24.11.2024
Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի մեկնարկը
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշի հետ։


«Աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք ունեն նոու հաու և գիտելիքներ միջուկային էներգիայի և դրա կառավարման, միջուկային անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Ճապոնիան այդ քիչ երկրներից մեկն է,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։- Հարցը մեր երկրի համար շատ զգայուն է. Հայաստանը, ինչպես Ճապոնիան, ունի ատոմային էլեկտրակայան, և խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքը և միջուկային թափոնները»:


Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը նշել է, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել։ Նա ասել է, որ պատրաստ են այլ երկրների գործընկերների հետ կիսել Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում քաղված գիտելիքներն ու դասերը, մասնավորապես, ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձը:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև բնական աղետներից պաշտպանվելու հնարավորություններին, միջուկային անվտանգության կարգավորումներին, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրներին վերաբերող այլ հարցերի։ Նախագահ Սարգսյանը կարևորել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:


Կողմերը պայմանավորվել են ոլորտի մասնագետների փոխայցելությունների ու փոխանակման ծրագրերի շուրջ։


Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալությունը կառավարությանն առընթեր մարմին է, որը գործում է 2012 թվականից: