Սահմանադրական դատարանի նախագահը հարվածների տակ է հայտնվել. Բուքիքիո
30.10.2019
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարվածների տակ է: Այս մասին հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին Shantnews-ին տված հարցազրույցում։
«Մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի», - ասել է Բուքիքիոն։
Նա նաև նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում հստակ ասել է, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ճնշում չի գործադրել դատավորների նկատմամբ և չի անի ապագայում:
«Եվ ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Ես կշարունակեմ ուշադիր հետևել իրավիճակին», - ասել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը։
Նա ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է:
«Սա նշանակում է՝ դատավորները նշանակվում են՝ պաշտպանելու Սահմանադրությունը և ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք է ապասինքրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ: Նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել՝ քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը:
Այդուհանդերձ, անգամ խորհրդարանական որոշակի մեծամասնության կողմից նշանակված դատավորները այդ նույն մեծամասնությանը «շնորհակալ չլինելու պարտականություն ունեն»: Դա սկզբունքի հարց է, պրակտիկայում այս ապասինքրոնացմանը հասնելը դժվար է: Դա է պատճառը, որ մենք այն մոտեցումն ունենք, որ գոյություն ունենան այլ մեխանիզմներ, օրինակ՝ պետք է գործեն որակյալ մեծամասնության պահանջները՝ երաշխավորելու, որ գործող մեծամասնությունը գերիշխող դեր չունենա թեկնածուների ընտրության ու նշանակման հարցում»,-ասել է նա։