23.11.2024
Նոր առևտրային հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի և Սերբիայի համար
prev Նախորդ նորություն

Արսեն Բաբայանի գործը ապագա չունի. Մարուքյան

Ինձ համար անհասկանալի է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Ձերբակալում են այն դեպքում, երբ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում ու կա հիմնավոր կասկած, որ նա կարող է խուսափել: Բայց երբ մարդուն հրավիրում են ու նա ներկայանում է, այդ ժամանակ ձերբակալելըը, կարծում եմ, այնքան էլ համաչափ չէ»,- ասաց Մարուքյանը՝ համոզմունք հայտնելով, որ Արսեն Բաբայանի գործը ապագա չունի։


Էդմոն Մարուքյանը պարզաբանեց իր համոզվածությունը, նրա խոսքով՝ Արսեն Բաբայանը համաներման տակ է ընկնելու և այս դեպքում անգամ պետք չի, որ ինքն ընդունի, որ պաշտոնեական կեղծիք է կատարել.


«Բավարար է, որ նա չառարկի, որ համաներումն իր նկատմամբ կիրառվի ու նա ազատ է արձակվելու: Ընդ որում, ամենավատ դատավորն անգամ հնարավոր է չբավարարի Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունը», - հավելեց Մարուքյանը։


Նախօրեին VERELQ-ը տեղեկացրել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:


ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: