23.11.2024
Կարծում եմ՝ ելքը պարզ է. նախարարը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մարսե՞լ ենք. Կարեն Դեմիրճյանի այրու հարցերը Նիկոլ Փաշինյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում եւ անգամ քննարկման օրակարգ է դարձել: «Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետեւանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում շատ ուղիղ, հասցեական հարցադրում է հնչեցնում Ռիմա Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին: «Իսկ եթե այդուհանդերձ նման հարց է բարձրացվել, ապա միայն մի բան կասեմ՝ դա իմ իրավունքը չէ, ես չեմ որոշողը, չեմ կարող լուծում տալ հարցին, բայց պետք է հիշել, որ դա միայն իմ կորուստը չէ, հայ ժողովրդի կորուստն է, նրա կյանքի, ապագայի, կործանված հեռանկարի, ամեն ինչի կորուստն է, որը շատ դժվար է վերականգնել»,- ասաց տիկին Դեմիրճյանը:


Կարեն Դեմիրճյանի այրին համարում է, որ այդ օրվա կրակոցները հենց հայ ժողովորդի դեմ էր ուղղված, եւ այդ օրվա կորստի բեռը միայն զոհերի ընտանիքները չեն կրել, կրել ենք բոլորս, հետեւաբար՝ ժողովրդի խոսքն այդ հարցում պետք է լսելի լինի: «Բոլոր դեպքերում դա ժողովրդի լուծելու հարցն է: Այդ ողբերգական միջադեպով սպանվեցին մարդիկ ու մեր ապագան, կորուստը միայն գնդակահարվածների ընտանիքներինը չէ, իմը չէ միայն: Ոչ մենք, եւ ոչ էլ մեր ժողովուրդն այդ կրակոցների հետեւանքները մինչ օրս չենք մարսել: Մինչեւ 27-ը մենք ունեինք մեկ Հայաստան, հոկտեմբերի 27-ից հետո՝ բոլորովին ուրիշ Հայաստան: Այդ օրվա կրակոցներով սասանվեց ամբողջ ժողովուրդը, որովհետեւ դա հանցագործություն էր՝ ուղղված հենց ժողովրդի դեմ: Հետեւաբար՝ այս հարցը, լավ կանեիք՝ նաեւ մեր ժողովրդին հղեիք։ Եթե ժողովուրդը կասի՝ այո՛, ինչ արած, ուրեմն թող ազատվի Նաիրի Հունանյանը կալանքից: Բայց եթե հարց հղեիք, ապա ես չեմ կարծում, որ հայերի մեջ կլինեն մարդիկ, ովքեր կտան իրենց համաձայնությունը, բացառությամբ մի քանիսի, որոնք կողմնակից են դաժան մարդասպաններին։ Բնավ, ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը կհամաձայնի դրան»,- ասում է տիկին Դեմիրճյանը:


Մեր դիտարկմանը, որ այս դեպքում ժողովրդի խոսքը որոշիչ չէ, Նաիրի Հունանյանի դիմումը հասցեագրված է երկրի ղեկավարությանը, հետեւաբար՝ հանձնաժողովի կարծիքից հետո այն պետք է ուղարկվի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ու միայն երկրի ղեկավարների ստորագրությամբ է վճռվում, ուստի ի՞նչ ակնկալել երկրի բարձրագույն ղեկավարից, եւ ո՞րն է Կարեն Դեմիրճյանի այրու հորդորը վարչապետ Փաշինյանին՝ վերջինիս որոշիչ վճռից առաջ, նա պատասխանեց. «Բնականաբար, երկրի ղեկավարությանն է հասցեագրվել դիմումը, բայց ես կարծում եմ՝ նրանք խելամիտ կմոտենան եւ հաշվի կառնեն բոլոր հանգամանքները, նրանք պարտավոր են հաշվի առնել ժողովրդի վերաբերմունքն ու կարծիքը ոճրագործին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ»: Հ.Գ. Տիկին Ռիմա Դեմիրճյանին ուղղված հարցերը շատ էին, բայց երբ նրան հարցրեցինք Նաիրի Հունանյանի գլուխ բարձրացնելու, նրա դիմումի քաղաքական ազդակների, քաղաքական հնարավոր վերադասավորումների մասին, նա հուզվեց եւ այլեւս չկարողացավ զրույցը շարունակել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ քննադատություններին՝ ծառայողական ավտոմեքենաների՝ «պադավատների» թեմայով, «նոր Հայաստանում» այդ հարցը, կարծես թե, այլեւս ակտուալ չէ, որովհետեւ, հավանաբար, այդ «պադավատները» շեֆերի փոխարեն ծառայում են ժողովրդին: Ծառայողական ավտոմեքենաների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլ պարբերաբար ավելանում է: «Փաստ» թերթի տեղեկություններով, ավտոպարկի թարմացման, նոր ավտոմեքենաների ձեռքբերման եւ քանակի ավելացման խնդրանքով դիմումները կառավարությունում ավելացել են: Գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն հաջորդ տարվա բյուջեով նոր, առավել շքեղ մեքենաներ ստանալ: Դե, շքեղության առումով հետ չի մնում նաեւ վարչապետ Փաշինյանը... Մամուլն արդեն գրել է, որ նա եւս ձեռք է բերել նոր, գերժամանակակից, չափազանց թանկարժեք «պադավատ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հնարավոր է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Նման որոշման կայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մանուկյանն արդեն տեւական ժամանակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը: Ճիշտ է, Հանրային խորհուրդն ու դրա նախագահը պարտավոր չեն ամեն ինչում համամիտ լինել իշխանության հետ, սակայն հանրության տեսակետը ներկայացնելն ու ընդդիմադիր գործունեությունը տարբեր բաներ են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության շտաբի պետ, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նախօրեին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությունը, անշուշտ, ինքնին հետաքրքիր է, հատկապես ուժային բլոկի ղեկավար կազմում կարծես թե շարունակվող կադրային վերանայումների շարքում, սակայն Քոչարյանի պաշտոնանկությունը հատկապես ուշագրավ լույսի ներքո է հայտնվում նրա վերջին հայտարարության ֆոնին: Հովհաննես Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ ոստիկանությունը համակարծիք չէ ոստիկանության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը ենթադրում է ոստիկանապետի պաշտոնին նաեւ համակարգից դուրս անձի, այսպես ասած՝ քաղաքական անձի նշանակում: Ըստ նրա, ոստիկանությունը դա համարում է քաղաքական ընթացիկ հարցեր լուծելու մոտեցում, իսկ ոստիկանությունն ունի իր մոտեցումը, որն առավել հեռանկարային հարցերի է վերաբերում: Ինչպես հայտնի է, խորհրդարանում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, ընդ որում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակությամբ, որով հնարավորություն է տրվում ԱԱԾ եւ ոստիկանապետ նշանակել 25 տարին լրացած անձանց, որոնք կարող են կապ չունենալ համակարգի հետ: ԱԱԾ վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ պարզ չէ, իսկ ահա ոստիկանության համակարծիք չլինելու մասին հայտարարած փոխոստիկանապետը, փաստորեն, հաջորդ օրը ազատվում է պաշտոնից:


Դա նշանակում է վարչապետի կոշտ արձագա՞նք, թե՞ Հովհաննես Քոչարյանն այսպես, թե այնպես հեռանալու էր, եւ նախապես արված հայտարարությամբ պարզապես ինտրիգ է հաղորդել իր հեռանալուն: Մի բան ակնառու է, որ իրավապահ համակարգը շարունակում է լինել վերանայումների փուլում, եւ գործնականում հնարավոր է արձանագրել այդ բլոկի ղեկավար կազմում փոփոխությունների «թավշյա» գործընթաց: Ինչ խնդիրներ են լուծվում եւ ինչպիսի աստիճանի է փոխկապակցվածությունը, բավականին բարդ է գնահատել, եթե, իհարկե, չենք դիտարկում ընդունված կամ տարածված «հակահեղափոխությունը խեղդելու» վարկածի տրամաբանության մեջ: Խոշոր հաշվով, իրավապահ կամ ուժային այդ բլոկի խնդիրը աներկբայորեն պետք է առաջնային նշանակություն ստանար հետհեղափոխական օրակարգում, հաշվի առնելով այն, որ այստեղ, իհարկե, իշխանությունը հեղափոխությունից հետո էլ մի շարք օբյեկտիվ պատճառներով առաջ է շարժվել իրավիճակային լուծումներով, մինչդեռ համակարգային առումով խոսքը հիմնարար նշանակության կառույցների մասին է: Առայժմ, սակայն, քիչ տեսանելի է, թե համակարգային լուծումներն ինչպիսին են, եւ խորքային առումով ռազմավարական ինչ պատկեր է ուրվագծում նոր իշխանությունն ուժային բլոկի առումով, որովհետեւ թյուր է տպավորությունը, թե այս համակարգերում առանցքային հարցերը կապված են ղեկավարների ցենզի կամ խորհրդարանի առաջ դրանց հաշվետվողականության հետ: Այդ ամենը լոկ փաթեթն է այն բարդագույն շերտերի, որ հատկապես նախորդ համակարգից եկող մտածողության ու հոգեբանության պայմաններում առկա է իրավապահ-ուժային համակարգում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մի քանի օր է` բուռն քննարկումներ են, թե ինչպես են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտորոնում: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ ունի այս գործից: Ամսաթվերի տարբերությունների մասով, ըստ մեր աղբյուրների, ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Ռուզաննա Արզումանյանը, ինչից հետո իրավապահները ԱԺ ընդհանուր բաժնի համակարգիչների, մասնավորապես «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված դիմումների զննություն են կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, այսինքն` փորձել են ստուգել Արզումանյանի ցուցմունքների արժանահավատությունը: Ըստ մեր լուրերի` ՀՔԾ-ն այս քրգործով հարցաքննել է նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին, ԱԺ ներկայիս աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատարներից մեկին: Իսկ այսօր, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՔԾ-ն կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է.««Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների հարցը դարձյալ լայն քննարկման թեմա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռևս հոկտեմբերի 20-ին բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, որ փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն իր հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ: Մինչ Քննչական կոմիտեն շարունակում է քննել Հաց բերողի մահվան գործը, խնդրին այս օրերին անդրադարձավ նաև ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը` նշելով, որ ՄԻԵԴ-ից Արթուր Սարգսյանի հիվանդության փաստաթղթերը ստանալուն պես փաթեթն ուղարկել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, և ուսումնասիրություններից հետո, եկել են եզրահանգման, որ Հաց բերողի հիվանդությունն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ: «Հաջորդ օրը, վստահաբար հիշում եմ, դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Սակայն անսպասելիորեն, եթե չեմ սխալվում, նույն կամ հաջորդ օրը որոշում կայացվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր…»,- հայտարարեց Գևորգ Կոստանյանը: Այստեղ, ի դեպ, շատ ուշագրավ մի փաստ էլ կա. Արթուր Սարգսյանի կալանավորման (օգոստոսի 3-ին) հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից: Արդյոք այս կալանավորո՞ւմն էր նրա հրաժարականի պատճառը: Փաստ է, որ հենց ՄԻԵԴ ներկայացուցիչ Կոստանյանի բարձրացրած աղմուկից հետո միայն Հաց բերողին ազատեցին կալանքից»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, որն իր դեմ հարուցված քրեական գործից հետո փախել էր Հայաստանից եւ ապաստան խնդրել ՌԴ իշխանություններից, ներկայումս ԱՄՆ-ում է՝ Գլենդել քաղաքում։ Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող գեներալ-մայորը հայտնվել ԱՄՆ-ում, դեռ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ գնալով իրավապահների գործն ավելի է բարդանում նրան հայտնաբերելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին եւ չի միանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացված վիճահարույց հայտարարությանը, որը հեղինակել էին մի խումբ պատգամավորներ՝ ի դեմս Մարիա Կարապետյանի։ ԲՀԿ-ականներն ասել են, թե այն ամենը, ինչ ընդգրկել են հայտարարության տեքստում, Սահմանադրությունն արդեն նախատեսում է։ Խոսքը սահմանադրորեն պաշտպանված իրավունքների հիշատակման մասին է։ Ուստի իրենք կսպասեն իշխանականների հաջորդ քայլին՝ նախագծի մշակմանը, միայն դրանից հետո կքննարկեն նախագծին միանալու հարցը կամ գուցե իրենք էլ որոշեն իրենց տարբերակը ներկայացնել։ Ուշագրավ է, որ «Իմ քայլում» էլ ստորագրելու մեծ եռանդ չի դրսեւորվում՝ Մարիա Կարապետյանը մեր լրագրողին հայտնել է, որ 20 պատգամավոր է ստորագրել դրա տակ։ ԼՀԿ-ում էլ ասել են՝ տեքստը կուսումնասիրենք, կարծիք կհայտնենք, բայց դեռ լռում են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորականներին ապրիլյան պատերազմի հանձնաժողով կանչելու, հարցաքննելու մասին լուրերը հակազդեցություն են առաջացրել զինվորականների շրջանում, այդ թվում եւ արցախյան առաջնագծում ծառայող սպայակազմի մոտ։ «Եթե ամեն սպայի վրա էս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կասկածում են, ինչո՞ւ են սահմանը մեզ վստահել. մեզ համար վիրավորական է այդ մոտեցումը։ Փաստաբանի հետ խորհրդակցելու ենք, ու եթե պարզվի, որ պարտադիր է մեր ներկայանալը, «ռապըրտ» ենք գրելու՝ դուրս գանք։ Թող Նիկոլն իր քայլածներին բերի էստեղ՝ ծառայեն։ Հիմա արդեն սաղիս հետ կապի են դուրս գալիս, փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել, Սեյրան Օհանյանն էս ա ասել, էն ա արել։ Ուզում են մի բան պոկեն, մի բան ընենց չասես, որ «փաստ» ունենան։ Դա ի՞նչ վերաբերմունք է սահմանի վրա կանգնած սպայի նկատմամբ»,- ասաց սահմանին կանգնած բարձրաստիճան զինվորականը։ «Վիրավորական է՝ պիտի գնաս-նստես էդ սաստավի առաջ, իսկ ովքե՞ր են հանձնաժողովում` բանակում չծառայած, զինվորական գործին չտիրապետող, ռազմական գործողություններից անտեղյակ, էլ չենք խոսում հարցերի պրիմիտիվության մասին։ Եթե հրամանատարությունը դեմ չլինի, մտադրություն ունենք ստորագրահավաք սկսել` ընդդեմ ապրիլյանի հանձնաժողովի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի՝ նրանց չմիանան մյուս բողոքավորները, որոնց հունից հանել են կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման լուրերը: Հիշեցնենք․ կառավարությունը մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին 30 միլիոն է տրամադրել: Նման պահանջ են առաջ քաշել նաեւ սահմանին զոհվածների, վիրավորվածների հարազատները: Գրեթե ամեն շաբաթ վարչապետի օգնականները սեւազգեստ մայրերին կանչում են «խորհրդակցության»՝ փափուկ բարձ դնում գլխների տակ, տուն ուղարկում: Երեքշաբթի օրը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի մոտ են կրկին եղել։ Մայրերը պնդել են իրենց պահանջը, հիշեցրել, որ կառավարությունը հայտարարում է բյուջեից 25 տոկոսով հավելյալ գումար հավաքվելու մասին։ Նշել են նրանց շքեղ ծախսերը, աշխատավարձերի բարձրացումը: «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանին հարցրինք, թե ինչու են այդ հանդիպումները փակ՝ լրագրողները տեղյակ չեն լինում։ «Խնդիրը դեռ բանակցային փուլում է, այդ պատճառով․․․ մեզ ասացին` մեկ շաբաթվա ընթացքում պատասխան կտան»: Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ «Կարծում եմ՝ անպայման դրական պատասխան կտան»: Եթե ո՞չ։ «Շարունակելու ենք բողոքի ակցիաները»: Ասում են՝ փորձում են առանձին-առանձին լուծել հարցը` անհատական կարգով կարգավորել՝ շատ բողոքավորների «բավարարել», աղմուկը լռեցնել: «Գոնե ինձ հետ նման հանդիպում չի եղել, երբեք հնարավոր չէ նման բան. ես չեմ կարող 6 հազար մարդու արյուն վերցնել ինձ վրա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, ըստ որոնց՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կարող է հրաժարվել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում առաջադրելու մտադրությունից եւ պաշտպանել այլ թեկնածուի: Մեր հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ իրավիճակում ինքը հրաժարվի իր թեկնածությունը առաջադրելուց, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բացառվում է»:


«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Արցախում իր ձեւավորման եւ խորհրդարական ընտրություններին ակտիվ մասնակցելու որոշման մասին հայտարարեց ապրիլյան պատերազմի հերոս հրամանատարներից Գրիգորի Սահակյանը։ Կուսակցությանն անվանումն է «Վստահություն»։ Նշենք, որ ժամանակին Սահակյանը որոշակի հարցերի շուրջ խնդիրներ է ունեցել եւ դուրս է եկել ԶՈՒ շարքերից, որտեղ ծառայել է 27 տարի՝ բանակի կազմավորումից ի վեր։ Այսօր արդեն Սահակյանն իր ուժերն է փորձում քաղաքական դաշտում, ի դեպ՝ նա ներկայումս Արցախի ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Սահակյանը հանպատրաստից, նաեւ բոլորի համար անակնալ մոտավորապես 5000 ձայն էր հավաքել՝ զբաղեցնելով 2-րդ տեղը»: