24.11.2024
Մանուկյանի կինը դիմել է դատախազություն ու ԱԱԾ՝ պարզելու Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները
prev Նախորդ նորություն

Արցախի ընտրություններում «բախվելու» են ռազմական թևն ու տեխնոկրատները

Արցախի հերոս Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը պաշտոնապես գրանցվել էԱրցախի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից։ Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։


Սամվել Բաբայանի կուսակցությունն այսուհետև ակտիվ դերակատարություն է ունենալու Արցախի ներքաղաքական կյանքում, ինչը մեծացնելու է քաղաքական դաշտի մրցունակությունը: Փաստորեն, Բաբայանը փորձում է ինստիտուցիոնալիզացնել սեփական բարձր վարկանիշը՝ ստեղծելով կուսակցություն, որպեսզի այդ կուսակցությունն ասոցացնեն իր անվան հետ և դրանով նա իր վարկանիշի մի մասը փոխանցում է նորաստեղծ կուսակցությանը, որը հավանաբար կմասնակցի 2020թ-ի խորհրդարական ընտրություններին, իսկ Կոմանդույուշին՝ Բաբայանը, կմասնակցի նաև նախագահական ընտրություններին:


Բաբայանն Արցախում ստորագրահավաք էր նախաձեռնել իր առաջադրման հետ կապված և տասնյակ հազարավոր ստորագրություններ էր հավաքել: Այժմ այդ մարդիկ, որոնք իրենց ստորագրությունը տվել էին հանուն կոնկրետ անձի՝ Սամվել Բաբայանի, կարող են իրենց ձայնը տալ նրա կուսակցությանը՝ «Միասնական հայրենիքին» և դրանով իսկ այդ կուսակցությունը կարող է տեղ գտնել 2020թ.-ի Արցախի նոր ԱԺ-ում:


Արցախի ներքաղաքական պայքարը թեժանալու է 2020թ.-ին ընդառաջ, քանի որ նոր քաղաքական խաղացողներ են հայտարարում ընտրություններին մասնակցելու մասին: Վերջերս Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նույնպես հայտարարել է 2020թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:


Նշենք, որ 2008 թվականին Մայիլյանը հիմնադրել և մինչև 2017 թվականը ղեկավարել Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2014 թվականին ընտրվել է «Civilitas» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։


2007 թ. մայիսին քաղաքացիական նախաձեռնությամբ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանն առաջադրվել է ԼՂՀ նախագահի թեկնածու։ 2007 թ. հուլիսի 19-ի ընտրություններում Մայիլյանը հավաքել է ընտրողների ձայների 12.53%՝ իրենից առաջ թողնելով միայն նախագահ ընտրված Բակո Սահակյանին։


Արցախում փաստորեն ձևավորվում են մի քանի բևեռներ, որոնք փորձելու են նախ մեծամասնություն զբաղեցնել ԱԺ-ում, ինչպես նաև նախագահ ընտրվել. այդ բևեռները կարելի է պայմանականորեն բաժանել ռազմական թևի և տեխնոկրատների:


Ռազմական թևի՝ ռազմական ճանապարհ անցած, գեներալի կոչումներով թեկնածուներ են լինելու Սամվել Բաբայանն ու Վիտալի Բալասանյանը, իսկ տեխնոկրատների թվում նախկին վարչապետ, բիզնեսմեն Արայիկ Հարությունյանն ու այս պահի դրությամբ նաև Մասիս Մայիլյանը:


Արայիկ Հարությունյանին կարելի է համարել հին էլիտաների ներկայացուցիչ, ով Արցախում ունի մեծ բիզնեսներ, սեփական կուսակցություն, որը բավականին լավ արդյունքներ է ցույց տվել վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններին, բացի այդ, նրան կարող են աջակցել Բակո Սահակյանի թիմն ու բյուրոկրատիան, ովքեր տասնամյակներ շարունակ աշխատել են նրա հետ:


Արցախի ընտրություններում շատ բան կախված է լինելու առաջնագծում տիրող իրավիճակից, քանի որ լարվածության սրումը հասարակությանը ստիպելու է համախմբել ռազմական թևի թեկնածուների շուրջ և հասարակությունը զգալու է ուժեղ ձեռքի և ռազմական գործչի կարիք պետության ղեկին: Բացի այդ, Երևանը նույնպես մեծ ազդեցություն է թողնելու ընտրությունների ելքի վրա՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի միջամտելու կամ պաշտպանելու թեկնածուներից որևէ մեկին, սակայն կուլիսային պայքարում նա կարող է աջակցություն հայտնել թեկնածուներից որևէ մեկին, ինչն էլ ազդելու է վերջնական արդյունքների վրա՝ թե՛ խորհրդարանական ընտրությունների, թե՛ նախագահական:


Բալասանյանը շատ է սրել հարաբերություններն այսօրվա ՀՀ իշխանությունների հետ և նրան դժվար թե Երևանն իր աջակցությունը հայտնի: Բաբայանը չունի որևէ կախվածություն Երևանից կամ Փաշինյանից, սակայն նրան ոչ միանշանակ են ընկալում Արցախում, հատկապես նախկին էլիտաները, որոնք կարող են համախմվել այլ թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանը շուրջ՝ Բաբայանին ռևանշի հնարավորություն չտալու համար:


Մյուս թեկնածուները նույնպես ունեն որոշակի շանսեր, սակայն ամեն բան կախված է լինելու վարչական, ֆինանսական, կազմակերպչական ռեսուրսներից, որոնք հիմնականում կենտրոնացված են Արայիկ Հարությունյանի ձեռքին, իսկ Բաբայանի վրա է աշխատում նրա անունն ու պատերազմում նրա հերոսական անցյալն ու նախկին իշխանություններին մաս չկազմելու հանգամանքը: