24.11.2024
ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը կարևորել են գործնական քայլերի իրականացումը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը Արցախում է, նախագահի թեկնածուի հարցն էլ դեռ հարցականի տակ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր է, ինչ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ Արցախում է։ Չնայած տեղեկություններին, որ Ազատիչն ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական վերնախավի հետ, իսկ Բակո Սահակյանն էլ երբեմն նրա զբոսանքների ուղեկիցն է, Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հետաքրքրություններ առայժմ չի ցուցաբերում․ «Պասիվ հանգստի մեջ է, իսկ Ձեր ասած՝ վերնախավի ներկայացուցիչների հետ միշտ է ընկերական հանդիպումներ ունեցել»։ Արցախի նախագահական ընտրություններում ունի՞ նախընտրած թեկնածու։ «Դեռ չի խոսում այդ մասին»։ Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախի ներկա եւ Հայաստանի նախկին իշխանությունները ցանկանում են Արշավիր Ղարամյանին տեսնել նախագահի պաշտոնում, բայց վերջինս կամուկացի մեջ է։ Ավելին՝ ոմանք սկսել են համոզել Բակո Սահակյանին, որ նորմալ թեկնածու չկա, ինքն առաջադրվի։ Բայց Բակո Սահակյանը մատնացույց է արել Սերժ Սարգսյանի օրինակը, ով իր չառաջադրվելու խոստումից հրաժարվեց եւ հրաժարական տվեց։ Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը 2 օրից կվերադառնա Հայաստան»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը։ Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը մասնակցել են ՀՀ բիզնես միջավայրի խոշոր ու ակտիվ ներկայացուցիչներ եւ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քննարկումն անցել է բավական գործնական մթնոլորտում, որի ժամանակ հիմնական թեման առնչվել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։ Երկու նախկին վարչապետները միմյանց նկատմամբ բավական ջերմ են եղել եւ քննարկվող թեզերի հետ եղել են համակարծիք, ինչը մեր զրուցակիցը գնահատեց որպես զարմանալի։ Ի դեպ, տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ մինչեւ 2020-ի սկիզբ այս երկու քաղաքական գործիչները ՀՀ քաղաքական դաշտում գուցե ավելացնեն իրենց ներկայացվածությունը, իսկ թե ինչ ձեւաչափով, դեռեւս մնում է անորոշ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում: Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց գործն ուղարկեց ՀՔԾ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով: Եվ ըստ դատախազության` գործը, քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, այսինքն` դարձյալ ելման կետ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` այս շրջապտույտի հիմնական պատճառը այն է, որ ՀՔԾ-ն, դատախազությունից ստանալով սույն քրգործը, հայտնել է, թե թույլ ապացույցներով գործ է, ու ամենեւին չեն պատրաստվում այն քննել»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում է անհասկանալի իրավիճակ տիրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները, քաղհասարակությունից որոշ ներկայացուցիչներ, գումարած ՀԱԿ-ն ամբողջությամբ, լծված են առաջ տանել այն «համոզմունքը», թե ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է, եւ այդ ամենի հանգուցալուծումը տեղի կունենա միայն Հրայր Թովմասյանի հրաժարականով։ «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստան է ժամանել անցումային արդարադատության փորձագետ Ռուբեն Կարանզան, որը Հայաստանի արդարադատության ոլորտի հետ կապված հատուկ զեկույց է պատրաստում, եւ չի բացառվում, որ առաջիկայում դրա մասին իշխանական խողովակներով փոքր «դոզաներով» տեղեկություններ նետվեն։ Այցի շրջանակում նա հանդիպել է ՍԴ դատավոր, ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան` ՍԴ որոշումից հետո, իմքայլական յուրայինների եւ իրավաբանների շտապ հավաք է տեղի ունեցել․ Մակունց, Սիմիդյան, Սուրեն Գրիգորյան, Արուսյակ Ջուլհակյան։ Քննարկել են ՍԴ որոշումը, որն անակնկալ է եղել նրանց համար։ «Իմ քայլում» պատրաստ են եղել նաեւ հարցի նման հանգուցալուծման, սակայն ո՛չ այս փուլում՝ մտածել են, որ նախագիծը վարույթ կընդունվի, իրենք ժամանակ կշահեն, կյանքի կկոչեն Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածությունները: Սակայն, մեր տեղեկություններով, ՍԴ անդամները որոշել են «այստեղ ու հիմա» սկզբունքով հարցը փակել «տեղում»: Իմքայլականները քննարկել են իրենց ապագա քայլերը՝ հիմքում ունենալով Նիկոլ Փաշինյանի` ֆրակցիայի հետ հանդիպմանը տրված խոստումը` միեւնույն է, Հրայր Թովմասյանը «գնալու» է: «Գնալու» 3 տարբերակ են քննարկել՝ օրենսդրական։ Այսինքն՝ նախաձեռնում են ՍԴ-ի փոխարեն այլ մարմին ստեղծելու օրենսդրական նախագիծ: Հաջորդն Արման Բաբաջանյանի նախագիծն է, որն առանձնապես հեռանկարային չէ։ Եվ երրորդը Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդման սցենարն է։ Դատախազությունը հրահանգել է ուսումնասիրել Թովմասյանի ունեցվածքի ծագումնաբանությունը։ Հաջորդիվ նոտարական գրասենյակների «գործն» է եւ ԱԺ աշխատակազմում չարաշահումների գործը։ «Այս սցենարն իմքայլականներն առավել հավանականն են համարում»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության եւ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել։ Իշխանությունը ոչ միայն ընթացք չտվեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հայտնի նամակին, այլեւ մի բան էլ սխալ հանեց նրան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումով փաստելով, որ «Վահեն սխալ էր, Հրայրը՝ ճիշտ», ու «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթը սոսկ բառախաղ էր։ Բանն այն է, որ այդ դիմումն ուղղված էր «ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելուն», այլ ոչ թե անդամի, ինչպես պնդում էր Վահե Գրիգորյանը՝ ասելով, որ ՍԴ-ում կա 2 դատավոր՝ ինքը եւ Արման Դիլանյանը, մյուսներն անդամ են, քանի որ ընտրվել են չփոփոխված Սահմանադրության նորմերով։ Ինչեւէ, հիմա Վահե Գրիգորյանն ամեն ինչ անում է իշխանություններին համոզելու համար, որ հարկավոր է անցնել Թովմասյանին չեզոքացնելու իր մատնանշած պլան Բ-ին եւ կյանքի կոչել իր նամակի երկրորդ կետը։ ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական իրավասու մարմիններին՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հարցով, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրություններ անցկացնի եւ նշանակի ՍԴ դատավորներին՝ ավարտելով ՍԴ դատարանակազմությունը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացման պատճառների մասին: Բացի ուսանողների դժգոհություններից ու Թոխյանի՝ դասերից պարբերական բացակայելու հանգամանքից, նոր ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը կարճ ժամանակում բազմաթիվ սխալներ ու Թոխյանի կողմից ցուցաբերված անգործությունն ապացուցող, ինչպես նաեւ վարկաբեկիչ փաստեր է հայտնաբերել, որոնք էլ իշխանությունները ներկայացրել են Ֆելիքս Թոխյանին՝ վերջինիս առաջ պայման դնելով՝ կա՛մ կողմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին, կա՛մ այդ տվյալները հասանելի կդարձնեն հանրությանն ու իրավապահներին: Ըստ մեր աղբյուրի, հենց այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ նախկին իշխանությունների հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Ֆելիքս Թոխյանը հոկտեմբերի 14-ին Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին միակ կողմ արտահայտված դատավորը դառնա: Լավատեղյակների պնդմամբ, Թոխյանը մինչ այս պահը առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ամեն առիթի դեպքում շեշտում է, որ Սարգսյանն է հոգացել երկու տարի առաջ իր տարած ծանր վիրահատության եւ հետագա բուժման ծախսերը: Ըստ մեր աղբյուրների, եթե չլիներ Ֆելիքս Թոխյանի դեմ ձեռք բերված կոմպրոմատային փաթեթը, նա, ինչպես ՍԴ մյուս դատավորները, դեմ կարտահայտվեր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործիքննությունը ՍԴ մերժումից հետո «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները քննարկում են, թե ինչ կարող են ձեռնարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած այս գործընթացը հաջողության հասցնելու համար: Ի թիվս այլ տարբերակների, որոնց մասով տարբեր քրգործեր են հարուցվել Հրայր Թովմասյանի շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ, որպես լուծում նեղ շրջանակներում քննարկվել է Սահմանադրական դատարանը ցրել-վերակազմավորելու միջոցով նոր Գերագույն մարմին ստեղծելու գաղափարը՝ բնականաբար, նոր կազմով: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյան հրաժարականի հարցը քննարկելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել էր. «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞չցրեցին»: Պատգամավորն ասել էր եւ կարդացել Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք ու հնարավորություն են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Եւ, ահա, իշխանությունները մտմտում են այդ ճանապարհով գնալու մասին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է Հ. Տիգրանյանի հետ` պարզելու` արդյոք իրենց խմբակցությունում քննարկվել է իր հնչեցրած տեսակետը առաջ տանելու հարցը, պատգամավորն ասել է, թե ՍԴ-ի հարցի վերաբերյալ խմբակցությունը դեռեւս որեւէ քննարկում չի ունեցել: Հավելենք, որ թեեւ դեռ պաշտոնապես չի հրապարակվել ՍԴ որոշումը՝ ինչ հիմնավորմամբ է բարձրագույն դատարանը մերժել ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի շարք ընթացակարգային խախտումներ են մատնանշվել, օրենքների մեջբերումներ արվել, որոնք ԱԺ-ի կողմից շրջանցվել են կամ խախտվել, եւ իրավաբանական վրիպակներ: Ահա այդ իրավական հիմնավորմամբ էլ ՍԴ-ն մերժել է ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաեւ Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը»,-այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ «այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս լուրը բավական մեծ իրարարնցում է առաջացրել Վանաձորում, մասնավորապես՝ տեղի ԼՀԿ-ականների շրջանում: «Լուսավոր Հայաստան»-ում հույս է արթնացել, թե Փաշինյանի հայտարարած «էֆեկտը» արդյունավետ կարող է լինել նաեւ իրենց համար: Հիշեցնենք, որ Վանաձորում առ այսօր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իրենց խմբակցության ղեկավարԷդմոն Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հրաժարվեց պատճառներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»: Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ: Ավելին՝ ԱԺ-ում բախում ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, երբ նախարար Արսեն Թորոսյանի նման դասեր էր տալիս ԱԺ-ին: Միրզոյանն էլ բարկացավ. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել...»: Եվ կարծիք կա, որ նախարար Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի իր հարաբերություններն Ազգային ժողովի հետ կարգավորի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հ. Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարությունը կասեցրել է Գեղարոտ գետի վրա կառուցված երեք փոքր ՀԷԿ-երի գործունեությունը՝ պատճառաբանելով, որ ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջուրը հետագայում դառնում է վնասակար գյուղատնտեսության համար՝ կարտոֆիլի բերքի ոչնչացման պատճառ դառնալով: ՀԷԿ-երի սեփականատերերի կողմից հրավիրված մասնագետները պնդում են, որ կարտոֆիլի ցանքատարածքները վարակված են սնկային հիվանդություններով, որը կարող էր Հայաստան գալ ներկրված սերմնացուի հետ: Նրանք հակված են մտածել, որ ՀԷԿ-երի գործունեության կասեցումը սեփականության վերաբաշխմանն ուղղված քայլ է, և նախարարության որոշումը վիճարկում են դատարանում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանի կողմնակիցների առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը ԱԺ խորհրդարանը կմերժի, եւ այն չի հասնի Սահմանադրական դատարան: Այսպիսով, այդ դիմումը մերժելու քաղաքական պատասխանատվությունը կնկնի խորհրդարանական կուսակցությունների վրա: Դիմումի տակ ստորագրել են 20 հազար արցախցիներ, որը ընդունելու դեպքում՝ Սամվել Բաբայանը հնարավորություն կունենա մասնակցելու ԱՀ խորհրդարանական ընտրություններին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների՝ Աշխաբադում տեղի ունեցած գագաթնաժողովի ժա­մանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևի հետ և նրան հրավիրել Հայաստան: Այնուհետ, հանդիպման առնչությամբ, նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ այդ հանդիպումը որակելով պատմական, աննախադեպ, ու շեշտելով, որ դեռ երբեք Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարները չեն հանդիպել: Լրատվական ծառայություններն էլ, առանց արխիվներն ուսումնասիրե­լու, հաղորդում էին՝ առաջին անգամ նման ֆորմատով հանդիպում է տե­ղի ունեցել Հայաստանի վարչապե­տի և Ուզբեկստանի նախագահի միջև: Իրականում, սակայն, նման հանդիպումներ՝ նման ֆորմատով, երկու երկրների ղեկավարների մի­ջև անցյալում էլ են եղել: Եղել են և Սերժ Սարգսյանի օրոք, և Ռոբերտ Քոչարյանի: Այլ է հարցը, որ չեն եղել փոխադարձ այցելություններ՝ ո’չ Հա­յաստանի ղեկավարն է այցելել երբևէ Ուզբեկստան, ո’չ էլ Ուզբեկստանի ղե­կավարը՝ Հայաստան: Եվ եթե Միրզիյոևն ընդունի Փաշինյանի հրավերը, դա իրոք կլինի պատմական ու աննախադեպ այց Հայաստան: 


Սակայն տարբեր ձևաչափերում երկրների ղեկավարների հանդի­պումներ, իհարկե, եղել են անցյա­լում: Ի վերջո, դաշնակից, բարեկամ պետությունների ղեկավարների մի­ջև ինչպես կարող էին հանդիպումներ չլինել տարածաշրջանային-ինտեգրացիոն տարբեր հարթակներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ: Ավելին՝ 2002 թվականին այն ժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է նույնիսկ այցե­լել Ուզբեկստան: Իսկ 2006 թվակա­նին Մինսկի մերձակայքում գտնվող Սիլիչ բնակավայրում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների մի պատմա­կան հանդիպում առանց փողկապնե­րի: Անգամ պատմական լուսանկար կա՝ պետությունների ղեկավարները բելառուսական ազգային ասեղնա­գործ բլուզներով քայլում են: Սերտ շփման համար Բատկան մտածել է նրանց ազգային տարազ հագցնել: Հանդիպմանը մասնակցել են Վլա­դիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Ռոբերտ Քոչարյանը, էմոմալի Ռախմոնը, Կուրմանբեկ Բակիևը և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Այնպես որ, սովորական հանդի­պումները սխալ է որակել որպես պատմական կամ բացառիկ»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. ««Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում (մինչև հոկտեմբերի 23-ը քննարկման է դրված: Դրանք կընդունվեն իհարկե միայն կառավարության հավանությանն արժանանալու և ԱԺ-ի հաստատելուց հետո): Նախարարությունը կարծում է, որ նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները՝ անկանխիկ եղանակով կատարելը: Այլ կերպ՝ կենսաթոշակները անկանխիկ կտրվեն, բայց որոշ բացառություններ կլինեն:


Օրինակ, եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, եթե լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կամ՝ եթե կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին: Ի դեպ, մենք առիթով, երբ խոսել էինք բնակչությանը առաջնային ծառայություն մատուցող կազմակերպությունների գործունեությունից, ասել էինք, որ թվայնացված դարում չթվայնացված մարդկանց անտեսել պետք չէ: Խոսքը այն հատվածի մասին է, որ խոցելի է բավականին: Կարիք կա՞ արդյոք թոշակ ստանալը միայն անկանխիկ եղանակով «մատուցել»: Այո, բացառություններ նշվում են, բայց չէ՞ որ մեդալի մյուս կողմն էլ կա. ասենք թոշակառուն բացառության շարքում չէ՝ հաշմանդամ չէ, 75-ը չի բոլորել, 70 է, բանկոմատներից ու բանկերից հեռու, միայնակ է, հարազատներ չունի, նոր ոչ մի բան էլ սովորել չի կարողանում, ինչպես է կենսաթոշակը ստանալու: Այո, կա հիմնավորում. բյուջեն գումար է խնայում անկանխիկ եղանակի անցնելիս, բայց չէ՞ որ օրենք գրելիս կամ փոփոխություն առաջարկելիս պետք է մտածենք նաև այս խմբի մասին: Այնպես չլինի, որ կենսաթոշակ տալիս քայքայված նյարդերի մի խումբ էլ հետը տանք»: