Դաշնային Խորհուրդ. ԼՂ հակամարտությունը կարգավորելի է երկար բանակցությունների արդյունքում
Միջազգային հարցերով Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը կարծում է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտությունը չունի քաղաքական լուծում:
«Սա հետխորհրդային տարածաշրջանի ամենահին հակամարտություններից է: Ցավոք, կողմերի դիրքորոշումներն այսօրվա դրությամբ տրամագծորեն հակասական են: Եթե ձեզ հետաքրքրում է իմ սուբյեկտիվ կարծիքը, ապա կարող եմ ասել, որ այս հակամարտությունն առայժմ չունի քաղաքական լուծում: Անհրաժեշտ են երկար և ծանր բանակցություններ», - նշել է նա:
«30 տարիների ընթացքում մեծացել են հայերի և ադրբեջանցիների 2 սերունդներ, որոնք չգիտեն, որ ժամանակին երկու ժողովուրդները խաղաղ գոյատևել են Խորհրդային Միության կազմում: Պետք է որոշակի ժամանակ անցնի: Ինչպես հայտնի է, ժամանակը բուժում է վերքերը: Ես լավատես եմ և հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ բոլոր երեք անդրկովկասյան հանրապետությունները՝ Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը միմյանց համար կդառնան բարի հարևաններ: Իսկ ամենագլխավորը՝ մեր երկրի բարի հարևանները: Հենց Ռուսաստանի հետ բարեկամությունը կարող է երաշխավորել նրանց անկախությունն ու բարգավաճումը», - ասել է նա: