փչում, այդպես էլ անում է: Ստացվում է` մարզերի զարգացման որեւէ ծրագիր չներկայացրած այս իշխանությանը շատ էլ համապատասխան կադր է, ինչպես կուզի, մարզը կզարգացնի, մի օր կոկորդիլոս կբուծի, մյուս օրն էլ աղավնու նման օդ կթռցնի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք այսպիսի՞ Հայաստան էիք ուզում կառուցել՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին․ ռեպրեսիաներ, մարդկանց թիրախավորում։ «Հայաստանում կոշտ ռեպրեսիաներ չկան եւ չեն կարող լինել»: Իրավական վերջին քայլերը ձեր թիմի մոտ հարցականներ չե՞ն առաջացնում՝ վաղն էլ կարող են ձեր նկատմամբ այդպես վարվել։ «Հարցականներ չկան, հետեւաբար, վաղվա համար մտահոգություն՝ նույնպես։ Ռեպրեսիաներ էլ չեն կարող լինել, որովհետեւ ես թույլ չեմ տալիս դա»: Ինչպե՞ս թույլ չեք տա։ «Որովհետեւ ես եմ թույլ տվողը, որ էս երկրում ռեպրեսիա լինի, թե չլինի։ Հուսով եմ, ու նույն բանը դուք կարող եք ասել, մեր քաղաքացիները կարող են ասել` մենք ենք որոշում` ռեպրեսիա անե՞լ, թե՞ ոչ, որոշում ու հայտարարում ենք` ռեպրեսիա չենք հանդուրժելու. ով որ փորձեց ռեպրեսիա անել, դա համարվելու է ժողովրդի դեմ ոտնձգություն, եւ ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսներով պաշտպանելու է իր ժողովրդին»: Իսկ դատարանների փակումն ի՞նչ էր` ժողովրդավարության դրսեւորո՞ւմ։ «Քաղաքական ակցիա էր»: Այսինքն՝ սխալներ երբեք թույլ չեք տվել։ «Վստահ եմ, որ թույլ տվել ենք, տալու ենք, որովհետեւ սխալներ չեն անում նրանք, ոորոնք ոչ մի բան չեն անում, եւ մեռելները։ Բայց դա չի նշանակում, որ այն պահին, երբ ես մի գրքի մի թերթ կպոկեմ կամ ծառ կկտրեմ` ապօրինի, ես պետք է անպատիժ մնամ։ Ես կուզեմ, որ ՀՀ ժողովուրդն ինձ պարսավի, դատապարտի»:
«Իրատես» թերթը գրում է. «BBC լրատվական գործակալության «HardTalk» հաղորդմանը տված հարցազրույցից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շուրջ կրկին խոսակցությունները թեժացան, տեղեկություն եղավ անգամ, որ հնարավոր է նրան պաշտոնանկ անեն։ Ի դեպ, իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները սեփական նախարարի հասցեին հնչած քննադատություններին հակընդդեմ փաստարկներով չէին էլ շտապում պատասխանել։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը համաձայն չէ, որ իրենք չեն պաշտպանել իրենց նախարարին, ավելին, ըստ նրա, արտգործնախարարի խոսքում չկար մի բան, որը չի համընկնում իշխանության որդեգրած քաղաքականությանը։ «Եթե հաղորդման ֆորմատն այլ լիներ, ժամանակ լիներ, կարելի էր որոշ դրույթներ բացել»,- փաստեց պատգամավորը, իսկ հարցին՝ հիմա արտգործնախարարից «ազատվելու» հարցն իշխանության օրակարգում կա՞, շեշտեց, թե այդ մասին հրապարակումներն անհեթեթություն են. «Չեմ կարծում, թե Զոհրաբ Մնացականյանն այսօր պաշտպանության կարիք ունի։ Նա պրոֆեսիոնալ դիվանագետ է»։ Գո՞հ եք նրա աշխատանքից՝ հարցրինք։ «Եթե մարդն ինքն իր աշխատանքից չի կարող գոհ լինել... Պահանջները շատ են, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Դիտարկմանն էլ, թե որեւէ քննարկում իշխանության ներսում չի՞ եղել Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու հարցով, բացասական պատասխան հնչեց»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ չարաշահումներ է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եւ ի՞նչ տվյալներ է ձեռք բերել Քննչական կոմիտեն: Այս գործի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել: Կոմիտեն հիմնավորել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի աճուրդով Թովմասյանն է ձեռք բերել, եւ գործն ուղարկվել է ՀՔԾ: Քննչական կոմիտեի տվյալով` Հ. Թովմասյանի կալանավորված սանիկ Նորայր Փանոսյանը, որը 2011-2014թթ. Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, շուկայականից անհամեմատ ցածր գներով Երեւանի քաղաքապետարանից առքուվաճառքի պայմանագրերով հողատարածքներ է ձեռք բերել: Եվ, ըստ էության, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ Փանոսյանը դրանք Հ. Թովմասյանի համար է ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Քննչական կոմիտեում այս մասին կոնկրետ անձ է ցուցմունք տվել: Նա իրավապահներին տեղեկացրել է, որ հանդիպել է Թովմասյանի հետ, եւ հենց Թովմասյանն է նրան ասել, որ նման տարածք ունի, ավելին` նույնիսկ ակնարկել է, թե կարող է վաճառել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններին աջակցություն ցուցաբերած ու ցուցաբերող հասարակական սեկտորի ներկայացուցիչները եւ իշխանության, այսպես կոչված, արեւմտյան թեւը ներկայացնող անձինք բավականին դժգոհ են ՀՀ կառավարության կազմից։ Թեման հիմնականում կապված է կառավարության տնտեսական բլոկի որոշ ներկայացուցիչների հետ. ներկայացված պնդումներն այնպիսին են, որ հենց այդ անձանց ներկայությամբ է պայմանավորված ՀՀ-ում «տնտեսական հեղափոխության» ձախողումը եւ ներդրումային հոսքերի պասիվությունը։ Այս գործում բավական ակտիվ են հատկապես արեւմուտքից գրանտներ ստացող ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք, ըստ մեր աղբյուրների, մի առիթով անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ դժգոհել են, թե «Սերժի մարդիկ ո՞նց կարան այս կառավարության ու տնտեսության համար ճիշտ քաղաքական կուրս վարեն»։ Թերթի տեղեկություններով, առաջ է քաշվել այն թեզը, որ փաստացի ներկայումս Սերժ Սարգսյանի տնտեսական թիմը շարունակում է երկրում խորհուրդներ տալ գործադիր իշխանությանը, եւ այդ թիմը թույլ չի տալիս, որ «Փաշինյանի կառավարությունը գնա հեղափոխական ճանապարհով»: Շեշտվում է նաեւ այն, որ եթե այդ մարդիկ լավ խորհրդատուներ կամ կառավարիչներ լինեին, Սերժի կառավարման տարիներին տնտեսությունը լավը կլիներ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի շարք պաշտոնյաների հրաժարականների, որոնք ժամանակին համագործակցել են նախկին իշխանությունների հետ կամ ուղղակի նախկինում բարձր պաշտոն են զբաղեցրել եւ ներկայումս էլ կառավարող ուժի մաս են կազմում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեքշաբթի տեղի է ունենալու հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս հանձնաժողովը ստեղծվել է հանքարդյունաբերության ոլորտում նախկինում տրված արտոնագրերի օրինականության հարցն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովն ուսումնասիրելու է նաև «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի շահագործման համար հայտարարված ներդրումների համապատասխանությունը իրականությանը: Կասկածներ կան, որ «Լիդիանի» հրապարակած թվերը չափազանցված են»:
«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» եւ անվերապահ հավատարմության երդում չի տվել։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են սկսել եւ փորձում են ամեն կերպ «բիծ» գտնել եւ նրանց վրա մի որեւէ գործ «կարել»։ Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նման վիճակ է տիրում մարզի մի շարք խոշորացված համայնքներում։ Մասնավորապես, ներկայումս «մութ ամպեր» են կուտակվել Ստեփանավանի, Թումանյանի, Ախթալայի, Շնողի եւ Օձունի (ի դեպ՝ Օձունի համայնքապետի նկատմամբ, ըստ տեղեկությունների, որոշակի գործընթացներ են իրականացվում) համայնքապետների նկատմամբ։ Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ է իրականացնելու որոշ համայնքներում, այդ թվում՝ Ախթալայում»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ 2020թ. փետրվարին տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն: Իսկ արդեն աշնանը պատասխան այցով Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հենց այդ այցի ժամանակ էլ կստորագրվի Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի կարողությունները կրկնապատկելու միջպետական համաձայնագիրը, որի մասին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն»:
«Իրատես» թերթը գրում է. «ԼՀԿ-ի «պասով» իշխանությանը ձեռնտու օրենքը, որով ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավար կարող է լինել 25 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել այդ երկու կառույցներում։ Սակայն եւ՛ ոստիկանները, եւ՛ ԱԱԾ-ականները գերադասում են լուռ մնալ, քանի որ գիտեն «գլխի գալիքը»։ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությունը բոլորի աչքի առաջ է։ Ի դեպ, ինչպես մեզ տեղեկացրին, Քոչարյանին ոչ թե հեռացրել են, այլ վերեւների հետ ծանր խոսակցություն է եղել, որից հետո Քոչարյանն ինքնակամ որոշել է հեռանալ համակարգից։ Նրան համարում էին ոստիկանության «ծանր հրետանին», որը կարողանում էր համակարգի ողջ «ուղեղային կենտրոնը» առաջ տանել, ԱԺ-ում ոստիկանությանն առնչվող բոլոր օրենքների բացերը ցուցանել ու մշակել։ «Այսպիսի կադրերը շատ չեն, նրանց վրա պիտի դողալ»,- փաստում են համակարգի ներկայացուցիչները, հավելելով, որ կորցնողը Քոչարյանը չէ, քանի որ նա մասնավոր հատվածում ավելի բարձր կվարձատրվի, քանի որ միշտ պահանջված մասնագետ է։ Հարցին, թե որքան ժամանակ են պատրաստվում ոստիկանությունն առանց ոստիկանապետի թողնելու, մեր աղբյուրը դժվարացավ ասել, սակայն փաստեց, որ անկախ օրենքից ու որոշումներից, ոստիկանապետը պիտի լինի համակարգի մարդ, այլապես կտապալվեն աշխատանքները։ Նույն աղբյուրի պնդմամբ, մեծ է հավանականությունը, որ ոստիկանապետի այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ ոստիկանապետ նշանակվի, քանի որ նրա աշխատանքից վերեւներն առայժմ գոհ են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, ըստ ամենայնի, ԱԺ օրակարգ կբերվի եկող տարի՝ գարնանային նստաշրջանին։ Իսկ մինչ այդ, այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։ Նիստը կվարի ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, համատեղության կարգով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Առաջիկայում նման քննարկումները դառնալու են հաճախակի, հնարավոր է նաեւ հանրային լսումներ կազմակերպեն՝ կոտրելու կոնվենցիայի մասին հայ հասարակության մոտ ընդունված կարծրատիպերը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որի նպատակը պատահարների հետեւանքով առաջացող խցանումներից խուսափելն է: Գաղտնիք չէ, որ պատահարների հետեւանքով ճանապարհի երթեւեկելի հատվածի զգալի մասը փակվում է՝ մինչեւ ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանումը, ինչը խցանումների պատճառ է դառնում: Կառավարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել եւ հնարավորություն տալ, որ այն պատահարների դեպքում, երբ վնասվել է միայն գույքը, վարորդները իրավունք ունենան տեսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսել պատահարի հետեւանքները եւ ճանապարհային ոստիկանություն դիմելուց 20 րոպե հետո ճանապարհն ազատել վթարված մեքենաներից»: