Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացված զորավարժության ընթացքում հայ զինծառայողների գործողություններին հետևելու և գնահատելու նպատակով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը: Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի դաշտային հոսպիտալի գնահատման ամփոփումը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:
Դիտորդները ներկայացրել են իրենց նկատառումներն ու դիտողությունները, հանդես եկել արձանագրված որոշակի թերությունները վերացնելու առաջարկություններով:
Դիտորդների նախնական գնահատականը դրական է, վերջնականը կլինի վեց ամիս հետո՝ հաշվի առնելով բացթողումների վերացման ուղղությամբ տարվող նպատակային աշխատանքը:
Զորավարժության սցենարով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը և ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը: Բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում և այլ օպերատիվ միջոցառումներ: