24.11.2024
Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընթացքը
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ են աշխատավարձերը թաքուն բարձրացվել. Փաշինյանը խուսափեց պատասխանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Aravot-ի թղթակիցը փորձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ճշտել, թե ինչո՞ւ են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը բարձրացվել թաքուն, առանց հանրային քննարկումների:


Աղբյուրի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը, լսելով հարցը, շտապ նստում իր ավտոմեքենան ու հեռանում՝ անպատասխան թողնելով այս հարցը:


 


Ըստ ամենայնի, առաջիկայում մենք ականատես կլինենք Facebook-ում ուղիղ եթերի, որի ժամանակ վարչապետը, իրեն բնորոշ տոնայնությամբ, կպարզաբանի, որ նախարարների աշխատավարձերի նման բարձրացումը թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ է:


Հիշեցնենք, նախօրեին HETQ-ը հրապարակել է, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին:


Օրինակ՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին միասին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ, նույնը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեպքում էր։ Եթե աշխատավարձի թիվը բաժանում ենք 4 ամիսների միջև, ստանում ենք ամիսը 1.5 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին էլ էինք նույնաբովանդակ հարցում ուղարկել։ Նախարարության գլխավոր քարտուղարը մեզ չտրամադրեց Ջանջուղազյանի աշխատավարձի մասին տեղեկություն։ Փոխարենն առաջարկեց սպասել տարեկան հայտարարագրին»,- գրել է Հետքը:


Ուշագրավն այն է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։