ՌԴ-ն աշխատում է կողմերի և Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով
Ռուսաստանի եւ այլ միջնորդ երկրների խնդիրն է հասնել հակամարտության վերջնական կարգավորմանն ու նպաստել գործընթացի առավելագույն արագացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր կողմից մենք մշտապես կառուցողական մոտեցման կոչ ենք արել կողմերին: Եվ կասկածել, որ հենց դա է նրանց նպատակը, ես չեմ կարող եւ չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են եւ արտահայտում են իրենց ժողովուրդների ակնկալիքները: Մենք կատարում ենք մեր դերը, ինչպես մենք ենք կարծում, առավելագույնս կառուցողական, եւ բոլորին կառուցողական աշխատանքի եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ ենք անում»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով համաձայնեցված ձեւակերպումների եւ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաեւ գործընթացն առաջ տանելու օրակարգը:
Նա հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել։ Զախարովան դա ասել է ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին: Հիշեցնենք, Ալիևը ասել էր, թե՝ «Արցախը Ադրբեջան եւ եւ բացականչական նշան»։
«Ես Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չեմ և չեմ կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիեւը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։ Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել: Իսկ մենք տեսնում ենք մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են երկու կողմերից՝ Երեւանի եւ Բաքվի, ղարաբաղյան կարգավորման թեմայով։ Հուզականության տարբեր աստիճանով, պատմական համատեքստին, արդի համատեքստին տարբեր աստիճանի կապվածությամբ։ Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին»,- նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ համաձայնեցված փաստաթղթերով։